ԹՈՂ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՅՑԵԼԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՎ ՏԱ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
«Հայաստանի իշխանությունների անգործությունը ոգևորում է ադրբեջանցի ահաբեկիչներին և զավթիչներին հակաիրավական նոր գործողությունների»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում արձանագրում է քաղաքագետ Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
-Մարտի 23-ին ուժի մեջ է մտել Էրդողանի և Ալիևի ստորագրած հակահայկական «Շուշիի հռչակագիրը»։ Դրա հետ մեկտեղ, Արցախը կրկին զրկված է գազից, Ադրբեջանը դարձյալ գնդակոծում է Արցախի գյուղերն ու առաջ բերում իր դիրքերը շփման գծում։ Ինչի՞ է ուզում հասնել։ Ինչո՞վ բացատրել հայկական իշխանությունների համառ լռությունը, և ինչպե՞ս դիմակայել վատթարագույն սցենարներին։
-2020թ. արցախյան պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի նեոնացիստական իշխանությունների գլխավոր նպատակ դարձավ կյանքի անբարենպաստ պայմանների ստեղծումն Արցախում, ինչը կստիպի տեղի բնիկ հայ բնակչությանը լքել հայրենի օջախները: Հենց այս համատեքստում է անհրաժեշտ դիտարկել Արցախը մատակարարող գազատարի նպատակաուղղված պայթեցումը ադրբեջանցիների կողմից, ինչպես նաև մշտական գնդակոծությունները Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մարտական դիրքերի և շփման գծի մերձակա բնակավայրերում ապրող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հայաստանի իշխանությունների փաստացի անգործությունը ոգևորում է ադրբեջանցի ահաբեկիչներին և զավթիչներին տարածաշրջանային անվտանգության խաթարմանն ուղղված հակաիրավական նոր գործողությունների: Վատթարագույն սցենարներին դիմակայելու համար Հայաստանի իշխանությունները պետք է մի կողմ դնեն անձնական հավակնությունները, այդ թվում՝ ներքաղաքական համատեքստում քաղաքական ընդդիմախոսների վարկաբեկման և հետապնդման հարցում, և զբաղվեն հրատապ օրակարգերով, մասնավորապես՝ Արցախի հարցով։
-Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ պատասխանել է խաղաղ պայմանագրի ստորագրման համատեքստում Ադրբեջանի առաջարկած 5 կետերին։ Սակայն հասարակայնությունը տեղյակ չէ, թե հատկապես ինչ է պատասխանել ԱԳՆ-ը, և մտահոգիչ են փաշինյանական իշխանության ներկայացուցիչների բերանից թռած արտահայտությունները, որոնք հայտարարում են, թե Ադրբեջանի առաջարկած կետերում անընդունելի ոչինչ չկա, իսկ Արցախի կարգավիճակի հարցը ենթակա է քննարկման։ Հետո հրաժարվում են սեփական խոսքերից՝ հայտարարելով, թե իրենց սխալ են հասկացել։ Ի՞նչ է կատարվում, ինչ եք կարծում։ Դեպի ո՞ւր են տանում։
-Պատերազմի ավարտից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պատերազմից առաջ հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», ոչ մի անգամ չի բարեհաճել այցելել Արցախ։ Ուրեմն ի՞նչն է այդպես կաշկանդում Փաշինյանին։ Հայաստանի գործող ռեժիմի ներկայացուցիչներին՝ իրենց «անփոփոխ առաջնորդի» հետ միասին, անհրաժեշտ է այցելել Ստեփանակերտ, որտեղ նրանք կկարողանան հստակ պատասխաններ տալ Արցախի ներկայի և ապագայի վերաբերյալ հրատապ հարցերին, ներկայացնել իրենց տեսլականը «խաղաղության պայմանագրի» ստորագրման համատեքստում, ինչպես նաև ծանոթանալ Արցախի հայ հասարակայնության կարծիքին, որի թիկունքում անդրկուլիսյան բանակցություններ են ընթանում թշնամական կողմի հետ: Եթե Նիկոլ Փաշինյանը վախենում է այցելել Արցախ՝ անձնական անվտանգության նկատառումներով, ապա գուցե պետք չէ՞, որ զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը։
-Ուշադրություն դարձրե՞լ եք Հայաստանում ռուսատյաց տրամադրությունների սաստիկ բռնկմանը՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Ընդ որում Ուկրաինայում ընթացող պատերազմի տեղեկատվական բաղադրիչը նույնքան հակասական է, որքան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Չեմ խոսում արդեն Արևմուտքի երկակի չափանիշների մասին։ Մեկնաբանեք դա, խնդրում եմ, և ինչպիսի՞ն պետք է լինի այսօր, ձեր կարծիքով, Հայաստանի հստակ նախանշված դիրքորոշումը։
-Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունները պետք է չեզոք դիրք ցուցաբերեն։ Ընդ որում, եթե շոշափվի Ռուսաստանի տարածքային ամբողջականության հարցը, ապա հայկական իշխանությունները պարտավոր կլինեն կատարել ՀԱՊԿ կանոնադրության և ՌԴ-ի հետ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Իհարկե՝ Մոսկվայի կողմից պաշտոնական հարցման դեպքում։ Մեր հայրենակիցների մոտ կարող է միանգամայն արդարացի հարց առաջանալ, թե ինչո՞ւ ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում Ռուսաստանը, Հայաստանին օգնություն չեն ցուցաբերում ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանցի ահաբեկիչներին ու զավթիչներին վռնդելու հարցում։ Իրականում պատասխանը պարզ է. որովհետև Հայաստանի իշխանությունները օգնության համար չեն դիմել ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ ՌԴ-ին։ Դրա ապացույցն են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունները, որոնցում նրանք նշել են, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանի կառավարությունը կդիմի ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով, այսինքն՝ ռազմատեխնիկական օգնություն ստանալու համար։ 2021 թվականի մայիսի 12-ից թշնամական ուժերն ապօրինի գտնվում են Հայաստանի տարածքում, իսկ Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչները օգնության համար դիմելու անհրաժեշտություն դեռևս չեն տեսնում։ Զգացողություն է առաջանում, որ Հայաստանի իշխող ռեժիմի ներկայացուցիչները միտումնավոր չեն դիմում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի օգնությանը, որպեսզի իրենց ենթակա ընդդիմության և արևմտյան գրանտներով սնվող հասարակական-քաղաքական գործիչների միջոցով ահագնացնեն ռուսատյաց տրամադրությունները Հայաստանում։
-Ըստ ձեզ, ինչպե՞ս կզարգանա աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում և Հարավային Կովկասի տարածաշրջանում: Փորձագետները խոսում են նոր աշխարհակարգի մասին։ Ինչպիսի՞ն է մեր տեղը փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության մեջ։
-Աշխարհակարգի վերափոխումը մոտենում է իր գագաթնակետին, և այստեղ շատ բան կախված կլինի ոչ թե քաղաքականությունից ու պատերազմներից, այլ տնտեսությունից: Ռուսաստանի, Չինաստանի դիմակայությունը ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային՝ հակամարտող կողմերի դաշնակիցների և արբանյակների մասնակցությամբ, թափ է հավաքում ընթացիկ միջազգային օրակարգի խորապատկերին։ Այդ դիմակայության մեջ կորուստներ են կրելու բոլոր կողմերը, իսկ հաղթող դուրս կգան նրանք, ում կուտակած ռեսուրսները թույլ կտան հաղթահարել վերահաս ճգնաժամային շրջանը։ Սրընթաց փոփոխվող աշխարհում Հայաստանը պետք է ճիշտ ընտրություն կատարի և չկրկնի XX դարասկզբի սխալները, որոնք հանգեցրին հայկական պետության զգալի մասի կորստին։