ՀԿԵ-Ն ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԿՈՒՂՂԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2,6 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2022 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2 մլրդ 665 մլն դրամ կուղղի ենթակառուցվածքի զարգացման և տնտեսության պահպանման ծրագրերին, ինչը դրական կանդրադառնա երկաթուղու անվտանգության մակարդակի վրա: Այս մասին նշվել է ՀԿԵ Տեխնիկական-տեխնոլոգիական խորհրդի նիստի ընթացքում, որը նվիրված էր 2021 թվականի ենթակառուցվածքի զարգացման ծրագրի և ընթացիկ ծրագրերի իրականացմանը:

Մասնավորապես, 2,4 մլրդ դրամ կներդրվի գծային տնտեսության ոլորտում, մոտ 200 մլն դրամ ՝ էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման ոլորտում։ 60 մլն դրամ կուղղվի ավտոմատացման, տելեմեխանիկայի և կապի տնտեսությանը։

 2022 թվականին նախատեսվում է գծի կապիտալ վերանորոգում՝ ընդհանուր 8 կմ ծավալով: Ողջ գծի երկարությամբ նախատեսվում է փոխարինել 17,5 հազար երկաթբետոնյա կոճ և 5 հազար փայտե կոճ: Երկաթուղու անվտանգության բարձրացման նպատակով ընթացիկ տարում նախատեսվում է նաև շարունակել չարտոնված անցումների վերացման քաղաքականությունը, որին ընկերությունն ակտիվորեն ձեռնամուխ է եղել 2021 թվականին:

Ինչպես նիստի ընթացքում նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, երկաթուղային տնտեսության արդիականացումն ու զարգացումը հանդիսանում է ընկերության գործունեության առանցքային ուղղություններից մեկը, քանի որ դրանով բարձրանում է երկաթուղու անվտանգության մակարդակը: «Չնայած գծի վիճակի բալային գնահատման բարձրացմանը, որը մենք արձանագրում ենք ամեն տարի, ընթացիկ տարվա պլանները պետք է կատարվեն ամբողջությամբ և ժամանակին։ Խոսքը գնացքների երթևեկության անվտանգության մասին է, և, համապատասխանաբար, ընկերության գործընկերների և քաղաքացիների վստահության մասին», - նշել է Ա.Մելնիկովը։

Основная тема:
Теги: