Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ՌԴ-Ի ՀԵՏ ՀՀ-Ի ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Միջազգային մամուլից, խոշոր վերլուծական կենտրոններից և օրեցօր տեղի ունեցող դանդաղ, բայց հստակ աշխարհաքաղաքական փոփոխություններից դատելով՝ կարող ենք վստահորեն ասել, որ մի քանի ամսից մենք ապրելու ենք նոր աշխարհակարգի պայմաններում։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, «Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը. մեր տեղը նոր աշխարհակարգում» համաժողովին ասաց ՀՀԿ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Ավարտվում է եվրոպական անվտանգության ճարտարապետության դարաշրջանը, որը սկսվել էր 1974 թ. և ամրագրվել Հելսինկյան եզրափակիչ ակտով, քանի որ Արևմուտքը, ՆԱՏՕ-ի ընդլայնման միջոցով, սկսել է կոպտորեն ոտնահարել Ռուսաստանի Դաշնության ռազմավարական և կենսական շահերը։ Դա ակնհայտ էր 2014-ին: Մի քանի անգամ քաղաքական սրացումներ եղան։ Ռուսաստանի Դաշնությունը, հաշվի առնելով Ուկրաինայի հետ բազմաթիվ փոխկապակցված հարաբերությունները, քաղաքական, դիվանագիտական միջոցներով փորձեց զերծ մնալ ռազմական բախումներից, բայց, ինչպես ասում են, այնտեղ, որտեղ ավարտվում է (իսկ Արևմուտքն այնպես արեց, ոքաղաքականությունն անպայման ավարտվի) քաղաքականությունը, սկսվում են ռազմական գործողությունները, և ռազմական գործողությունները սկսվեցին»,- ասաց նա։
Քաղաքական գործիչը վստահություն հայտնեց, որ որոշ ժամանակ անց՝ կանխատեսելի ռազմական գործողությունների ավարտից հետո, կսկսվի ամենաբարդ քաղաքական կարգավորումների և ամենաբարդ տնտեսական հարաբերությունների ու միջազգային վերակառուցման դարաշրջանը։
«Ես ավելի քան վստահ եմ, որ ՆԱՏՕ-ի ներսում 30 երկրներից մի քանիսը` Ռուսաստանին հարևան երկրներից, Արևելյան Եվրոպայի երկրները, Բալթյան երկրները, ՆԱՏՕ-ի հետ կշփվեն միայն քաղաքական հարցերով և կանցնեն ռազմական համագործակցության չեզոքության, այսինքն՝ դա շատ մեծ դաս կլինի շատ ու շատ հարաբերությունների մասով»,- ասաց նա: