ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆ՝ ԻՐԱՊԵՍ ՏՈՆԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ... ՄԱՅԻՍԻ 1-Ի ՎԻԹԽԱՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՎ
Մարդկային և տարածքային ահռելի կորուստներ, ազգային արժանապատվության ոտնահարում, իշխանության կողմից մոռացության մատնված հարյուրավոր հայ գերիներ, բանակի փլուզում, անվտանգության համակարգի ոչնչացում, տարածաշրջանում հայկական տարրը ոչնչացնելու իր նպատակը նույնիսկ չթաքցնող թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր ցանկությունների կատարում, հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի կողմից ամերիկյան ոստիկանների կանչ՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառմանը մասնակցող երիտասարդներին ձերբակալելու պահանջով, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության փլուզում, Արցախի և ինքնիշխան Հայաստանի տարածքների առաջիկա հանձնում…
Այսպիսի «ձեռքբերումներով» է «համաժողովրդական» վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մոտեցել իր սահմանած Քաղաքացու օրվան, որն այս տարի ընկնում է ապրիլի 30-ին։
Եվ սա հպարտ քաղաքացիների համար Նիկոլի իշխանության նվաճած «հաջողությունների» բնավ ամբողջական թվարկումը չէ։ Կարելի է հավելել էլի շատ ու շատ բաներ. հայկական տարածքների հանձնումն առանց գեթ մեկ կրակոցի, ինքնիշխան Հայաստանի տարածք ներխուժած և իրեն սեփական տանը զգացող թշնամուն վռնդելու ունակության կամ ցանկության բացակայությունը, աղքատության աճը, հոգեվարք ապրող տնտեսությունը, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումը, խոսքի, հավաքների և հանրահավաքների ազատության սահմանափակումները, քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններն ու կալանավորումները, իրավապահների թվի բազմապատիկ ավելացումը, նրանց կողմից անիրավաչափ և անհամաչափ ուժի կիրառումը քաղաքացիների նկատմամբ, թեև չորս տարի առաջ Փաշինյանը ճիշտ հակառակն էր խոստացել հպարտ քաղաքացիներին։ Վստահ ենք, որ ընթերցողն առանց դժվարության ինքն էլ հավելում կանի «ժողովրդավարության բաստիոնի հարյուր ձեռքբերումների» այս շարանում…
«Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն»: «Հայաստանի միջազգային հեղինակությունը և միջազգային ասպարեզում ցանկացած ձեռքբերում պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, և այլ ժողովուրդների հետ հարաբերություններում հայաստանցու արժանապատվությունն ու իր երկրի համար հպարտությունն է լինելու մեր բոլոր քայլերի գերնպատակը»։ «Սփյուռքը Հայաստանի համար դրամապանակ չէ։ Մենք իսկապես կհամախմբենք Հայաստանը, Արցախը և Սփյուռքը»: «Տնտեսական հեղափոխությունն իրականություն կդառնա»։ «Մենք այսօր ասում ենք, որ չենք թալանելու և մեր գործողություններով օգնելու ենք ձեզ բարելավել ձեր սոցիալական վիճակը»: «Մեր առաջնահերթ խնդիրներն են՝ հաղթահարել աղքատությունը, բարձրացնել կրթության հասանելիությունն ու մակարդակը, ավելացնել աշխատատեղերը, նվազեցնել արտագաղթը, հավատ պարգևել մարդկանց վաղվա օրվա նկատմամբ»: Այս և 4 տարվա ընթացքում այդպես էլ իրականություն չդարձած էլի բազմաթիվ խոստումներ է տվել նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներին նիկոլական իշխանությունը։
4 տարվա ընթացքում ՔՊ-ում չի ստեղծվել գրեթե ոչ մի քաղաքական միավոր։ Բոլորը ինչպես որ կային, այնպես էլ մնացել են զրոներ Փաշինյանի կողքին, շատերը՝ խորշելի զրոներ։ Այսպես կոչված՝ «սիրո և համերաշխության հեղափոխությունը» վերածվեց իշխող կուսակցության խմբակցության, որը ոչ միայն չփոխարկեց ազդարարված նպատակները, իղձերն ու «հեղափոխության» արժեքները օրենքների և նախագծերի, այլև կամազուրկ ստրուկների իր վարքագծով բերեց երկիրն աղետի, պատերազմի, ողբերգության, իսկ հիմա՝ նաև պետականության կորստի վտանգի։ Արդեն այսօրվա տեսանկյունից, անցած պատերազմի և կապիտուլյանտային իշխանության վերարտադրության պրիզմայի միջով դիտելիս են մեր բազմաթիվ քաղաքացիներ սկսել գիտակցել. ոչ մի նոր Հայաստանում էլ չենք ապրում։ Սրանք Հայաստանի և Արցախի պետականության դեմ ուղղված նոր բարքեր են, նոր արժեհամակարգ, որը տեղավորվում է դեռևս 2019-ին հնչեցրած հակիրճ, բայց չափազանց տարողունակ ձևակերպման մեջ. «մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի»։ Ձևակերպում, որը ցանկանում էին և դեռևս փորձում են ներշնչել հանրությանը, փորձում ջնջել այն, ինչ կազմում էր և պետք է կազմի մեր պետության հենքը։
Դեռ մեկ տարի էլ չաշխատած՝ փաշինյանական իշխանությունը մտադրվեց «Քաղաքացու օր» հայտարարել ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը։ Բոլորովին չամաչելով այն հանգամանքից, որ բոլոր հայերի համար կարևորագույն ամսաթվերից մեկին նախորդող այդ օրը տեղի է ունենում ամենամյա ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Հետո, քննադատության արդյունքում, որին այն ժամանակ դեռ մի քիչ ականջալուր էին լինում, որոշեցին անցկացնել այդ «տոնը» ապրիլի վերջին շաբաթ օրը, փաստացի հնարավոր համարելով, որ մի քանի տարին մեկ դա նշվի ապրիլի 24-ի բառացիորեն հաջորդ օրը՝ մերթ սգում ենք, մերթ ուրախանում սկզբունքով։ Նիկոլական իշխանությունն իր հաղթանակը ամրագրելու ցանկությունը հիմնավորում էր նրանով, թե իբր, «ժողովուրդը տասնամյակներ շարունակ չի կարողացել լեգիտիմ օրենսդիր և գործադիր իշխանություն ձևավորել» և հիմա, իբր, «գործադիր իշխանությունը համարում է, որ այդ երևույթը պետք է ամրագրել որպես տոն»։
Մի՞թե կարող էր փաշինյանական ցինիկ, ինքնագով իշխանությունը համաձայնել, դասականի խոսքերի վերաձևակերպմամբ ասած՝ «սիրել ոչ թե իրեն հեղափոխության մեջ, այլ հեղափոխությունը՝ իր մեջ»։ «Նշելով այդ օրը, դուք իրականում ցանկանում եք նշել ոչ թե իր իրավունքները պաշտպանած քաղաքացու կատարյալ տեսակը, այլ ձեր դերն ու նշանակությունը 2018-ին տեղի ունեցածում։ Եվ եթե դա այդպես է, ուրեմն քաղաքականապես չեք հասունացել, որ մի քիչ համբերեք, սպասեք, որ այդ օրը նշելու որոշումը, որում դուք ձեր լուման ունեք, ընդունեք ոչ թե դուք, այլ նրանք, ովքեր այս դահլիճում կնստեն 5-10 տարի հետո»։ Նիկոլն ու իր թիմը չլսեցին խելացի մարդկանց, որոնք կոչ էին անում նրանց հիշել մեկ այլ դասականի խոսքերը. «երբ հերթական հաղթանակից հետո քո ճակատին դնեն փառքի դափնեպսակը, հիշիր, որ քեզնից առաջ այդ դափնին ինձ է տրվել և ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա»։
...Ձնագնդի պես ամենուրեք աճող հանրահավաքները, անհնազանդության, բողոքի ակցիաները կարող են լավագույն պատասխանը լինել այս իշխանության սահմանած Քաղաքացու օրվան։ Օրինակ, մայիսի 1-ին ծրագրված մեծ հանրահավաքով։ Որպեսզի Նիկոլն ու իր թիմը համոզվեն. Մաշտոցի պողոտայում Քաղաքացու օրը խորոված անելով և ուտելով Փաշինյանի մոլորեցրած մարդիկ այլևս չեն հանդուրժի հասկացությունների նենգափոխում, նրանք վերջապես լրջորեն գիտակցել են, թե ինչ է նշանակում լինել սեփական երկրի քաղաքացի. պաշտպանել Արցախն ու Հայաստանը, նախնյաց ժառանգությունը, սեփական պատմությունը, ազգային արժանապատվությունը, որքան էլ պաթետիկ դա հնչի…