ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԱՐԵՑ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ

Ուրուգվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Մյուֆթյուօղլուին կանչել են Ուրուգվայի ԱԳՆ՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին Ուրուգվայում բողոքի ակցիա անցկացնող մի խումբ հայերին ցույց է տվել «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման ռասիստական ժեստը:

Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիլյոն Չավուշօղլուի պահվածքի առնչությամբ արել է հետևյալ հայտարարությունը. «Ուրուգվայը հիշողությունը հարգող երկիր է, նաև խաղաղության ձգտող և ապագայի երկիր։ Մենք հյուրընկալության և համաձայնության երկիր ենք, առճակատումների դեպքում հաշտեցումը նախընտրող երկիր: Մենք քարոզում ենք փոխըմբռնում, հանդուրժողականություն և ակնկալում ու պահանջում ենք, որ նրանք, ովքեր այցելում ենք այս երկիր, որտեղ քարոզվում է խաղաղություն և հանդուրժողականություն, վարվեն նույն կերպ: Մերժում և դատապարտում եմ ցանկացած վիրավորական վարքագիծ կամ ժեստ, որը ենթադրում է ֆիզիկական կամ բարոյական բռնություն»:

Այսպես Չավուշօղլուի վարքագծին արձագանքեց պաշտոնական Մոնտեվիդեոն։ Իսկ որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչպես արձագանքեց պաշտոնական Երևանը։ Հիմար հարց է, հավանաբար՝ չափազանց միամիտ…

Ուրուգվայի հայերին ծաղրանքով ցույց տալով «Գորշ գայլերի» (Եվրոպայի բազմաթիվ երկրներում արգելված կազմակերպության) նշանը, Չավուշօղլուն արեց բոլոր շեշտադրումները։ Իրավացի է Կիրո Մանոյանը, երբ ասում է, որ Ուրուգվայի մի քանի հարյուր հայեր ցույց տվեցին, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այսօրվա Թուրքիան և Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու նրա իբր ձգտումը։

Այո, Չավուշօղլուն բացահայտ կերպով հաստատեց, որ առ այսօր էլ շարունակվում է Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Պաշտոնական Երևանի համար սա հնարավորություն է ցույց տալու աշխարհին այսօրվա Անկարայի իրական դեմքը և ուժգնացնելու միջազգային հանրությանն ուղղված պահանջները՝ դատապարտելու Թուրքիային ոչ միայն Ցեղասպանության ժխտման, այլև Լեռնային Ղարաբաղի դեմ 2020թ.պատերազմին մասնակցելու համար։ Ինչպես նաև կրկին ձայն բարձրացնելու Արցախի անկախության ճանաչման համար, առանց որևէ վերապահումների, հաշվի առնելով այն շրջապատը, որտեղ վիճակված է ապրել և արարել Հայաստանի և Արցախի ժողովրդին։

Բայց այս իշխանության օրոք անհնար է ակնկալել որևէ այլ բան, քան «Գորշ գայլերի» նշանների ցուցադրում Չավուշօղլուի կողմից, Հայոց ցեղասպանությանը նվիրված որևէ ակցիաների անցկացման պաշտոնական արգելանք Ստամբուլում։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առաջվա պես քնքուշ կժպտա «Գորշ գայլերի» իղձերի քարոզիչ Չավուշօղլուին և կանտեսի թուրքական մամուլում իր անվան ցուցադրական աղավաղումը, որովհետև, ինչպես ուսուցանում է մեծն Նիկոլը, «հարկավոր են ամուր նյարդեր»։

Գործնականում դա նշանակում է, որ երբ Ալիևն ու Չավուշօղլուն շարունակեն ծաղրել Նիկոլին ու Արարատին, որոնք դեռևս ներկայացնում են Հայաստանը, վերջիններս միայն կսրբեն երեսի թուքն ու կասեն, թե քաղաքական թուքումրին չեն արձագանքում բնավ ոչ այն պատճառով, որ կոկորդում լռված են տարբեր կարթեր, որոնք կտրել ոչ մի կերպ չեն կարողանում, այլ որովհետև «ամուր նյարդեր» ունեն։

Չավուշօղլուի ցինիկ արարքի դրվագը ստույգ բնութագրում է ոչ միայն այսօրվա Անկարայի իրական դեմքը, այլև Հայաստանի ներկայիս իշխող թիմին փոխելու անհրաժեշտության անայլընտրանքայնությունը։ Այն թիմին, որի քաղաքականությունը հանգեցնում է միայն Երևանին ու Ստեփանակերտին ներկայացվող պահանջների խստացման և ուժգնացնում «բանակցային գործընկերների» անպատասխան ցինիզմը։