ԿՐԿԻՆ «ՀԱՂԹՈ՞ՒՄ ԵՆՔ»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ մեծ քանակությամբ պարենային ապրանքների անվերահսկելի գնումից, հայտնում է ԱՌԿԱ-ն:

«Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ»,- գրել է Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. չնայած «հեղինակավոր» Ֆեյսբուքի միջոցով արված այս «ծանրակշիռ» հայտարարությանը, նախարարի կոչերին հայրենակիցները մի տեսակ չեն անսում։ Արդեն երկու շաբաթ շարունակ խանութների վաճառասեղաններից սրբում-տանում են ալյուրը, շաքարը, արևածաղկի ձեթը, որոնց գները չեն դադարում աճել: Իհարկե, բազմաթիվ առումներով իրավիճակը հասարակության խուճապային տրամադրությունների հետևանք է, որոնք էլ հարուցել են իրարանցումային պահանջարկը։ Սակայն երբ Քերոբյանը, ինչպեսև իշխանական թիմի մյուս ներկայացուցիչները կոչ են անում բնակչությանը խուճապի չմատնվել, դա արդեն ինքնաբերաբար վերածվում է խուճապի առիթի։ Այս իշխանության համբավն է այդպիսին. թունավոր։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ սննդամթերքի սպասվող ճգնաժամի հետ կապված մարտահրավերները լոկ խորանում են։

Ինչպե՞ս այստեղ չհիշես «լեգենդար» Արծրուն Հովհաննիսյանին, որը 43 օր շարունակ բարբառում էր ռազմաճակատում հայ մարտիկների հաջողությունների մասին, երկաթբետոնե համոզչությամբ պնդում՝ «հաղթո՛ւմ ենք»։ Ինչպե՞ս չհիշես պատերազմից հետո նրա խոստովանությունները, թե իբր՝ հաղթանակի մասին սուտը պայմանավորված էր բնակչության շրջանում խուճապ չառաջացնելու ձգտումով։ Այո, խուճապային տրամադրություններն ինչ-որ չափով զսպել այն ժամանակ՝ պատերազմի ընթացքում, հաջողվում էր ստախոսությամբ, սակայն ճշմարտության պատճառած հետպատերազմյան շոկը մարդկանց համար գրեթե ջախջախիչ հոգեբանական հարված դարձավ։

Հիմա նույն իշխանության ներկայացուցիչը համոզում է բնակչությանը, թե պարենային ճակատում ամեն ինչ վերահսկվում է, թե «հաղթում ենք»։ Եվ այստեղ անմիջապես հարց է ծագում. չի՞ ստում արդյոք Քերոբյանը՝ հետապնդելով բնակչության շրջանում խուճապը զսպելու միակ նպատակ։ Սա նույնիսկ հարց չէ, սա հիմնավորված կասկած է։ Ահա և ձգտում են մարդիկ ապահովագրվել հերթական շոկից՝ վաղօրոք պատրաստվելով վատթարագույնին։

Իսկապես, առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում ներկայիս սպառողական իրարանցումը իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հասարակության բացարձակ և հիմնավորված անվստահության անմիջական հետևանքն է: Իսկապես, սուտն ու կեղծարարությունը մարմնավորող ներկայիս պաշտոնյաների շուրթերից հնչող հանդարտության կոչերը լոկ բորբոքում են խուճապային տրամադրությունները։

Կան, իհարկե, մտահոգության նաև օբյեկտիվ պատճառներ։ Մի կողմից, աշխարհում արդեն քչերն են կասկածում, որ համաշխարհային պարենային ճգնաժամից խուսափել չի ստացվի։ Օրինակ, Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Միրիամ Գարսիա Ֆերերը օրերս հայտարարեց. «Մեզ նոր մարտահրավեր է սպասվում ագրոարդյունաբերության մասնահատվածում։ Մենք հետևում ենք իրավիճակին և մեր գյուղարտադրողներին ու աշխարհում պարենային անվտանգությանը սպառնացող հետևանքներին՝ կապված այն հանգամանքի հետ, որ Ուկրաինան և Ռուսաստանը մեծ քանակությամբ արտահանվող սննդամթերքի խոշոր մատակարարներ են։ Այս փուլում ԵՄ-ում պարենային անվտանգությանը սպառնացող վտանգ չկա, քանի որ մենք հացահատիկի խոշոր արտադրող ենք։ Բայց հետևանքներ կլինեն գների վրա՝ խաթարված առևտրափոխանակումների պատճառով»։ Ըստ էության, նույնիսկ ԵՄ ներկայացուցիչների լեզուն չի պտտվում պնդելու, թե ամեն ինչ վերահսկվում է։ Իսկ այ Քերոբյանինը պտտվում է։

Մյուս կողմից, երկրի ղեկին դիլետանտների այս թիմի իշխանավարման տարիների ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքներով ինքնապահովման, համապատասխանաբար՝ պարենային անվտանգության մակարդակը զգալիորեն նվազել է:

Այսպիսով, թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում մեր պարենային խնդիրները գրեթե անխուսափելի են։ Եվ, վերջապես, ամենագլխավորը. այսօր համաշխարհային, այդ թվում՝ պարենային ճգնաժամի նախաշեմին, հայկական պետությունն առաջվա պես կառավարում է այն անձանց խումբը, որոնք լիովին տապալել են պայքարը բոլոր մարտահրավերների դեմ։ Այդ թիմը տապալել է պայքարն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, պարտություն է կրել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Եվ ահա ներկայումս Հայաստանը, նույն անձանց ղեկավարությամբ, մտնում է վիթխարի գլոբալ ցնցումների փուլ, իսկ կառավարությունից լսում ենք, թե ամեն ինչ վերահսկողության տակ է։ Ինչ է, կրկին «հաղթո՞ւմ ենք»: