ՍՈՒՏՆ ՈՒ ԱԿՆՀԱՅՏԸ

Իր «Ապացուցվածը և անապացուցելին» հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը գրում է. «Այն, որ փոխզիջումների մերժման և ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը հանգեցրեց ազգային աղետի, ապացուցման կարիք չունի»:

Դա սուտ է։ Ապացուցելի է այն, որ Հայաստանին ու Արցախին ազգային աղետի հանգեցրած գործընթացը սկսվեց Փաշինյանի՝ Տեր-Պետրոսյանի նախկին համախոհներից ու հավատարիմ թիմակիցներից մեկի իշխանության գալուց հետո։

Ապացուցելի է այն, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո հաջողությամբ ընթանում էր Հայաստանի և Արցախի պետականության կառուցման գործընթացը, զինված ուժերի զարգացման գործընթացը, ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորման գործընթացը։ Կարգավորման գործընթացում միջնորդների և ընդհանրապես միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի աստիճանական ճանաչմամբ՝ առանց որևէ սահմանափակումների։

Ընդ որում Երևանն ու Ստեփանակերտը շատ լավ հասկանում էին փոխզիջումների անհրաժեշտությունը, ուստի նրանց դիրքորոշումը միջնորդների կողմից միշտ գնահատվել է որպես կառուցողական։ Սակայն անհատի դերը պատմության մեջ, հակառակ Տեր-Պետրոսյանի պնդումների, չափազանց մեծ է։ Հայաստանի թշնամիները, պետք է խոստովանել, լավ «աշխատեցին» Հայաստանի վրա, այդ թվում՝ իրենց նպատակներին հասնելու համար փայլուն կերպով օգտագործելով Տեր-Պետրոսյանի ու իր թիմի հավակնությունները։ Եվ օգտվելով իշխանությունների սխալներից՝ կարողացան իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին, որը 2 տարի շարունակ փլուզեց Հայաստանի և Արցախի պետական ինստիտուտները, այդ թվում՝ ԱԳՆ-ը և զինված ուժերը, թուլացրեց Երևանի և Ստեփանակերտի դիրքերը բանակցային գործընթացում, փչացրեց հարաբերությունները գործընկերների հետ, և հնարավորություն տվեց Ալիևին ռազմական ներխուժում գործել Արցախ, ինչից էլ նա օգտվեց։ Դա փաստ է, որը ապացույցների կարիք չունի։

Տեր-Պետրոսյանը գրում է. «Ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ»։

Հերթական սուտը։ Հայաստանի ղեկավարի անձից շատ բան է կախված։ Ինչպես ասում է հենց ինքը՝ Տեր-Պետրոսյանը, «պատմությունը «եթե» չի սիրում, պատմությունն արձանագրում է այն, ինչն արդեն իրականացած է»։ Իսկ Հայաստանի պատմության մեջ անձի դերի մասին չոր փաստերը վկայում են. Տեր-Պետրոսյանը համարում էր, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Արցախն Ադրբեջանին հանձնելու, Ռոբերտ Քոչարյանն ապացուցեց հակառակը, Սերժ Սարգսյանը շարունակեց... Բայց ահա բերեցին նեվրասթենիկ Նիկոլին։

Շատ բան է կախված հենց երկրի ղեկավարի անձից։ Այսօր դա արտահայտվում է առանձնակի ակնբախորեն։ Խոսում ենք Ռուսաստանի քաղաքականության մասին՝ հասկանում ենք Պուտին։ Թուրքիա՝ Էրդողան։ Ադրբեջան՝ Ալիև։ Հայաստան՝ Փաշինյան ... Սա խայտառակություն է, և ցնցումներն ու անմեղ մարդկանց մահերը Հայաստանում կշարունակվեն, քանի դեռ նա իշխանության ղեկին է։

Եթե Տեր-Պետրոսյանը չի տեսնում այդ ակնհայտ փաստերը, ուրեմն ոչինչ չի հասկանում քաղաքականությունից։ Իսկ եթե տեսնում է, ուրեմն իր «մայիսյան թեզերով» հետապնդում է նպատակներ, որոնք ընդհանուր ոչինչ չունեն ազգային շահերի հետ։ Այն է՝ փրկել Փաշինյանի կաշին, ապացուցել Արցախի կորստի անխուսափելիությունը, որպեսզի պարզերես անի իրեն, և այդպիսով հարթի իր մեղքը Հայաստանի և Արցախի առջև։

Տեր-Պետրոսյանը խոսում է պատմության անխուսափելի դատաստանի մասին։ Հենց այն պատճառով, որ իր քայլերով Փաշինյանի հոգևոր հայրը նպաստել է աղետի մոտեցմանը, նա արդեն կանգնած է պատմության դատաստանի առջև։ Իսկ Փաշինյանի համար ամեն ինչ դեռ առջևում է. պետական դատավարություն, պատմության դատաստան, և մարդկային դատ…

Տեր-Պետրոսյանն առաջարկում է մտավորականներին հանդես գալ որպես միջնորդ, մեկ սեղանի շուրջ նստեցնել Փաշինյանին, Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ իրավիճակից ելք գտնելու համար... Ոչ մեկին ոչ մի տեղ պետք չէ նստեցնել։ Ընդդիմությունն արդեն առաջարկել է փոխզիջումային ելքը. Փաշինյանի հրաժարական, արտակուսակցական կոալիցիոն կառավարության ստեղծում և կես տարի անց՝ նոր ընտրություններ։