Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԻՆՉ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԵԼ

Աշխարհը մտել է արտահերթ փոփոխությունների փուլ և Հայաստանում նույնպես ամեն ինչ լինելու է արտահերթ։

Աշխարհակարգը ենթարկվում է արտահերթ փոփոխությունների՝ քաղաքական, տնտեսական, ռազմական հարաբերությունների արտահերթ վերանայման։ Լինելու են արտահերթ ճգնաժամներ։

Ուկրաինայի տարածքում արտահերթ ձեվավորվելու են նոր պետություններ։

Անմտություն է կարծել, թե Հարավային Կովկասը և Հայաստանը չեն ենթարկվելու արտահերթ փոփոխությունների։

Ցավոք, աշխարհի մեծ փոփոխությունները սկսվեցին փոքր Հայաստանից ու Արցախից։ Այդպես չպետք է լիներ։ Մի փոքր խելամտություն, մի փոքր պետական մտածողություն, և չէր լինի պատերազմը։ Ցավոք, փողոցից եկած հորդաները սա չունեին, իսկ երկրում չգործեցին պետական զսպման ինստիտուտները։

Տարածաշրջանի զարգացումներում փոփոխոթյուններն անխուսափելի են։ Քաղաքական ասպարեզից հեռանալու է Էրդողանը, Ալիևը կորցնելու է իշխանությունը, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կարգավիճակները փոխվելու են։ Արցախն, անշուշտ, լինելու է հայկական ու շատ հետաքրքիր միավոր։ Հիմա դժվար փուլ է, պետք է դիմանալ։

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ապա նոր իրողությունները պահանջելու են նոր իշխանություն։ Ավելի հավանական է, որ լինելու է անցումային կառավարություն, որին ընտրելու է այս ԱԺ-ն։ Եվ ավելի մեծ հավանականությամբ՝ դա լինելու է Նիկոլ Փաշինյանի խնդրանքով՝ մոտավորապես այնպես, ինչպես 2018-ին ընտրվեց ինքը։ Իսկ իրեն տրվելու է անձնական երաշխիքների փաթեթ։ Հետո կլինի նոր խորհրդարանական մեծամասնություն։ Փոփոխությունների ալիքը աշխարհում մոլեգնում է՝ իր ռիսկերով ու հնարավորություններով հանդերձ։ Հայաստանն անմասն չի մնալու։

Մեծ փոփոխությունների փուլում շատ կարևոր է մնալ մարդ, պահպանել մարդկային որակները և չկորցնել ադեկվատությունը։ Օրինակ՝ ՔՊ առավել վատահամբավ պատգամավորները ճիշտ կանեն՝ վերանայեն իրենց պահվածքը։ Ընդդիմախոսներին քացի տալը, վիրավորելը սեփական շահից ելնելով պետք է մոռանալ։ Նույնը վերաբերում է դատաիրավական համակարգին՝ ապօրինությունների էնտուզիազմը մեղմել։

Իսկ հանրային նոր առողջ շերտը պետք է արագ կազմակերպվի, որպեսզի երկիրը փոփոխությունների արդյունքում առաջ գնա, և ոչ՝ հետ։ Երկուսի հավանականությունն էլ այս փուլում բարձր է։

Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ