ՈՐ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԹԵՔՎԻ ՃՈՃԱՆԻՎԸ

Վաղը Երևանում տեղի կունենա ջահերով երթ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի: Այս տարի երթը կլինի առանձնակի նշանակալի։ Ոչ միայն որպես հարգանքի տուրք ողբերգական անցյալին, այլև որպես ապագայի, Հայաստանի և Արցախի վերածննդի հայտ։

Երթը համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, երբ Հայաստանի իշխանություններն անթաքույց հետամտում են Հայաստանի և Արցախի շահերն Անկարային ու Բաքվին հանձնելու ուղեգիծ: Իրականում բոլորն էլ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում մերթ քաղաքավարի, մերթ անչափ ցինիկ դիվանագիտական խաղի կուլիսներում։ Ռուսաստանի հետ արևմտյան աշխարհի ներկայիս կոշտ դիմակայության պայմաններում Արևմուտքը, առաջին հերթին Վաշինգտոնն ու Լոնդոնը՝ Հարավային Կովկասում Անկարայի շահերի գլխավոր մոդերատորը, ձգտում են առավելագույնս թուլացնել Ռուսաստանի դերը մեր տարածաշրջանում, ինչպեսև, ըստ էության, ողջ աշխարհում։ Մեր դեպքում Ռուսաստանի դուրսմղումն ինքնաբերաբար նշանակում է Թուրքիայի դերի աճ, իսկ որպեսզի դա հնարավոր դառնա, անհրաժեշտ է վերացնել «խոչընդոտը»՝ ի դեմս հայության, որը մեղադրում է Թուրքիային ինչպես 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարման, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններին մասնակցության մեջ։

Հայկական իշխանություններին հրահանգված է մոռանալ այդ թեմաների մասին, հարաբերություններ հաստատել Անկարայի հետ, խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ, Անկարայի և Բաքվի համար հաղորդակցության ուղիներ բացել Հայաստանի տարածքով, ինչպես նաև մոռանալ Արցախի մասին՝ անկախության ճանաչման իր պահանջներով... Ինչո՞ւ է Երևանը շարժվում թուրք-անգլիական մոտեցումների թելադրանքով։ Սա առանձին խոսակցության թեմա է, ինչպես ասում են՝ հետաքննությունը ցույց կտա։ Իսկ հետաքննությունն ու դրա արդյունքները ապագայի հարց են։ Այսօր կարևոր է մեկ այլ բան։

Այսօր կարևոր է հայտարարել. Հայաստանը չի հրաժարվում ո՛չ անցյալի մասին հիշողությունից, ո՛չ Թուրքիայի այսօրվա հանցագործությունների մերկացումից, ո՛չ էլ Արցախից։ Այսօր Հայաստանն ու Արցախը նոր վերելքի, ազգային վերածննդի նոր ալիքի կարիք ունեն, որի սկիզբը կարող է դնել ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը։ Բայց այդ վերելքի ճանապարհին, վերածննդի ճանապարհին Լոնդոնի ու Անկարայի շահերին բացահայտ ծառայող հայ սպասավորներն են և հանրապետության իշխանությունները, Փաշինյանի՝ պարտության ու դիրքերի հանձնման կատարողի և խորհրդանիշի գլխավորությամբ։

Այսպիսով, ապրիլի 23-ի ջահերով երթը կոչված է ցույց տալու բնավ ոչ միայն այն, որ Ցեղասպանության մասին հիշողությունն ու դրա հետևանքների վերացման նպատակի հետապնդումը հայության օրակարգն է, անկախ նրանից, թե ինչ են մտածում այդ մասին իշխանությունները։ Բնավ ոչ միայն այն, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի Արցախի իրավունքների համար պայքարից, ինչ էլ որ մտածեն այդ առնչությամբ իշխող թիմում։ Երթը կոչված է ցույց տալու նաև վճռականությունը՝ հեռացնելու նրանց, ովքեր, շանտաժելով ժողովրդին նոր պատերազմի սպառնալիքով, փորձում են մնալ իշխանության ղեկին՝ Հայաստանի և Արցախի շահերի հանձնումով։

Ով ինչ ուզում է ասի, բայց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, միջազգային հանրության կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի անսահմանափակ ճանաչման և Հայաստանի գործող կառավարության հրաժարականի հետամտվող նպատակները սերտորեն փոխկապակցված հարցեր են։ Եվ ջահերով երթի մասնակիցների թիվը կտա իրական պատկերը, թե որ ուղղությամբ է թեքվելու ճոճանիվը. դեպի Հայաստանի և Արցախի վերածնունդ, թե Հայաստանի վերածում Թուրքիան Ադրբեջանին կապող տրանսպորտային հանգույցի։

Այս հանգամանքներով է բացատրվում նաև Ռոբերտ Քոչարյանի ծանուցված մասնակցությունը ջահերով երթին։ Եվ իշխանամետ քարոզչության դժգոհությունն այդ առնչությամբ։