Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼՌԻ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի ամենաձախողակ նախկին նախարարը՝ Զոհրաբ Մնացականյանը, Twitter-ում գրել է «Պետք էր կույր լինել՝ չտեսնելու համար այն ռիսկը, որ Ադրբեջանը կօգտվի Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և Արցախում նոր սպանություններ ու տառապանքներ կիրականացնի»։
Երբեմն անգամ ճշմարիտ խոսքը դառնում է անարժեք, եթե դա արտաբերում են իրենց պատասխանատվության ոլորտները կործանած մարդիկ, որոնցից է Զ. Մնացականյանը: Հետաքրքիր է՝ իսկ իր նման երկար տարիների ստաժ ունեցող դիվանագետը.
- արդյո՞ք կույր չպետք է լիներ, որ չտեսներ, թե ինչպես են 2018 թվականից հետևողականորեն կործանվում Հայաստանի դիվանագիտական դիրքերն այն քաղաքական թիմի կողմից, որի անդամ էր նա,
- արդյո՞ք կույր չպետք է լիներ, որ դառնար այդքան քաղաքականացված դիվանագետ և կորցնելով պրոֆեսիոնալ անկողմնակալությունը՝ ինքնահռչակվեր քաղաքական թիմի անդամ,
- արդյո՞ք կույր չպետք է լիներ, որ BBC-ին նման խայտառակ հարցազրույց տար:
Այս շարքը կարող եմ շարունակել, սակայն պետք է հստակ փաստել, որ 2018-ից սկսված ընդհանուր պետականակործան գործընթացում Զ. Մնացականյանը հայկական դիվանագիտության կործանման գլխավոր խորհրդանիշներից է, ով՝ որպես դիվանագետ, ոչ միայն չի կասեցրել քաղաքական իշխանությունների կործանարար քայլերն այդ ոլորտում, այլև արդարացրել է դրանք ու մնալով նախարարի պաշտոնում մինչև վերջնական պարտություն՝ մասնակից դարձել այդ ամենին: Այնպես որ, ձախողակ նախկին նախարարը ճիշտ կանի հրապարակային ելույթներն ու գրառումները սկսի իր՝ որպես դիվանագետի, կործանարար և կոպտագույն սխալների ու տապալումների թվարկմամբ հենց այդ ձևակերպման ներքո՝ «կույր եմ եղել, որ չեմ տեսել…»:
Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ, ֆեյսբուքյան էջ