Ժուռնալիստների միություն․ Լրագրողների, օպերատորների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել
Հայաստանի Ժուռնալիստների միությունը խոստորեն դատապարտում է ընդդիմության բողոքի, անհնազանդության խաղաղ ակցիաների շրջանակներում լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Ժուռնալիստների միության ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ գործողություններին մասնակցում են ինչպես սովորական, այնպես էլ հատուկ նշանակության ջոկատի ոստիկանական ծառայողներ:
«Այսօր Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում mediahub.am-ի և այլ լրագրողների նկատմամբ բիրտ ուժ է կիրառել Պետական պահպանության ծառայության՝ ՊՊԾ–ի պետ Սարգիս Հովհաննիսյանը՝ հարվածելով իրեն հարց ուղղող լրագրողին և նրան նկարահանող օպերատորին, այդ թվում՝ վնաս պատճառելով վերջինիս տեսախցիկին»,–նշում են միությունից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` քաղաքացիների հետ մեկ այլ բախման ընթացքում գիտակցությունը կորցրել էր Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը:
Բացի այդ, Հերացի փողոցի վրա սև դիմակավորները հարվածել են AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանի ուսին, խոչընդոտել նկարահանմանը։ Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներում էլ քաշքշել են AntiFake.am-ի լրագրող Իշխան Խոսրովյանին, խոչընդոտել նկարահանումներին։
«Իրավապահ մարմիններից պահանջում ենք խստորեն պահպանել լրագրողների մասնագիտական գործունեությունը հարգելու իրենց պարտականությունը, որն ամրագրված է ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով։ Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին»,–նշված է հայտարարության մեջ։
Շեշտվում է նաև, որ ակցիայի որոշ վայրեր են խուժել անհասկանալի սև դիմակներով կասկածելի անձինք: Մինչդեռ ոստիկանները, ըստ միջազգային կանոնների, պետք է լինեն համազգեստով՝ հստակ տեսանելի անհատականացնող տվյալներով՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: