«Ժողովուրդ». ԱՎՏՈՄԱՏ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ ԿՍԱՀՄԱՆՎԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Առաջիկայում Երևանում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները կսահմանվեն: Ի դեպ, գործունեության իրականացման համար անհրաժեշտ է լինելու տվյալ համայնքի ղեկավարի թույլտվությունը: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է թույլտվության տրամադրման համար սահմանել տեղական տուրք, իսկ առանց թույլտվության գործունեություն իրականացնելու համար կսահմանվի տուգանք:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների խախտմամբ շենքերից, շինություններից դուրս ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը կտուգանվի 100 հազար դրամից մինչև 150 հազար դրամի չափով: Այս արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքի չափը կդառնա 300 հազար դրամ: Բացի այս, նշենք, որ համայնքի տարածքում ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվության համար յուրաքանչյուր օրվա համար կսահմանվի 500 դրամ՝ 1 քմ-ի համար: Այս օրենքն ուժի մեջ է մտնելու այս տարվա դեկտեմբերի 1-ից»:

News.am