ՆԻԿՈԼԻ ԹԻՄԸ

Իշխանամետ հեռուստաալիքները չեն դադարում տիրաժավորել Նիկոլի վերջին հայտնությունները։ Երևի կարծում են, թե բարձրացնում են նրա վարկանիշը։ Իսկ մեր կարծիքով՝ հակառակը, միայն հիշեցնում են վարչապետի և նամանավանդ նրա թիմակիցների մանիպուլյացիոն հայտարարությունների ողորմելիության մասին։

Ուշագրավ էր ՔՊ-ական պատգամավորների դեմքի արտահայտությունը Նիկոլի վերջին ելույթների ժամանակ։ Ախր խնդիրն այն է, որ նրանց մեջ կան, Վահագն Ալեքսանյանի տերմինաբանությամբ՝ ոչ միայն ուսապարկեր։ Կան նաև խելացի անձնավորություններ։

Եվ ահա նայում ես այդ դեմքերին՝ խորհրդարանի ամբիոնից Նիկոլի վերջին հայտնությունների ժամանակ... Այո, կան հիացական դեմքեր։ Բայց կան նաև այլք։ Կան դեմքեր, որոնց վրա հիացմունքը համադրվում է զարմանքի հետ. ասել կուզի՝ տե՛ս, է, ո՜նց ասաց... Կան հետաքրքրությամբ լսողներ. նրանց ակնհայտորեն հետաքրքիր է, թե ուրիշ ինչ հնարք կհրամցնի վարչապետը՝ ի արդարացում իր զրպարտանքների։ Կան բացահայտ անվստահությամբ լսող դեմքեր։ Կան մանիպուլյացիաների աստիճանից ապշահարներ... Կան նաև որոշ ամոթխածներ։ Քիչ են, բայց կան մարդիկ, ովքեր ամաչում են լսել վարչապետի ցինիկ տխմարությունները, այնուհետ անվանելով դրանք «զավեշտ» գեղեցիկ բառով։ Ամոթալի է, ուստի, եթե տեսախցիկները չեն արձանագրում, ավելի լավ է լսել հայացքը հակած։

Կարծում ենք, Նիկոլի վերջին անկեղծացումները նրա թիմից շատերի մոտ խորշանք են առաջացնում, ինչը նրանք, ճիշտ է, արտահայտել չեն կարող, ի տարբերություն նրանց, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում հեռացել են Նիկոլի թիմից և, դատելով ամենից, ավելի սաստիկ սրտխառնոց են զգում գործող վարչապետի հանդեպ, քան Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները։ Հավանաբար այն պատճառով, որ այդ ազնիվ մարդիկ՝ Սոֆյա Հովսեփյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Տաթևիկ Հայրապետյանը, ամաչում են, որ նրա թիմում են եղել։ Ասում են, որ նույնիսկ Դավիթ Սանասարյանի աչքերն են բացվել, և նա պահանջում է կասեցնել Նիկոլին, քանի դեռ ուշ չէ…

Նիկոլի հեղինակությունն իր թիմի շարքերում ընկնում է։ Բայց ընկնում է նաև թիմի այն անդամների պատճառով, որոնք փորձելով արդարացնել իրենց շեֆին, դուր գալ նրան, այնպիսի՜ հերետիկոսություն են բարբաջում... Օրինակնե՞ր։ Հենց նույն Վիգեն Խաչատրյանը, որն ասում է, թե այն գաղափարը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ճիշտ չի եղել։ Վիգեն Խաչատրյանը, որը Հայաստանի և Արցախի համար բացարձակապես ոչինչ չի արել, որը պարզապես զրո է, կառչելով ինչ-որ արտահայտությունից՝ քննադատում է անկախ պետության, Հայոց բանակի ստեղծման, Արցախում հայոց զինուժի մի շարք հաղթանակների ակունքներում կանգնած Վազգեն Մանուկյանին։ Այդպիսի ժամանակներ են հիմա։

«Ազնիվ գործարար» Խաչատուր Սուքիասյանը մարգարիտներ է շաղ տալիս խորհրդարանի ամբիոնից. իբր՝ եթե «խաղաղ օրակարգը», որ հիմա առաջ է տանում Փաշինյանը, ընդունվեր դեռևս 2000-ականների սկզբին, ապա այսօր Հայաստանում համընդհանուր բարեկեցության ֆանտաստիկ մակարդակ կլիներ...

Բայց Գռզոյին էլ տվեցին-անցան։ Նրան գերազանցեց Հակոբ Ասլանյանը, որը հողերի կորստի մեջ մեղադրեց Տիգրան Մեծին։ Տիգրան Մեծը, պարզվում է, չի զբաղվել նվաճած տարածքներում տնտեսության զարգացմամբ։ Իրավացի է, հավանաբար, տղան։ Տիգրան Մեծը ամեն ինչ ապականել է, իսկ տակից դուրս գալ ստիպված է խեղճ Նիկոլը։ Դե, ո՜նց չկարեկցես։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Նիկոլի հանդեպ իր սերն ապացուցելու մղումով համակված, մի պատմություն պատմեց այն մասին, թե ինչպես են ստալինյան ժամանակներում խոշտանգել Կարլ Մարքսի առաջին թարգմանիչներից մեկին, իսկ երբ վերջինս ապավինում էր իրեն տանջողների խղճին և սպառնում պատմության դատաստանով, նրան պատասխանում էին. «Քանի դեռ մենք կանք, պատմություն չի լինելու։ Իսկ երբ պատմություն լինի, մենք արդեն չենք լինի»։

Ոգևորված պատմեց այդ մասին Հայկ Կոջարյանը խորհրդարանի ամբիոնից՝ փայլատակող աչքերով նկարագրելով, թե ինչպես են թարգմանչի ճակատին չեկիստ սրիկաները ծխախոտներ հանգցրել... Պատմեց ու չհասկացավ, որ... բացահայտեց Նիկոլի ու իր թիմի խաղադրույքը։ Քանզի իրենք հենց դրա վրա են հաշվարկ կառուցում, որ քանի դեռ իշխանության ղեկին են՝ իրենց պատասխանատվության չեն ենթարկի ազգային շահերին դավաճանելու, ժողովրդին տված խոստումները դրժելու, հազարավոր զոհերի և այլ կորուստների համար։ Իսկ դա նշանակում է, որ պետք է ամեն գնով կառչած մնալ իշխանությունից, որպեսզի պատմությունն իրենց պատասխանատվության չենթարկի ժամանակից շուտ։ Քանի դեռ իրենք կան։

Շատ են սիրում խոսել նաև այն մասին, թե ինչքան փող են հատկացնում Արցախին. իբր՝ ոչ մի իշխանություն այդքան չի հատկացրել։ Մոռանալով, որ այդ միջոցների առյուծի բաժինը ծախսվում է ապիկար թիմի կողմից ապաշնորհ կերպով տանուլ տրված պատերազմում իրենց հարազատներին, տներն ու ունեցվածքը կորցրած մարդկանց գոնե մասնակի փոխհատուցում հատկացնելու համար։

Սիրում են խոսել նաև նախկին իշխանությունների կողմից բանակի «թալանի» մասին: «Թալանի», որի արդյունքում բանակի սպառազինությունը կազմում էր գրեթե 5 մլրդ դոլար։ Բայց շարունակում են անհեթեթություններ բարբաջել՝ մեղադրելով, օրինակ, Քոչարյանին բանակի թալանի մեջ՝ «բայրաքթարներ» գնելու փոխարեն։ Մոռանալով, որ այն ժամանակ չկային ոչ միայն «բայրաքթարներ», այլև հարվածային այլ անօդաչու թռչող սարքեր... Եվ եթե կա մեկը, ում պետք է պատասխանատվության ենթարկել պատերազմից առաջ բանակը ժամանակակից սպառազինությամբ չապահովելու, սպառազինությունների հավասարակշռությունն իր օգտին բեկել Ադրբեջանին թույլ տալու համար, ապա միայն ներկայիս իշխանությանը։