Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ԳԼՈՒԽՆԵՐԴ ՊԱՏԻՆ ԵՔ ՏՎԵԼ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ ՈՒ ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախում, կարելի է ասել, ճգնաժամը հաղթահարված է. Փարուխ գյուղում չկան ադրբեջանցիներ. նրանք գտնվում են Քարագլխի մի հատվածում և շրջափակման մեջ են, ուստի հիմա Ադրբեջանը պետք է մտածի, թե ինչպես իր զորքը դուրս բերի մեր տարածքից։
Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ այս օրերին կատարվածը ևս մեկ անգամ փաստում է՝ Արցախի հարցը լուծված չէ, իսկ լուծումը լինելու է հայանպաստ, որքան էլ Ադրբեջանը, որը Ռուսաստանի հետ հարաբերություններում հատել է բոլոր կարմիր գծերը, փորձի այլ բան հայտարարել։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման պնդում արեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ հավելելով.
«Այս նոր ձեվավորվող աշխարհակարգում Արցախը Ռուսաստանի հետ սինխրոն աշխատելուց զատ՝ այլ բան չի կարող անել, քանի որ ՌԴ խաղաղապահներն են ապահովում Արցախի ժողովրդի անվտանգությունը, ինչը ենթադրում է, որ Արցախն ուղիղ կապով պարտավոր է աշխատել ՌԴ իշխանությունների հետ՝ ընդհանուր օրակարգերի շուրջ»։
Ըստ Ղազինյանի՝ անընդհատ լկտիաբար սադրանքների դիմելով Արցախում՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Արցախը գնա միջազգային ճանաչման։
«Դա կլինի առաջինը՝ Հայաստանի, ապա՝ Ռուսաստանի կողմից, իսկ եթե Արցախը ճանաչվեց ԼՂԻՄ-ի տարածքում, ապա չի բացառվում, որ լինի նաև հատուկ ռազմական օպերացիա, որը կվերականգնի Արցախի տարածքային ամբողջականությունը՝ ճանաչված վիճակով։ Կա մի հանգամանք՝ չեմ կարծում, որ դա կլինի ՀՀ այս իշխանութան կողմից»,- ասաց Ղազինյանը։
Պատգամավորի փոխանցմամբ՝ քանի դեռ Արցախում կան ռուս խաղաղապահներ, արցախցիների անվտանգութունն ապահովված է, պարզապես հիմա գնում է ռուս խաղաղապահների հեղինակությունը վարկաբերելու գործընթաց և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանի ներսում։
Պատգամավորը նշեց՝ գործընթաց է գնում, որովհետև մի կողմում ադրբեջանցիները հասկացել են, որ չի կարող ոչ առաջ գնալ, ոչ էլ՝ ետ, ինչը գալիս է ապացուցելու, որ Ալիևը պնդումը, թե Արցախի հարցը լուծված է, կեղծիք է, ուստի ինքը խաբել է իր ժողովրդին։
Ինչ վերաբերում է Հայաստանի ներսում գեներացվող հակառուսական տրամադրություններին, ապա Ղազինյանը դա պայմանավորեց և քաղաքական լակոտությամբ, և այլ երկրներին ծառայելու ոմանց պատրաստակամությամբ։
«Քաղաքականության մեջ լակոտությունը դարձել է նորմալ։ Ի՞նչ է նշանակում՝ խաղաղապահները պետք է դուրս գան, իսկ եթե դուրս գան, դու ես պատասխան տալու 120 հազար մարդու կյանքի անվտանգության համար, թե՞ պատասխան ես տալու Արցախում էթնոցիդի համար։ Բնականաբար, ոչ, որովհետև մեկ ուղղությամբ տոմսերը բոլորն արդեն առել են. կգա պատմական պահը, կասեն՝ հաջողություն, Հայաստան, և կգնան այն երկիր, որտեղ պետք է ապրեն, միգուցե արդեն ունեն քաղաքական ապաստան։ Այսպես են աշխատում այլ երկրի գործակալները, հետևաբար՝ ռուս խաղաղապահներին Արցախից հանելու կոչ անողներին պետք է կանգնացնել պատի տակ ու հարցնել՝ իսկ պատրա՞ստ եք գնալ Արցախ ու ձեր մարմնով պաշտպանել Արցախի ժողովրդին»։
Ղազինյանն ուշադրություն հրավիրեց նաև աշխարհաքաղաքական զարգացումների, նոր ձևավորվող բնագծերի ու մեր կորցրած հնարավորությունների վրա՝ հավելելով.
«Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հնարավորություններ կբացվեին Հայաստանի առաջ, եթե մենք ունենայինք այն պետությունը, որ ունեինք մինչև 2018 թվականը, և ինչպիսի՞ դժբախտություն մեզ բերեց այս իշխանությունը, երբ հաստատվում են միջազգային հարաբերությունների նոր կոորդինատներ, իսկ Հայաստանը սեփական կոորդինատները հաստատելու ոչ մի հնարավորություն չունի»։
Դիտարկմանը՝ գուցե 2018 թվականի հեղափոխությունն էլ նրա համար էր, որ Հայաստանը զրկվի սեփական կոորդինատները հաստատելու իր հնարավորությունից, Ղազինյանն արձագանքեց.
«Ուզում եմ տեղեկացնել հեղափոխության սցենարիստներին, ռեժիսորներին ու գլխավոր դերակատարներին՝ գլուխներդ պատին եք տվել, ընդ որում, բոլորով միասին»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում