Շարմազանով․ Ընդդիմադիր գործընկերներ՝ վերմակը ձեր վրա մի քաշեք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այո, նախկիններն էլ են ընդունել տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց նախկինները դրանից առաջ հայտարարել են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և նախկինների համար թիվ մեկ խնդիրը եղել է ինքնորոշման իրավունքի իրացումը: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նախկին իշխանությունները նույնպես ընդունել են տարածքային ամբողջականության սկզբունքը:

 


«Երբ եք լսել այս իշխանությունների կողմից պատերազմից հետո, որ ասեն՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, և Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Կամ ո՞նց կարելի է ասել՝ մենք Ադրբեջանի 5 կետերին համաձայն ենք»,-ասաց նա:

Շարմազանովը կարծիք հայտնեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Փաշինյանը պետք է օրուգիշեր աշխատեր Ռուսաստանի հետ. «Ոչ թե գնար ՌԴ-ին սուտի «սպասիբո»-ներ շռայլեր, այլ ասեր՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, էս կետը որ դու ստորագրել ես, Ալիևը չի անում, մեր բոլոր կառույցները գիշեր-ցերեկ դրանով պետք է զբաղված լինեին»:

Հարցին, թե ինչու ռուս խաղաղապահներին չի հաջողվում ադրբեջանցիների սադրանքները զսպել, Շարմազանովը պատասխանեց. «Ես ռուս խաղաղապահների փոխարեն չեմ կարող, բայց ինձ հայտնի չէ աշխարհում որևէ խաղաղապահի կոնտինգենտ, որը 100 տոկոսով կարողանում է իր վրա դրված պարտականությունները կատարել: Ինձ համար անհասկանալի և անըդունելի է անել հայտարարություններ, որ Արցախի ու Հայաստանի անվտանգությանը կսպառնա»:

ՀՀԿ խոսնակի կարծիքով, այս իրավիճակից ելքը իշխանափոխությունն է, բայց ինքը չգիտի՝ ինչպես հասնել դրան:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդդիմության կոնսոլիդացիա և փողոցային պայքար լինելու է, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ ընդդիմությունը բավականին բազմաշերտ է: Իմ կոչը իմ ընդիմադիր գործընկերներին հետևյալն է՝ պահեք ձեզ ՀՀԿ-ի նման: Այսինքն՝ վերմակը ձեր վրա մի քաշեք, բոլորիս է վերաբերվում, և համախմբվեք գաղափարի շուրջ: Որովհետև եթե ամեն մեկս մեզ Բոնապարտի տեղ ենք դնում, մարդիկ կարող են ասել, որ սա ոչ թե հայրենիքի փրկության խնդիր է, այլ իշխանության կռիվ է: Դրա համար մենք ասել ենք, որ իշխանության ռևանշ չենք ուզում, մենք քաղաքականությունից էսպես կուշտ ենք, մեր խնդիրը մեր 30-ամյա երազանքը, նպատակը անվերապահ չկործանելն է»:

News.am