Դեսպաններին ներկայացվել են Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու՝ Ադրբեջանի քայլերը
Մարտի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ–ից։
Հանդիպումների ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Արցախի բնակչության նկատմամբ այլ հոգեբանական ճնշումների գործադրումը։
Հումանիտար ճգնաժամի կանխման համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության համաչափ և հստակ արձագանքի կարևորությունը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ վնասվել է Հայաստանից Արցախ գնացող գազատարը, ինչի հետևանքով ողջ Արցախը զրկվել է գազամատակարարումից։ Վնասված հատվածը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և Ադրբեջանը թույլ չի տալիս նորոգել այն։ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակից այսօր պատասխանել էին, թե կան նախադրյալներ, որ առաջիկա օրերին գազամատակարարման հարցը դրական լուծում կստանա։