ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԽԱՂԻ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ

«Ոչ թե անջատում հանուն փրկության, այլ ճանաչո՛ւմ...»

«Նիկոլը զիջումների չի գնա միայն այն դեպքում, եթե իմանա, որ երկրորդ կապիտուլյացիան կարող է իրեն զրկել իշխանությունից»,- ապրիլի 4-ին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ձևակերպելով ապրիլի 5-ին նշանակված հանրահավաքի գլխավոր խնդիրը: Օրերս Արցախից վերադարձած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ձևակերպեց Արցախը փրկելու խնդիրը. «Ոչ թե անջատում հանուն փրկության, այլ ճանաչո՛ւմ հանուն փրկության»։ Ապրիլի 5-ի հանրահավաքի առիթը ապրիլի 6-ին Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցն էր՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար։

Սաղաթելյանն ասաց, որ եթե սկսվի ևս մեկ պատերազմ, ապա բոլորը գիտեն, թե ինչով այն կավարտվի Փաշինյանի իշխանավարման պայմաններում: Փաշինյանի հաճախակի դարձած հեռախոսազրույցները նախագահ Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ (2 շաբաթվա մեջ՝ 2 անգամ) հաստատում են այն վարկածը, որ Ղարաբաղյան երկրորդ շարժումը ծավալվում է Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև անհաշտ դիմակայության պայմաններում, աշխարհաքաղաքական մեծ խաղի խորապատկերին։ Բրյուսելում կայացած հանդիպումն այդ խաղի դրվագներից լոկ մեկն է…

Հանրահավաքի ամբիոնից ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ծայրաստիճան հստակ նախանշեցին «կարմիր գծերն» Արցախի հարցում, ընդ որում՝ դա արվեց արտաքին լսարանի համար. չէ՞ որ Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել բանակցությունները տեղի ունեցան Եվրոպայի դրոշների ներքո, թեև Մոսկվան ցույց էր տվել, որ բնավ մտադիր չէ անջրպետվել այդ բանակցությունների օրակարգից։ Այսպես թե այնպես, բայց հայկական ընդդիմությանը լսեցին Շառլ Միշելն ու Բլինկենը, ինչպես նաև Պուտինն ու Էրդողանը։ Եվ ամենակարևորը. «կարմիր գծերի» մասին լսեցին Արցախում, որի խորհրդարանը հանդես է եկել համազգային միասնության կոչով։ Ղարաբաղյան նոր շարժումը պետք է կրկնի շարժման այն համազգային բնույթը, որն իր մասին հայտարարեց 1988 թվականին։

Կարին Տոնոյանի «5165» կուսակցությունը ապրիլի 4-ին և 6-ին ակցիաներ անցկացրեց Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով, սակայն Փաշինյանի «ուսապարկերը» ձևացրեցին, թե ոչինչ չեն լսում։ Փոխարենը՝ ապրիլի 4-ին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հեռուստաալիք եկավ Էդվարդ Անտինյանը (որը, չգիտես ինչու, քաղաքագետ է կոչում իրեն), որպեսզի ուրախացնի նիկոլական հանրությանը այն զարհուրելի հեքիաթով, թե Ալիևը կոմպրոմատ ունի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ։ Անտինյանն ասաց նաև, թե այսօր ամենից անբարենպաստ ժամանակն է Արցախի անկախությունը ճանաչելու համար։ Շտապում եմ հիասթափեցնել նրանց, ովքեր կարծում են, թե Էդվարդն աշխատում է փողի դիմաց։ Դա այդպես չէ, նա աշխատում է հանուն գաղափարի, այն իմաստով, որ պատրաստ է ասել ինչ ասես և ում մասին ասես, միայն թե իրեն ցույց տան հեռուստացույցով…

Մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ Նիկոլի քարոզչամեքենան կողմնորոշված է բնակչության ամենախավարամիտ շերտերի ուղղությամբ, ուստի չեմ մեջբերի նեղ շրջանակներում լայնորեն հայտնի տիկին Զոյա Թադևոսյանի արտահայտությունները ապրիլի 5-ի հանրահավաքի վերաբերյալ։ Բավական է նշել Էդվարդ և Զոյա անունները, որպեսզի մտածող հանրությունը սպառիչ տպավորություն ստանա այն մասին, թե ինչպիսի կերպարներ են այսօր դիմակայում համազգային նոր շարժմանն ի պաշտպանություն Արցախի։

Նիկոլի քարոզչամեքենան արեց ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի ապրիլի 5-ին մարդիկ չգան Օպերայի և բալետի թատրոնի հարակից հրապարակ։ Նրա մունետիկները ձայն ձայնի տված մեղադրում էին ՀՅԴ-ին այն բանում, որ այդ կուսակցությունը հանրահավաքներ է անցկացրել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Սաղաթելյանն ի պատասխան հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում զոհվել է կուսակցության 55 անդամ։ Խորհրդարանական ընդդիմությունը իրազեկման մեծ աշխատանք էր կատարել, ապրիլի 5-ի ժամը 18։30-ին հրապարակը մարդաշատ էր։ Հանրային հեռուստաընկերության եթերում հանրահավաքի արդյունքներն ամփոփեց առողջապահության նախկին նախարար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Ընդդիմադիր խմբակցությունների հասցեին նրա հնչեցրած անհոդաբաշխ մեղադրանքներից հետո Պետրոս Ղազարյանն ասաց, որ ոչինչ չհասկացավ, բայց շնորհակալություն հայտնեց նախկին նախարարին մասնակցության համար:

Ո՞վ է կանգնած Ղարաբաղյան նոր շարժման թիկունքում:

Ապրիլի 5-ի հանրահավաքը շարունակություն կունենա և կվերաճի Ղարաբաղյան նոր շարժման։ Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին կոչեց ամենօրյա փողոցային պայքարի՝ փողոցների և կառավարական շենքերի շրջափակումով: Դիմադրության շարժումը, որի ստեղծման մասին հայտարարվել էր նախորդ հանրահավաքի ամբիոնից (նոյեմբերի 8), այս օրերին հայտարարեց իր մասին նոր ուժով։

Ապրիլի 5-ից հետո շատերն են մատնանշել, որ Փաշինյանը չի կարող հայտնվել Երևանի փողոցներում առանց զինված թիկնազորի, մինչդեռ ՀՀԿ առաջնորդ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանգիստ կանգնած էր հանրահավաքի մասնակիցների հոծ զանգվածի մեջ և ժպտում էր՝ պատասխանելով ողջույններին: Եվ, իհարկե, հանրահավաքի ամբիոնից հնչեց «Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունը։ Այն արտաբերեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ապրիլի 5-ին ոստիկանությունը չի խոչընդոտել Ֆրանսիայի հրապարակ տանող փողոցների շրջափակմանը, որտեղ ցուցարարները տեղադրեցին Արցախի Հանրապետության դրոշը: 2018 թվականի ապրիլին հենց Ֆրանսիայի հրապարակից սկսվեցին փողոցային գործողությունները Նիկոլի ղեկավարությամբ և թուրք-սորոսական 5-րդ շարասյան մասնակցությամբ։ Արցախի դրոշը, որը ապրիլի 5-ին բարձրացվեց Ֆրանսիայի հրապարակում, դարձավ Արցախի նկատմամբ այն վերաբերմունքի վերածննդի խորհրդանիշը, որը խաթարվել է 2018 թվականի ապրիլին իշխանությունը զավթած անձանց կողմից:

Բրյուսելում բանակցություններից հաշված օրեր առաջ Բաքուն և Թեհրանը հուշագիր են ստորագրել Հայաստանը շրջանցող միջպետական ճանապարհների կառուցման մասին։ Ալիևը որոշել է ցույց տալ, թե կարող է ինքնուրույն լուծել իր խնդիրները՝ շրջանցելով Հայաստանն ու «Զանգեզուրի միջանցքը»։ Քաղաքագետներն անմիջապես հայտարարեցին, որ Ադրբեջանի և Իրանի միջև միջպետական ճանապարհների կառուցման, ամենայն հավանականությամբ, բանը չի հասնի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ֆինանսավորման հարցերը կողմերը նախատեսում են հստակեցնել միայն 6 ամիս հետո:

Բացառված չէ, որ դա իրան-ադրբեջանական պայմանավորվածությունների լոկ չնչին մասն է, իսկ պատճառները, թե ինչու է Թեհրանը ստորագրել բացահայտ ադրբեջանամետ փաստաթուղթ, պետք է փնտրել Փաշինյանի ռեժիմի քաղաքականության մեջ, որը փչացրել է հարաբերությունները մեր երկրի ռազմավարական բոլոր գործընկերների հետ։ Բրյուսելում հանդիպման նկատմամբ ԱՄՆ-ի, Եվրոպայի և ՌԴ-ի հետաքրքրությունը հաստատեց, որ հավաքական Արևմուտքն այն դիտարկում է ՌԴ-ի հետ ներկայիս առճակատման համատեքստում: Ռեժիմի պարագլխի համախոհները հայտարարեցին, թե բանակցություններում Փաշինյանի դիրքերը թուլացրել են լուրերը Արցախի Հանրապետության ղեկավարության պատրաստակամության մասին՝ դիմելու ՌԴ-ին Արցախի հայկական մասը Ռուսաստանի կազմում ընդգրկելու խնդրանքով։

Եթե Արցախի ժողովուրդն իսկապես հայտնվի ընտրության առաջ. Ադրբեջան, թե Ռուսաստան, ապա, բնականաբար, ընտրություն կարվի հօգուտ Ռուսաստանի։ Հայկական ընդդիմությունը հիմք է ընդունում այն, որ Հայաստանը պետք է շարունակի մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։ Ավաղ, այս պահին պաշտոնական Ստեփանակերտը ստիպված է արձանագրել, որ Փաշինյանի ռեժիմը զուրկ է երաշխավորի գործառույթներն իրականացնելու քաղաքական կամքից։ Արձանագրումը միանգամայն համարժեք է ստեղծված իրողություններին, քանզի մայիսի 12-ից ի վեր ռեժիմն անկարող է երաշխավորել նույնիսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը…