ANCA․ ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը և չի տրամադրում այն Արցախին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է կրճատել Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունն ու 2023 թվականին միջոցներ չհատկացնել Արցախին։ Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Նախատեսվում է Հայաստանին ընդամենը 24 մլն դոլար հատկացնել։ Դա 21 մլն դոլարով ավելի քիչ է, քան այն գումարը, որն ընդամենը մի քանի շաբաթ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն ու հավանություն էր տվել նախագահը։

«Մենք հիասթափված ենք, որ նախագահ Բայդենի տարեկան բյուջեն, որը հրապարակվել է կառավարական հաշվետվությունից հետո, որում նշված է Ադրբեջանին ավելի քան 164 մլն դոլար ռազմական օգնություն հատկացնելու մասին, հավասարակշռում է Հայաստանի աջակցությունը 24 մլն դոլարից մի փոքր ավելի ու չի ներառում որևէ կոնկրետ գումար Արցախին օգնելու համար», - նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա հույս է հայտնել, որ Կոնգրեսում իրենց դաշնակիցները, կոալիցիոն գործընկերներն ու հասարակական ակտիվիստները կաշխատեն, որ զգալիորեն ավելացնեն օգնության ծավալը ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար:

Բայդենի վարչակազմի 2023 ֆինանսական տարվա բյուջետային հայտում նախատեսվում է 23,4 մլն դոլար հատկացնել Հայաստանին օտարերկրյա օգնության տեսքով ու 600 000 դոլար՝ ռազմական օգնության տեսքով:

Բյուջեի առանձին հոդվածով նախատեսվում է 6 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանում թմրանյութերի դեմ պայքարի միջազգային ծախսերի և իրավապահ մարմինների համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։