ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՋԱՅԼԱՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Իշխանությունների անփութությունը հերթական անգամ կարող է թանկ նստել երկրի վրա
Ինչպեսև ցանկացած ինտեգրացիոն միությունում, ԵԱՏՄ-ում գոյություն ունի պայմանագրի կետ այն մասին, որ անդամ երկրներից մեկի տնտեսությանը սպառնացող իրավիճակների առկայության դեպքում այդ երկիրն իրավունք ունի կիրառել ներմուծման-արտահանման ժամանակավոր սահմանափակումներ, որպեսզի պաշտպանի իր տնտեսությունը:
Հենց այդ կետից էլ օգտվեց Ռուսաստանը ներկայումս՝ իր տնտեսական անվտանգությունը պաշտպանելու համար։ Դրանից կարող են տուժել ԵԱՏՄ մյուս պետությունները, որոնք մինչ այդ Ռուսաստանից անարգել ստանում էին ներկրվող բոլոր այն ապրանքները, որոնց ներկրումը ռուսաստանյան տարածք այժմ արգելված կամ սահմանափակված է։ Այս պայմաններում Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը պատրաստվում են փրկել Ռուսաստանից մեծապես կախված իրենց տնտեսությունները, միաժամանակ փորձելով չընկնել պատժամիջոցների անմիջական հարվածի տակ…
Հայաստանը չի կարող կուրորեն հետևել Ռուսաստանի աշխարհաքաղաքական նկրտումներին, և միջազգային կազմակերպություններում այդ հարցի վերաբերյալ տարբեր քվեարկությունների ժամանակ նպատակահարմար է հրապարակավ չեզոքություն պահպանել։ Իրավիճակը կարող է թեժանալ և նույնիսկ անելանելի դառնալ մեզ համար, եթե հավաքական Արևմուտքը շեշտակի ընտրության առաջ դնի ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրներին։
Իսկ առայժմ Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է փոքր-ինչ շեղվել ծխամոլության և աղակերության ոլորտում իր «ռազմավարական» բարեփոխումներից, ինչպես նաև դադարել շեղել բնակչության ուշադրությունը թեկուզ երիցս վարչապետի հովանու ներքո անցկացվող աննշանակալի մարզական մրցաշարերի կազմակերպման վրա։ Հաշվի առնելով երկրին սպառնացող լուրջ մարտահրավերները, որոնք հետ չես մղի թենիսի ռակետով…
Այսպես, Հայաստանում բազմաթիվ բիզնեսների գրեթե ողջ գործունեությունը շուտով կարող է կանգ առնել այն պատճառով, որ լոգիստիկ առումով մեր երկիրը մեծապես կախված է Ռուսաստանից։ Ապրանքների գերակշիռ մասը, որոնք ներկրվել են Հայաստան, անգամ եթե դրանք բերվել են ոչ Ռուսաստանից, այսպես թե այնպես անցել են ռուսական տարածքով, ռուսական նավահանգիստներով, իսկ այժմ լոգիստիկ ընկերությունները հրաժարվել են, համենայնդեպս՝ որոշ ժամանակով, ՌԴ տարածքում գործունեություն ծավալելուց։ Վերին Լարսում եղանակային քրոնիկ գործոնների հետ մեկտեղ, որտեղ այսօր տեղում կանգնած են հարյուրավոր մեծ բեռնատարներ, դա կարող է աղետալի հարված դառնալ հայկական տնտեսությանը։
Երկրորդ. ռուսական տնտեսությունից հայկական տնտեսության սաստիկ կախվածության պատճառով մեր ազգային արժույթը չի կարող չհամահարաբերակցվել ռուսական ռուբլու հետ։ Այդ փոխկապակցվածության ակնհայտ վկայությունն էր ամերիկյան արժույթի նկատմամբ հայկական դրամի վերջին արժեզրկումը՝ ռուբլու արժեզրկումից անմիջապես հետո։ Ճիշտ է, Հայաստանի Կենտրոնական բանկին օրերս հաջողվեց դրամավարկային քաղաքականության խստացման ճանապարհով, ինչպես նաև, ինչը բացառված չէ, շուկայում արժութային լայնածավալ ինտերվենցիաներվ գրեթե վերադարձնել դրամը ելակետային դիրքեր, սակայն եթե Ուկրաինայի շուրջ իրավիճակը շարունակի թեժանալ, դրամի հետագա կայունությունը ոչ ոք չի կարող երաշխավորել:
Ռուսաստանի բանկի գործողություններից հետո Ղազախստանի և Ղրղզստանի ազգային բանկերը նույնպես արգելել են ամերիկյան դոլարների դուրսբերումը երկրից, եթե գումարը գերազանցում է 10 հազարը: Հայաստանում առայժմ ձեռնպահ են մնում նման քայլից, շարունակելով, պատկերավոր ասած, «թենիս խաղալ»։ Բայց նման վիճակը չի կարող երկար շարունակվել։ Բացառված չէ, որ հաշվի առնելով ամուր արժույթի աճող պահանջարկը, այդ թվում՝ Ռուսաստանից եկածների կողմից, կապիտալի արտահանման և սպեկուլյացիաների կանխմանն ուղղված ինչ-որ արժութային սահմանափակումներ հարկ կլինի մտցնել նաև մեր երկրում: Այլապես մենք կարող ենք բախվել արժույթի պակասուրդի և հասարակության մեջ խուճապի առաջացման։
Հայաստանի առջեվ ծառացած լուրջ մարտահրավերների խորապատկերին մի փոքրիկ առավելություն է թվում տեղակայման վայրը փոխել ցանկացող բիզնեսներին և «ներգաղթյալ» մասնագետներին ապաստան տալու հնարավորությունը։ Բայց այդ առումով մեր երկիրը մրցելու է ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ։ Բացի այդ, դրա համար ժամանակ կպահանջվի և, իհարկե, նորից կուժգնանա գնաճը։
Եվ վերջապես, կարող է սրվել հայերի արտագնա աշխատանքի խնդիրը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք վարձատրվում են ռուբլիով, Ռուսաստանում աշխատելն այնքան էլ շահավետ չի լինի։ Կարևոր է հասկանալ, որ այստեղ մենք կարող ենք տեսնել ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հետևանքներ։ Արտագնա աշխատանքի մեկնում են հիմնականում աշխատունակ տարիքի տղամարդիկ, նրանցից շատերն ընտանիք ունեն, որին պետք է կերակրել։ Սոցիալական կայունության համար շատ կարևոր է, որ երիտասարդ տղամարդիկ աշխատանք ունենան: Երբ նրանք դառնում են գործազուրկ, դա սաստիկ բարձրացնում է սոցիալական անկայունության մակարդակը։ Ուստի չի կարելի բացառել հնարավոր զանգվածային անկարգությունները Հայաստանում, եթե նրանք վերադառնան և չկարողանան եկամտի աղբյուր գտնել իրենց հայրենիքում։ Սա խնդիր է, որին, ամենայն հավանականությամբ, մենք ականատես կլինենք արդեն առաջիկա ամիսներին:
Մինչդեռ Փաշինյանի կառավարությունն այսօր իրեն պահում է գլուխն ավազի մեջ թաղած ջայլամի պես։ Ժամանակ առ ժամանակ կայացվում են ինչ-որ որոշումներ, որոնք հեռավոր կապ անգամ չունեն տեղի ունեցող ամենի հետ։ Իշխանությունների այդպիսի անհոգությունն ու անփութությունը կարող է հերթական անգամ թանկ նստել հանրապետության վրա, որտեղ բնակչության ֆիզիկական առողջության խնդիրները որոշակի ժամանակից ի վեր գերադասվում են մարդկանց տարրական ֆիզիկական անվտանգության ապահովումից։