ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԵՎ ԹՇՆԱՄԻՆԵՐ

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության 2022 թվականի ծրագիրը: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, հաղորդում է Sputnik Արմենիան։ Նշվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում և տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Պապիկյանն ու Բուրչուլաձեն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը: Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայի իրավիճակին՝ նշելով, որ այն էապես փոխում է գլոբալ անվտանգության ճարտարապետությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե ինչպես են զարգացնելու ռազմական համագործակցությունը Երևանն ու Թբիլիսին՝ դժվար է ասել։ Մանավանդ եթե հաշվի առնենք առանցքային գործոնը. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանն առանձնակի սերտորեն համագործակցում է ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ, հայկական սահմանները հսկում են ռուս սահմանապահները, իսկ Արցախի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները: Արդեն վաղուց, տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող այս ռազմա-ինտեգրացիոն սխեման դժվար է ինչ-որ կերպ ներդաշնակեցնել անվտանգության հարցերի նկատմամբ վրացական հայացքների հետ, որոնք նույնքան վաղուց ուղղված են ՆԱՏՕ-ի կողմը։

Այդուհանդերձ Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, դուրս է մնում անվտանգության դաշինքային համակարգից։ Եվ եթե այդ առնչությամբ կողմերը խոսում են փոփոխվող ճարտարապետության մասին, ապա կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերում է կա՛մ Թբիլիսիի միանալուն մեր ճարտարապետությանը, կա՛մ էլ ինչ-որ այլ բանի հայ-վրացական համատեղ ընտրությանը, ինչը Երևանի համար այլընտրանք է՝ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական ռազմական համագործակցության փոխարեն։ Առաջին տարբերակը, մեղմ ասած, իրատեսական չէ։ Մնում է երկրորդը, ուղիղն ասենք, մեզ համար շատ տագնապալի։ Եվ այդ տագնապները հիմնավորված են անցյալով։

Օրերս Ադրբեջանի նախագահը անկեղծության հերթական նոպայի մեջ հիշեց 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանի կատարած դերի մասին։ Ալիևյան այդ հիշողություններին հայ հասարակությունը արժանի ուշադրություն չհատկացրեց։ Եվ շատ իզուր։ Բացի ամենից, դրանք բովանդակում էին պատերազմի օրերին մեզանում բարձրացվող մի քանի կարևորագույն հարցերի պատասխանները։ Բուն հարցերին կանդրադառնանք ստորև, իսկ առայժմ մեջբերենք Ալիևի խոսքերը. «Ես բազմիցս հայտարարել եմ այն մասին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար, օրական մի քանի անգամ Ռուսաստանից Հայաստան էին ժամանում սպառազինությամբ լի բեռնատար ինքնաթիռներ։ Մենք խնդրեցինք մեր վրացի բարեկամներին փակել օդային տարածքը, և նրանք դա արեցին։ Մենք խնդրեցինք փակել նաև ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան զենք տեղափոխելու համար։ Նրանք դա էլ արեցին, ինչի համար շնորհակալ ենք»։

Իսկ հիմա, ըստ էության, հիշենք պատերազմի օրերին հայ հասարակության մեջ հնչող հարցերը։ Առաջին. մի՞թե բարեկամ Վրաստանը կարող է բացահայտ օգնել Ադրբեջանին մեր դեմ պատերազմում։ Պատասխանը տալիս է Ալիևը։ Նույնիսկ ոչ թե կարող էր, այլ իրապես օգնել է։ Ըստ էության, խոսելով պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցուցաբերած օգնության մասին, Վրաստանը կարելի է նույն շարքին դասել հայկական զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցած եթե ոչ Թուրքիայի, Պակիստանի և ահաբեկիչների, ապա առնվազն Իսրայելի կամ Ուկրաինայի հետ, որոնք ամեն կերպ աջակցել են Բաքվին:

Այժմ՝ երկրորդ հարցը, որը մշտապես քննարկվել է հայ հասարակության մեջ պատերազմի օրերին ու դրանից հետո. ինչո՞ւ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը մեզ չի օգնել կամ օգնել է անբավարար չափով։ Ալիևը պատասխանում է նաև այդ հարցին. նույնիսկ այն պայմաններում, երբ Թբիլիսին ակտիվորեն խոչընդոտում էր սպառազինությունների առաքմանը, ռուսական կողմը հաջողացնում էր «օրական մի քանի անգամ» սպառազինությամբ լի բեռնատար ինքնաթիռներ ուղարկել։

Եվ ահա այսօր Թբիլիսիում Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները քննարկում են ռազմական համագործակցությունը։ Մի տեսակ տարօրինակ է։ Իսկ Ալիևին հարցրե՞լ են։ Այն Ալիևին, որը մշտապես խոսում է այն մասին, թե արգելում է Հայաստանին բանակ ունենալ։ Այն Ալիևին, որն այսօր շնորհակալություն է հայտնում Թբիլիսիին Հայաստանի և Արցախի դեմ պատերազմում ցուցաբերած օգնության համար։