Վարդան ՈՍԿԱՆՅԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ԻԲՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ
Մեր գիտակցության մեջ պարբերական կրկնությամբ փորձում են ներդնել թշնամական քարոզի բաղադրիչ այն «միտքը», թե Հայաստանում կան իբր ադրբեջանական տարածքներ։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իրականում նման բան չի կարող լինել, որովհետև եթե, պատկերավոր ասած, ինչ-որ կոլտնտեսության նախագահի որոշումով հայկական սրբազան հողի որևէ կտորի վրա ժամանակին հաստատվել է մարդկության մշակույթի պատմությանն անհայտ ինչ-որ վաչկատուն ցեղախումբ, դա մեր նախնիների արյունով և քրտինքով օծված այդ հողակտորը, ամենևին չի դարձնում «ադրբեջանական»:
Եվ, ի վերջո, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքի ռազմավարական խորքի խիստ խոցելիությունը կամ նույնիսկ գրեթե բացակայությունը, մեր հայրենիքի յուրաքանչյուր հողակտոր դարձնում է անսահմանորեն կարևոր և կենսական մեր հետագա գոյությունն ու հզորացումն ապահովելու համար»։
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ նախօրեին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Գիտեք, որ ՀՀ-ի տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո և՝ Ադրբեջանի տարածքներ, որոնք ՀՀ-ի վերահսկողության ներքո: Այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, բնականաբար՝ դե-յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»։