ՄՈՏՈՑԻԿԼԵՏԱՅԻՆ ԳԵՂԵՑԻԿ ԹԻԿՆԱԽՈՒՄԲ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻ ԱՌԹԻՎ

Չեմ հիշում՝ ինչ առիթով, բայց ժամանակին Վլադիմիր Պուտինը մի անեկդոտ պատմեց ծովային սպայի մասին, որը որդուն դաշույն է նվիրում, իսկ վերջինս վերցնում ու փոխանակում է դա ժամացույցի հետ: Հայրը նայում է ժամացույցին ու ասում. «Այո, գեղեցիկ է, միայն թե այսպիսի մի բան եմ պատկերացնում. ես տանը չեմ, մեր տան վրա ավազակներ են հարձակվում, ամեն ինչ ջարդուփշուր են անում, թալանում, ծեծում, բռնաբարում քրոջդ, և այդժամ մտնում ես դու, նայում ժամացույցին ու ասում՝ «Մոսկովյան ժամանակով՝ քսաներեքն անց է  երեսուն րոպե»։

ԻՆՉՈ՞Ւ ՀԻՇԵՑԻՆՔ ՍԱ։ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻ ԱՌԻԹՈՎ։ Մանավանդ երբ կարդում ես, թե ինչ կարևոր արձանագրություններ են ստորագրվել. մշակույթի, սոցիալական հարցերի, էներգետիկ նախագծերի, տեղեկատվական անվտանգության ոլորտներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների հարցում համագործակցության մասին, արձանագրություն բույսերի կարանտինի ոլորտում տեղեկատվական համակարգերի ներդրման մասին... Հատկապես վերջինը հիմա շա՜տ կարևոր է, այնպես չէ՞։ Նույնիսկ կասեինք՝ շատ նրբագեղ։

Փաշինյանի այցը Մոսկվա տիպիկ փաշինյանական է. պիժոնություն, ցուցամոլություն և ոչ մի օգտակար բան Հայաստանի համար ամենահրատապ օրակարգից։ Այո, իհարկե, շուտով նրա քարոզիչները կաշվից դուրս են գալու։ Ավելի ճիշտ՝ արդեն ջանք ու եռանդ չեն խնայում՝ ցուցադրելով Փաշինյանին օդանավակայանից դեպի ՌԴ նախագահի նստավայր ուղեկցող մոտոցիկլետային թիկնախումբը՝ Հայաստանի դեսպանատան փողերով։ Արդեն կոկորդ են պատռում, թե ինչ մեծ համատեղ հայտարարություն է ընդունվել այցի արդյունքներով։ Բաղկացած ամբողջ 30 կետից։ Հավանաբար կասեն, թե այդ հայտարարության մեջ ավելի շատ կետեր կան, քան «նախկինների» կառավարման 20 տարիների ընթացքում։ Եվ, իհարկե, կլռեն այն մասին, որ այդ 30 կետերի փոխարեն սկզբունքորեն կարելի էր գրել մեկ նախադասություն. կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով։

Ի՞նչ կբերի Փաշինյանը Մոսկվայից Երևան։ Տեր-Պետրոսյանը ժամանակին բերեց ռուսական ռազմակայանի մասին պայմանագիրը, Քոչարյանը՝ գազը և Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը, Սերժ Սարգսյանը՝ «Իսկանդերները», որոնք ոչ մի այլ պետության այն ժամանակ չէին վաճառում։ Փաշինյանը կբերի օդանավակայանից իրեն ուղեկցող մոտոցիկլետային գեղեցիկ թիկնախմբի մասին տեսանյութ։

Երևանում մեր վարչապետը սիրում է խոսել անվտանգությանը սպառնացող վտանգների մասին, որոնք կարելի է վերացնել միմիայն «խաղաղության օրակարգով», իսկ գործնականում՝ զիջումների գնով։ Պարբերաբար վախեցնում է նոր պատերազմով։ Ուրեմն գուցե բերելու է պաշտպանունակությունն ամրապնդող պայմանավորվածություննե՞ր։ Ժամանակակից սպառազինության մատակարարման մասին պայմանավորվածություննե՞ր։ Գոնե մի դաշո՞ւյն։ Ոչ, իհարկե։

Նման բան չի էլ նախատեսվել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատվիրակության կազմում չկար։ Ինչո՞ւ։ Դե, որովհետև Ալիևն արգելել է, չէ՞,  ասել, որ Հայաստանի սպառազինման նոր պայմանագրեր կնքել չի կարելի, սպառազինության համար վարկեր վերցնել նույնպես չի կարելի, և ընդհանրապես՝ Հայաստանին բանակ այլևս պետք չէ։

Չափազանցո՞ւմ ենք։ Այո, Փաշինյանն ու Պապիկյանը, Ալիևին չզայրացնելու համար, նույնիսկ հայկական տոնացույցի կարմիր օրը՝ Հայոց բանակի ստեղծման օրը, որն ավանդաբար նշվում է հունվարի 28-ին, այս տարի արգելակեցին։ Ճիշտ է, այն ժամանակ ասացին, թե միջոցառումներ չեն լինի Գլխավոր շտաբում կորոնավիրուսի անսպասելի բռնկման պատճառով... Ասացին, թե միջոցառումները չեն չեղարկվում, այլ ընդամենը հետաձգվում են։ Բայց, ինչպես տեսնում ենք, կորոնավիրուսն անցավ, իսկ որևէ միջոցառումներ ինչպես որ չեն եղել, այնպես էլ չկան։ Ինչպեսև, ի դեպ, չկա Գլխավոր շտաբի պետ։

Այնպես որ Հայաստանի համար հրատապ օրակարգից ոչ մի բան Փաշինյանը իրականում չի բերի Մոսկվայից։ Իրենց համար՝ նույնպես, ի դեպ։ Այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի առաջնորդը, դե, բնավ այն քաղաքական գործիչը չէ, որի գլուխը կարելի է թլսորել նիկոլական բլբլոցով...