ԱՅՑ՝ ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ

Ապրիլի 19-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որի հետևանքները դժվար է գերագնահատել։ Այցը նախապատրաստվում էր վաղուց, ի սկզբանե ենթադրվում էր, թե այն պետք է կայանար մարտին՝ Ալիևի փետրվարյան այցից հետո։ Սակայն ռազմական գործողություններն Ուկրաինայում և, հավանաբար, ռազմական գործողության արտաքին քաղաքական հետևանքները ստիպեցին հետաձգել այցի ժամկետները։

ԱՅՑԸ ԲԱՐԴ Է ԼԻՆԵԼՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ։ Մի կողմից՝ Արևմուտքն այսօր ակնհայտորեն բարեհաճ է Ալիևի նկատմամբ, իսկ Փաշինյանի հետ Եվրոպայի ներկայացուցիչները խոսում են, որպես կանոն, խրատական-ներողամիտ տոնով։ Ինչպես տնային առաջադրանքների կատարման հարցում ոչ այնքան ջանասեր աշակերտի: Նկատենք, որ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ԵՄ-ի նախաձեռնած բրյուսելյան բանակցությունների արդյունքներով թե՛ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, թե՛ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ակնհայտորեն խուսափում են արտաբերել Լեռնային Ղարաբաղ և Արցախ եզրույթները՝ Ալիևի հայտնի պահանջների հաշվառումով։ Ավելի վատթար որևէ բան հորինելն անգամ անհնար է, թեև զարմանալի ոչինչ առանձնապես չկա, եթե հաշվի առնենք, որ այդ տերմինների գործածումից խուսափում է նաև Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, ինչի մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում խոստովանեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Բաքվին չհրահրելու համար. այդպես նա բացատրեց այդ դիրքորոշումը։

Հարկ է ընդունել, որ Բաքվին և Անկարային հաջողվեց վարկաբեկել Փաշինյանին Եվրոպայի աչքում։ Գործի էին դրվում բոլոր միջոցները, նույնիսկ փչոցն այն մասին, թե Հայաստանը Մոսկվային չորս «Սու» է տրամադրել՝ Ուկրաինան ռմբակոծելու համար։ Կատարյալ անհեթեթություն, բայց Փաշինյանը ստիպված եղավ ռազմական օդանավակայանում շրջայց կազմակերպել Երևանում ներկայացված արևմտյան երկրների ռազմական կցորդների համար, որպեսզի նրանք սեփական աչքով տեսնեն ու համոզվեն. «Սու»-երը տեղում են... Համոզվելը՝ համոզվեցին, բայց նման շրջայցի անհրաժեշտության ինքնին փաստը վկայում է, որ Փաշինյանի նկատմամբ վստահությունն արևմտյան աշխարհում լրջորեն խարխլված է։

Բայց բնավ ամեն ինչ հիանալի չէ նաև Մոսկվայի հետ հարաբերություններում։ Թեև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկերոջ հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ, ի տարբերություն Փարիզի և Վաշինգտոնի, Մոսկվան մտադիր չէ զոհաբերել իր մերձավոր դաշնակիցների շահերը՝ ի նպաստ աշխարհաքաղաքական խաղերի, այդուհանդերձ ի գիտություն արտահայտեց իր դիրքորոշումը նաև Երևանին: Նկատի ունենք նրա հայտնի դիտողություններն այն մասին, որ Երևանը չպետք է չափն անցնի Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի դեմ իր ելույթներով, ինչպես նաև Եվրամիության ներկայացուցիչների հետ իր բանակցությունների ժամանակ չպիտի մոռանա, թե ով է այսօր երաշխավորում խաղաղ կյանքը Լեռնային Ղարաբաղում: Եթե սրան հավելենք, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի միակ անդամ երկիրն է, որը չի սատարել Ռուսաստանին ՄԱԿ-ում Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու վերաբերյալ քվեարկության ժամանակ, ապա հայ-ռուսական հարաբերություններում էլ այս փուլում, ինչպես տեսնում ենք, բնավ ամեն ինչ անամպ չէ։

Բայց դա էլ դեռ ամենը չէ։ Նիկոլ Փաշինյանի այցը տեղի կունենա Ուկրաինայում ընթացող վճռական իրադարձությունների խորապատկերին։ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Բորելը բացահայտ հայտարարում է, որ Ուկրաինայի ճգնաժամը պետք է լուծվի մարտի դաշտում, և որ ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի այնքան զենք, որքան անհրաժեշտ կլինի հաղթանակի համար։ Փաստորեն Արևմուտքը կոչ է անում Կիևին պատրաստվել վճռական մարտերի, և որպես բոնուս Ուկրաինային արդեն տանկեր են մատակարարվում Գերմանիայից և Լեհաստանից։ Պենտագոնն իր հերթին հայտարարում է, որ Ուկրաինային զենք է առաքվում օրական 8-10 ավիաչվերթով և ցամաքային շարասյուների «գրեթե մշտական» հոսքով:

Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը բացահայտ նախապատրաստվում է Դոնբասի այն քաղաքների վճռական գրոհին, որոնք գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի ամբողջական կամ մասնակի վերահսկողության տակ, ապա շուտով մենք ականատես կլինենք ավելի դաժան մարտերի, քան ծավալվել են մինչ օրս, ականատես կլինենք ռազմական գործողությունների, որոնց հետևանքներն ակնհայտորեն կանդրադառնան բազմաթիվ գործընթացների վրա:

Ստեղծված իրավիճակում Փաշինյանի համար արդեն շատ դժվար կլինի պահպանել «ռուսերեն լավ չհասկացող» մարդու մարտավարությունը կամ «գժի տեղ դնել» իրեն, ինչպես որ վարվում է սովորաբար, երբ խոսակցությունն անցանկալի բնույթ է ստանում։ Հիշեցնենք, որ Փաշինյանը մի առիթով ինքն է խոստովանել դա իր թիմակիցներից մեկին՝ վարչապետի կարգավիճակով իր առաջին արտասահմանյան ուղևորությունից հետո։ Բայց աշխարհաքաղաքական մեծ խաղում այսօրվա խաղադրույքները գործնականում զրոյացնում են քաղաքական աճպարարության հնարավորությունները։

Գալիս է այնպիսի որոշումների ժամանակը, որոնք կարող են ունենալ բացառապես միանշանակ մեկնաբանություն։ Այլապես կարելի է կորցնել ամեն ինչ, և դա ամենևին էլ անհավանական սցենար չէ, եթե նկատի առնենք, թե ով է ներկայացնում Հայաստանի շահերը արտաքին ասպարեզում։