ԴՈՒՐՍ ԵԿԵՔ ՓՈՂՈՑ, ՊԱՐՈՆԱՅՔ, ՈՐՊԵՍԶԻ ՉՆՄԱՆՎԵՔ ՆՐԱՆՑ

Սեփական դավաճանությունը արդարացնելու ողորմելի փորձ…

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մտել է Մոսկովյան փողոցի երևանյան սրճարաններից մեկն ու անմիջապես լսել այցելուներից մեկից. «Խնդրում եմ, այդտեղ չնստեք, ձեզ որ տեսնում եմ՝ ախորժակս փակվում է»։ Աղազարյանը պատասխանել է անպարկեշտ հայհոյանքով, հետո կրկնել դա ևս մեկ անգամ և ոտքով հարվածելով՝ շրջել սեղանը։ Քաշքշոց է սկսվել։

Տեսնելով այն, ինչ ցույց տվեց հայ հանրությանը ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի մայրը, ցանկանում ենք մեր խոնարհումն արտահայտել մեր մայրերին ու տատիկներին, քույրերին ու դայակներին, դաստիարակչուհիներին և ուսուցիչներին, որոնք մեզ մեծացրել են հայ ընտանիքին վայել ավանդույթներով...

«Եթե շարժումը ձախողվի, ապա սա Նիկոլ Փաշինյանի համար կլինի հնարավորություն, որ վերջինս մատնացույց անի, թե տեսեք՝ Հայաստանի քաղաքացիները, երեք միլիոն հայերը համաձայն են իր առաջարկի հետ, այն է` Արցախի 120 հազար հայերին հարկադրել ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը կամ հեռանալ իրենց պատմական հայրենիքից։ Բնական է, որ մարդիկ Նիկոլ Փաշինյանին պետք է անբարոյական համարեն, նրա այն առաջարկը, թե 120 հազար մարդու պետք է «փուռը տալ», 3 միլիոն մարդու գոնե ժամանակավոր փրկելու համար, անընդունելի է»,- հայտարարել Է Կառուցողական կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։

Ինչպե՞ս կարելի է անվանել այն մարդուն, որը միանգամայն հանգամանորեն պատկերացնում է ժողովրդի գլխավերևում կախված վտանգը, բայց հրաժարվում է գնալ Ֆրանսիայի հրապարակ միայն այն պատճառով, որ, իր կարծիքով, Ազգային-ազատագրական շարժման հետևում կանգնած են երկրորդ և երրորդ նախագահները։ Ավելի ազնիվ կլիներ, եթե ասեր, որ կինը թույլ չի տալիս։ Բազմիցս խոսվել է այն մասին, որ ներկայիս շարժումը վերկուսակցական բնույթ է կրում։ Այն պատճառաբանությունները, թե շարժման ղեկին կանգնած են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ուստի Ղուկասյանը, Դավիթ Խաժակյանը և այլ գործիչներ չեն կարող միանալ Արցախի և Հայաստանի փրկության պայքարին, սեփական ստորությունն արդարացնելու ճղճիմ փորձ է։ Իրականում Խաժակյանը նախընտրել է կողքից դիտողի կարգավիճակն այն պատճառով, որ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդին նշանակել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Երկրորդ և երրորդ նախագահներին պատրվակ դարձնելը սեփական դավաճանությունն արդարացնելու ողորմելի փորձ է

Նման իրավիճակում դատողություններ անել ինչ-որ «երրորդ ուժերի» մասին, որոնք իրենց չեն արատավորել կոռուպցիայով, ուստի կարող էին գլխավորել պայքարը, քաղաքական դիմազրկության ու անպիտանիության դրսևորում է։ Քաղաքականությունը չի հանդուրժում ստորադասական եղանակ. կա շարժման փաստը, որը թարմ ուժերի ներհոսքի խիստ կարիք ունի։ Ժամանակն է հաղթահարել պատանեկան մաքսիմալիզմը և դուրս գալ անչափահասի գիտակցության շրջանակներից. քաղաքականությունը սպիտակ ձեռնոցներով չեն կառուցում, իսկ Հայաստանի և Արցախի փրկությանը չմիջամտելն արդարացնելու փորձը հավասարազոր է ազգային շահերի դավաճանության տակ ստորագրելուն։ Մի՞թե Անդրիասի կուսակցության բոլոր անդամներն են համակարծիք նրա դիրքորոշմանը։ Թեպետ, ո՞ւր է այդ կուսակցությունը, ինչ-որ վաղուց դրա մասին ոչինչ չենք լսել։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին վաղուց ամեն ինչ ասված է. Էդմոն Մարուքյանը զոհաբերեց այն՝ հանուն Նիկոլի շնորհած պաշտոնի

«Փողոցներում մարդիկ չե՞ն»…

«Հայաստանում չեն գործում սահմանադրական և իրավական նորմերը»,-արձանագրեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքերով, բերման են ենթարկվել 44-օրյա պատերազմի տասնյակ մասնակիցներ, ինչպես նաև այդ պատերազմում զոհվածների ծնողներ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, թե «փողոցներում մարդիկ չեն, այլ ավազակների ու խուլիգանների խմբեր»: Մայիսի 6-ին մորեգույն բերետավորները ասֆալտին են տապալել, ձեռքերով խեղդել ու ոտքերով հարվածել Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից Գագիկ Վարդանյանին: Նրա սխրանքի մասին լրատվամիջոցները գրել են Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Վիրավոր վիճակում Վարդանյանը չի լքել դիրքերը, այլ շարունակել է դիմադրել հակառակորդի գերազանցող ուժերին։ Վարդանյանին ու նրա ընկերների՞ն է Ալեքսանյանն անվանում խուլիգաններ ու ավազակներ։ Հադրութցի փախստական, երեք անչափահաս երեխաների հայր Դավիթ Ավագյանին ձերբակալել են… մշտական բնակության վայր չունենալու համար։

Բավական է հիշել, թե ինչպես էր պատգամավոր Ալեքսանյանը ծեծում իր ընդդիմադիր գործընկերներին ու անվանում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին «վերբալ մարմնավաճառներ», որպեսզի ակներև դառնա, թե որտեղ են ավազակներն ու խուլիգանները, իսկ որտեղ՝ հայրենասերները, որոնք պայքարի են ելել դավաճանի ու իր հաճկատարների դեմ։ Ալեքսանյանը գլխավոր դատախազին ուղղված հրահանգներ հնչեցրեց՝ գործնականում ավելի ակտիվ կիրառելու օրենքի շրջանցմամբ ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքը։ Այդ առնչությամբ ուզում եմ հիշեցնել, որ այդ հակասահմանադրական օրենքի դեռևս մշակման փուլում «Գոլոս»-ը գրել է այն մասին, որ դրա գլխավոր նպատակը պայքարն է իշխանության քաղաքական ընդդիմախոսների դեմ։

Նույն խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում կարծիք է հայտնել ոստիկանների լիազորություններն ընդլայնելու անհրաժեշտության մասին։ Նա ժխտել է ընդդիմության այն մեղադրանքը, որ Փաշինյանը կործանել է երկրի տնտեսությունը՝ վկայակոչելով եվրոյի և դոլարի մեծ ներհոսքը Հայաստան։ Պատգամավորը բանը ներկայացրել է այնպես, իբր դա կառավարության արժանիքն է, այլ ոչ թե Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հետևանքը։ Իսկ բացի այդ, Սուքիասյանը ընդդիմությանը կոչ է արել վերադառնալ խորհրդարան, քանի որ իշխանափոխություն չի լինի այն պատճառով, որ երկիրը, ըստ իրեն, «չի շեղվի ժողովրդավարության ուղեգծից»։

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը Փաշինյանի հեռուստաընկերության եթերում բարձր ու վճռական կոչ արեց իշխանությանը ջրցան մեքենաներ կիրառել բողոքի փողոցային ակցիաների մասնակիցների դեմ, ոստիկաններին տրամադրել նոր մարտական հանդերձանք, ապահովել նրանց մարտական շներով և, վերջապես՝ խոշոր տուգանքներ սահմանել ճանապարհների արգելափակման համար: Ի դեպ, իսկ քանի՞ իրական անդամ կա Շիրինյանի կուսակցությունում. 10, թե՞ 12։ Հիշեցնեմ, որ հունիսի 20-ի ընտրություններում այն հավաքել էր ձայների ողորմելի քանակ։

Էժանագին հնարք…

Այն մասին, որ բողոքի փողոցային ակցիաների երիտասարդ մասնակիցների անձնական տվյալներն ԱԱԾ-ի միջոցով արդեն փոխանցվում են զինկոմիսարիատներ, ինչպես կոչ էր արել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը, արդեն հայտնի է բոլորին: Ուստի կսահմանափակվեմ հիշեցումով՝ հղում կատարելով ԶԼՄ-ների հրապարակումներին, որ Անդրանիկ Քոչարյանի կրտսեր որդին՝ Վազգենը, Լուսակերտում ուսումնական դասընթացներից հետո ենթակա էր զորակոչվելու Արցախ, բայց Անդրանիկը գործադրել է բոլոր ջանքերը՝ համոզելու ՊՆ-ին, որ իր որդին պետք է ծառայություն անցնի մայրաքաղաքի կայազորներից մեկում։

44-օրյա պատերազմի ժամանակ պարբերաբար տեղեկություններ էին ստացվում այն մասին, որ Վազգեն Քոչարյանին երկու անգամ տեղափոխել են մի զորամասից մյուսը։ Լրատվամիջոցները նշել են, որ այդ տեղափոխությունները ղեկավարել է ռազմական ոստիկանության պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը։ Քոչարյանը հերքեց այդ տեղեկությունը՝ հայտարարելով, թե իր որդին ծառայել է ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածներում։ Իր ավագ որդուն Քոչարյանը ազատել է բանակից, քանի որ նա գիտությամբ է զբաղվում…

Ահա այն անձանց ցուցակը, որոնք պահանջում են ավելի խիստ միջոցներ ձեռնարկել փողոցային ակցիաների մասնակիցների դեմ: Բարեբախտաբար, ժողովրդի դեմքը ոչ թե Վահագն Ալեքսանյանն է, Լևոն Շիրինյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հովիկ Աղազարյանը, այլ այն տասնյակ հազարավոր երիտասարդ տղաները, որոնք, հակառակ բռնությանն ու շանտաժին, այս օրերին փողոցում են։ Վերոթվարկյալ գործիչները ցանկանում են վարկաբեկել երիտասարդությանը ինչ-որ փողերի մասին հապճեպորեն սարքած հեռախոսազրույցի ձայնագրությամբ, որոնք ինչ-որ մեկն իբր ստացել է բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Էժանագին հնարք. ասենք, Փաշինյանի գաղափարական հետևորդներն ավելին անելու ունակ չեն։ Դուրս եկեք փողոց, պարոնայք, որպեսզի չնմանվեք նրանց։