ՆԻԿՈԼԻՆ ԻՆԴՈՒԼԳԵՆՑԻԱ ԵՆ ՏՎԵԼ ՏԵՌՈՐԻ ՀԱՄԱՐ
Ամեն տեսակի պատժարարների մոբիլիզացում
2018 թվականի գարնանը բողոքի ակցիաներն աստիճանաբար ընդգրկեցին երկրի գրեթե ողջ տարածքը։ Փաշինյանի կողմնակիցներն անվանում էին հանրապետականների իշխանությունը «հանցավոր քրեաօլիգարխական ռեժիմ», սակայն այդ «հանցավոր» ռեժիմը ոչ մի պատժիչ գործողություն չձեռնարկեց (չշփոթել հասարակական կարգի պահպանման միջոցների հետ), որը կխախտեր բողոքի փողոցային ակցիաներ անցկացնելու քաղաքացիների իրավունքը։ Ոստիկանությունը չմիջամտեց նույնիսկ այն ժամանակ, երբ Նիկոլն ու իր համախոհները կոտրում էին ռազմավարական օբյեկտի մուտքի դռները։
Ներկայիս «ժողովրդավարական» ռեժիմը լավագույն դեպքում կոտրում է բողոքի ակցիաների մասնակիցների ձեռքերը, վատթարագույն դեպքում՝ կալանավորում մտացածին մեղադրանքներով, օրինակ՝ իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու համար։ Այս օրերին թափ հավաքող Ազգային-ազատագրական շարժման մասնակիցների դեմ ռեժիմի պարագլուխը ամեն տեսակի ու երանգի պատժարարների զորք է հանում։
Հայաստանում հավատարմագրված եվրոպական դիվանագիտական առաքելությունների ղեկավարները հլու-հնազանդ կլռեն՝ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի անմիջական հրահանգով, ճիշտ այնպես, ինչպես լռեցին, երբ մորեգույն բերետավորները կոտրում էին ցուցարարների ձեռքերը Երևանում ու Գյումրիում: Փաշինյանը հասկանում է, որ իրեն ինդուլգենցիա են տվել տեռորի համար, ուստի արդեն սկսել է գործել՝ ժողովրդավարության բոլոր նորմերի խախտումով։ Հայաստանում քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են ամենուր…
Ապրիլի 17-ից, երբ Արթուր Վանեցյանը ազգային-ազատագրական շարժման մասնակիցներին կոչ արեց հավաքվել Թատերական հրապարակում, ոստիկանության և ԱԱԾ հատուկ ստորաբաժանումները բերվել են բարձր պատրաստականության վիճակի: Խոսքը ոչ թե հասարակական կարգի պահպանման մասին է, այլ ռեժիմի դեմ փողոցային ապակենտրոնացված ցանցային պայքարի մասնակիցների թվաքանակի կրճատմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների։ Այդ նպատակով մայրաքաղաքի մի շարք վարչական միավորներում ու Երևանին հարող համայնքներում անցկացվել են համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Ակցիայի հավանական մասնակիցներին դյուրամատչելիորեն բացատրել են, որ նրանք և իրենց հարազատները կարող են զրկվել աշխատանքից, իսկ նրանց բիզնեսները կհայտնվեն սնանկացման վտանգի տակ:
Շարժումն Արցախի աջակցությունից զրկելու համար Ստեփանակերտ է ուղարկվել Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, որին ծաղրի են ենթարկել շուկայում առևտուր անող կանայք։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն արդեն համապատասխան հրահանգներ է ուղարկել բուհերի ռեկտորներին՝ ընդդիմության ակցիաներին մասնակցող ուսանողների նկատմամբ խիստ միջոցներ կիրառելու վերաբերյալ: Նույնպիսի հրահանգներ, սակայն բանավոր ձևով, ստացել են մայրաքաղաքի և մարզային դպրոցների տնօրենները, իսկ ԵՊՀ ղեկավարությունը, մեր տեղեկություններով, խիստ նախազգուշացում է ստացել նաև անվստահելի դասախոսների վերաբերյալ:
Այն մասին, որ բուհերում և դպրոցներում դասավանդել այսուհետ թույլատրվում է միայն ռեժիմին հավատարիմ մարդկանց, գործադիր իշխանության մակարդակով խոսվում է արդեն վաղուց և գրեթե բաց տեքստով։ Դասախոսների որակավորման աստիճանը ոչ մեկին չի հետաքրքրում, կարևորն այն է, որ նրանք համամիտ լինեն ռեժիմի քաղաքականությանը։ Կարին Տոնոյանի գլխավորած «5165» շարժումը լուրջ խոչընդոտների է բախվել մայրաքաղաքի բուհերի ուսանողներին փողոցային պայքարի մեկնարկի մասին իրազեկելու ակցիայի ժամանակ։
ԱԱԾ աշխատակիցներն այս օրերին հատուկ ուշադրություն են հատկացրել ՀՀԿ և ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստներին, նրանց հարազատների հետ անցկացվել են համապատասխան զրույցներ: Պետական բոլոր հաստատությունների ղեկավարներին հանձնարարականներ են տրվել զանգվածային բողոքի ակցիաներին մասնակցող բոլոր աշխատակիցներին զբաղեցրած պաշտոններից անհապաղ ազատելու մասին: Համանման գործելակերպ էր կիրառվում «Հայրենիքի փրկության շարժման» ակցիաների ժամանակ։ «Գոլոս»-ը այն օրերին հրապարակել է Քննչական կոմիտեի և այլ կառույցների աշխատակիցների ազգանունները, որոնք զրկվել են աշխատանքից լոկ այն պատճառով, որ ներկա են եղել շարժման ակցիաներին, ընդ որում՝ ոչ աշխատանքային ժամերին։
Փողոցային ապակենտրոնացված ցանցային ակցիաները սաղմնային վիճակում խեղդելու հատուկ խնդիր է դրված պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի առջև։ Այդ ուժայինը, ինչպես հայտնի է, զբաղվում է ամեն ինչով, բացի բանակն ամրապնդելուց։ Վեդիի քաղաքապետի պաշտոնում Գարիկ Սարգսյանի ընտրվելու հաջող անցկացված հատուկ գործողությունից հետո Պապիկյանին գաղտնի հանձնարարվել է վերահսկել փողոցային պայքարի բոլոր օջախները։ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ մայրաքաղաքի փողոցներում կրիտիկական զանգվածի հայտնվելու դեպքում իրեն հրաժարական, դատ և ցմահ բանտարկություն է սպասվում, ուստի դեռևս մեկ շաբաթ առաջ բոլոր ուժերն ու կառույցները մոբիլիզացվել են՝ բողոքի ակցիաները սաղմնային վիճակում խեղդելու գերխնդիրը կատարելու համար։ Վահե Ղազարյանը կարգադրել է զանգվածայնորեն բերման ենթարկել մարդկանց ոստիկանության բաժիններ, իսկ Արմեն Աբազյանն արդեն գործեր է մոգոնում զանգվածային ակցիաների առանձնակի ակտիվ մասնակիցների դեմ։
Սաղմնային փուլում խեղդելու գերխնդիր
Ազգային-ազատագրական շարժման վրա հարձակումների խնդիրը կատարելու գործում ներգրավված է նաև «Հեղափոխության պահապաններ» ոչ պաշտոնական կառույցը, որը վաղուց է հետապնդում բողոքի փողոցային ակցիաների մասնակիցներին:
Այդ հանցախմբի անդամները զինված են և բազմիցս պատասխանատվության են ենթարկվել բռնության համար, սակայն միշտ մնացել են անպատիժ: Բացառված չէ, որ ռեժիմի կողմից ընդդիմության ակցիաների դեմ հանդես կգան նաև ահաբեկիչների «Սասնա ծռեր» կուսակցության անդամները՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» ցուցանակի տակ։
Ռեժիմի պարագլուխը բոլոր միջոցներով պաշտպանելու է իր իշխանությունը, ուստի փողոցային ակցիաների մասնակիցներին անհրաժեշտ է չափազանց զգույշ լինել և չարձագանքել սադրանքներին: Սադրանքների մասով Փաշինյանը մեծ վարպետ է։ Բացառված չէ, որ նրա սցենարով սադրանք կազմակերպվի՝ շարժումը սաղմնային վիճակում խեղդելու, ողջ երկրի մասշտաբով ծավալվել թույլ չտալու նպատակով։ Փաշինյանը հաշվի է առել հանրապետականների սխալները և որոշել է չկրկնել դրանք։
Ռեժիմի բոլոր ուժերն ու ռեսուրսները այսօր կենտրոնացված են փողոցային շարժման մասնակիցների դեմ։ Եթե բողոքի ակցիաների համակարգողները դրսևորեն ճկունություն և կազմակերպչական լավ հմտություններ, ապա շարժումը կընդլայնի մասշտաբներն ու դուրս կգա Հայաստանի և Արցախի սահմաններից։ Եթե բողոքի ակցիաները լայն թափ ստանան, ապա դրանց վրա դժվար կլինի ազդել բերման ենթարկելու և այլ ավանդական մեթոդներով, պատժիչ միջոցները կկորցնեն ազդեցությունը գործընթացների վրա։
Նիկոլի խնդիրն է՝ թույլ չտալ, որ ակցիաները աճեն համապետական մասշտաբի, իսկ դա նշանակում է, որ առաջիկա օրերը վճռորոշ են լինելու իրավիճակի հետագա զարգացման համար։ Կարևոր է զգոնություն դրսևորել՝ սադրանքի ցանկացած փորձ չեզոքացնելու համար, կարևոր է թույլ չտալ, որ ռեժիմը գլխատի ընդդիմությանը և սաղմնային վիճակում խեղդի շարժման ակցիաները։ Տեռորն արդեն սկսվել է…