«ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ» ԵՎ «ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՆԵՐ»: Ի՞ՆՉ ԷՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ ԺԵՍՏԸ
Պետք է իրար կողքի դնել երկու տեսանյութ. Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, որը ապրիլի 23-ին հայերին ցույց է տալիս «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ժեստը, և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը երջանիկ ժպիտով սեղմում է թուրքի հենց այն ձեռքը, որով նա ցույց է տալիս վերոնշյալ ժեստը։ Գուցե այդ տեսաշարը պատրանքներից սթափեցնի նրանց, ովքեր ճախրում են ամպերում՝ ինչպես փաշինյանական իշխանության կողմից հապճեպորեն առաջ մղվող հայ-թուրքական բարեկամության, այնպես էլ բուն այդ իշխանության առումով։
Երեկ Մոնտեվիդեո կատարած այցի ընթացքում Չավուշօղլուի ավտոշարասյունը անցնում էր տեղի հայ համայնքի ներկայացուցիչների կողքով, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին: Եվ Չավուշօղլուն չգտավ ավելի լավ բան, քան «ողջունել» հայերին «Գորշ գայլերի» ժեստով։ Բացահայտ ցույց տալով, թե ինչպես է Թուրքիան ցանկանում բարեկամանալ Հայաստանի հետ։ Նկատի առեք. խոսքը ոչ թե պարզապես Թուրքիայի ինչ-որ քաղաքացու, այլ Անկարայի պաշտոնական դիրքորոշումը հնչեցնող թուրքական բարձրաստիճան պաշտոնյայի մասին է։ Միջադեպի կապակցությամբ Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանցիսկո Բուստիլյո Բոնասան հայտնել է, որ Ուրուգվայում Թուրքիայի դեսպանը կանչվելու է ԱԳ՝ պարզաբանումներ տալու: Թեպետ, սա արդեն կողմնակի հանգամանքներն են…
Մինչդեռ արժե հիշել այն փաստը, որ նախորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականի պահանջով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, Հայաստանի վարչապետին իր աջակցությունը հայտնեց ոչ միայն Չավուշօղլուն, այլև Թուրքիայի առաջատար ընդդիմադիր ուժերից մեկի՝ ազգայնական շարժման կուսակցության առաջնորդ Դևլեթ Բախչելին, նույն ինքը, որը նաև թուրքական ծայրահեղ արմատական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» խմբավորման առաջնորդն է։ Բախչելին այն ժամանակ հույս հայտնեց, որ «Հայաստանը չի գնա ռազմական հեղաշրջումների ճանապարհով»։ Իսկ քո ի՞նչ գործն է, մի հարցնող լինի։
Արժե նաև հիշել, թե ովքեր են այդ «Գորշ գայլերը», որոնք «համաշխարհային համբավի» արժանացան, մասնավորապես, 1981 թվականին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի դեմ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իրականացրած մահափորձով։ Հարձակումը գործել էր «Գորշ գայլերի» անդամ Մեհմեդ Ալի Աղջան՝ որովայնից ծանր վիրավորելով հովվապետին։ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ «Գորշ գայլերի» մի քանի ջոկատներ կռվում էին Ադրբեջանի կողմից։ 1995-ին նրանք արգելվեցին Ադրբեջանում՝ Հեյդար Ալիևի դեմ խռովությանը մասնակցելու համար։ Խմբավորումը չեչեն անջատողականների կողմից մասնակցել է նաև առաջին և երկրորդ չեչենական պատերազմներին։ Նրանց են վերագրում նաև Հրանտ Դինքի սպանությունը։ 2015 թվականին Սիրիայում ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության համար 5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Գորշ գայլերի» անդամ Ալփարսլան Չելիկը:
Նախանցած տարվա նոյեմբերին Ֆրանսիան իր երկրի տարածքում արգելել է թուրքական այդ ծայրահեղ արմատական խմբավորման գործունեությունը՝ հայերի վրա հարձակման միջադեպերից, Փարիզում Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումից, Դիժոնում եւ Դեսին Շարպյեում տեղի ունեցած անկարգություններից հետո։
Ժամանակին մենք գրել ենք. «Եթե ոմանք կարծում են, թե խոսքը միայն հայերի հանդեպ բութ, ամենակուլ ատելությամբ համակված մոլի ահաբեկիչների մասին է, դա պատրանք է։ «Գորշ գայլերը» գաղափարական հզոր հիմք և նպատակ ունեն հասնելու բոլոր թյուրք ժողովուրդների միավորմանը մեկ պետության՝ Բալկաններից մինչև Բերինգի նեղուց ձգվող Մեծ Թուրանի կազմում, որում գլխավոր դերը վերապահված է Թուրքիային»։
Քարոզելով նեոֆաշիստական գաղափարախոսություն, որում թյուրքական ազգը դիտարկվում է որպես բարձրագույն ռասա, պանթուրքական նկրտումներն ու իսլամը՝ որպես գաղափարական հիմք («Իսլամը մեր հոգին է, Թուրքիան՝ մեր մարմինը»), «Գորշ գայլերը» իրենց թիրախ են տեսնում Թուրքիայի ցանկացած ազգային փոքրամասնությանն ու կրոնական խմբերին (քրդերին, հույներին, հայերին, հրեաներին): Հալածանքների են ենթարկվում նաև նրանք, ովքեր մեղադրում են Թուրքիային Հայոց ցեղասպանության մեջ։ «Գորշ գայլերի» պաշտամունքի էությունը ապավինումն է բռնությանը՝ որպես նպատակին հասնելու համապիտանի մեթոդի, և պայքարի մեջ ինքնազոհաբերման մեծարումը։
Ի դեպ, 44-օրյա պատերազմից հետո նույն Բախչելին հայտարարեց Շուշիում «Գորշ գայլերի» դպրոց կառուցելու իր ծրագրերի մասին, որպեսզի ապահովի «այնտեղ ապրող թյուրք երեխաների ապագան»։
Հարց. ուրեմն ի՞նչ է նշանակում թուրք նախարարի կողմից հայերին հասցեագրված ժեստը, որը ցուցադրում է նեոֆաշիստ ահաբեկիչների հետ իր համերաշխությունը Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին. այն ոճրագործության, որը Թուրքիան ոչ միայն չի ճանաչել, այլև ցանկանում է մեկընդմիշտ թաղել, ըստ էության ամնեզիայի պահանջ ներկայացնելով հայկական կողմին՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայմաններից մեկը: Մեկ այլ հարց. ինչո՞ւ է «Գորշ գայլերի» ղեկավարը Չավուշօղլուի հետ հավասարաչափ մտահոգված, որ Փաշինյանը մնա վարչապետի աթոռին, իսկ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը թուրք պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ, վկայակոչելով ինչ-որ առասպելական սոցհարցումների տվյալներ, որոնք պարզապես գոյություն չունեն, հայտարարում է, թե Հայաստանի բնակչության մեծամասնությունը կողմ է թուրքերի հետ բարեկամությանը։ Մտածեք…