ԵՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՉԷԻ ՆԿԱՐՈՒՄ՝ ՄՏԱԾԵԼՈՎ, ԹԵ ԶՈՀՎԵԼՈՒ ԵՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Լուսանկարիչ, օպերատոր Հակոբ Պողոսյանը վավերագրել է արցախյան 3 պատերազմները։ Առաջին պատերազմը լուսանկարելիս դեռ ընտանիք չէր կազմել, հիմա արդեն թոռնիկ ունի։

Արցախյան 3 պատերազմների բազմաթիվ տղաների վերջին լուսանկարները հենց նա է արել՝ Հակոբ Պողոսյանը։ Այս մասին խոսելիս թիկնեղ, ալեխառն մազերով տղամարդու աչքերը կարմրում են։ Պատերազմի լուսանկարիչ դառնալը երազանք չէր. այդպես ստացվեց։ Պատմության համար վավերագրեր ստեղծելն էլ իր բաժին կռիվն էր...

Ի տարբերություն շատ լուսանկարիչների՝ Հակոբ Պողոսյանը պատերազմական լուսանկարների հանդեպ «սեփականատիրոջ» վերաբերմունք չունի։ Ինքն է նկարել, բայց իրենը չեն՝ ժողովրդինն ու պատմությանն են։

СНИМАЯ СОЛДАТ В КАРАБАХЕ, НЕ ДУМАЛ ОБ ИХ СКОРОЙ ГИБЕЛИ

Ինչպես սկսվեց ամեն ինչ

«Մեր ժամանակներում պիոներ պալատներում խմբակներ կային, 5-6-րդ դասարան էի եկան, ասացին՝ ֆոտոխմբակ կա։ Մի քանի հոգով գնացինք...»։

Այդ օրվանից ֆոտոխցիկն անբաժան ընկեր դարձավ։ Գործը նոր ժամանակներում ու նոր տեխնոլոգիայով հետաքրքիր է, բայց ժապավենով նկարելն ուրիշ էր։

«Բաղնիքը փակում էինք, էդ ընթացքում ոչ մեկը չպետք է լողանար. ժամը 8-ից մինչև գիշեր նկար էինք տպում»։

Դեռ դպրոցի ավարտական քննությունները չէր հանձնել, առաջարկեցին Հայաստանի պետական հեռուստատեսությունում աշխատել որպես օպերատորի օգնական։

«Գնում էիր հեռուստատեսություն ու տեսնում էիր Մհեր Մկրտչյանին, Ռաֆայել Քոթանջյանին, Բաբկեն Ներսիսյանին... «Օգոնյոկներին» գալիս էին, ասենք, Պուգաչովա, Բոյարսկի, Գոհար Գասպարյան, Լուսինե Զաքարյան։ Հետաքրքիր օրեր էին։ Կարող է՝ էդ օրն աշխատանքի չլինեիր, բայց առավոտյան 9-ին հեռուստատեսություն մտնեիր, գիշերը 1-ին դուրս գայիր։ Այդ ընթացքում սկսեցի այդ հայտնի մարդկանց լուսանկարել»։

Հակոբ Պողոսյանի հեռուստատեսային ճանապարհը 2 տասնամյակ տևեց՝ 1985-2005թթ։ Այդ տարիներին էլ սկսեց վավերագրությամբ զբաղվել՝ արցախյան շարժում, Էրեբունու արյունալի դեպքեր, Նոյեմբերյան, Արցախյան ազատամարտ․․․

СНИМАЯ СОЛДАТ В КАРАБАХЕ, НЕ ДУМАЛ ОБ ИХ СКОРОЙ ГИБЕЛИ

Առաջին անգամ պատերազմում

«Ես փողի համար չեմ գնում պատերազմ նկարելու, դա իմ պարտքն եմ համարում»։

1991 թվականին որոշեց մեկնել Արցախ՝ լուսանկարներով պատմելու պատերազմի ու տղերքի մասին։ Լուսանկարում ու տեսանկարահանում էր ամենաթեժ կետերում՝ Վարանդայի (Ղարադաղլու), Խոջալուի ազատագրում, Կրկժանի, Մալիբեյլիի գործողություններ, Հադրութ, Շուշիի ազատագրում...

Վերջինի մասին հիմա դժվարությամբ է պատմում. ցավոտ է։ Ասում է՝ «Արարատի» ջոկատի պոչին կպած էր գնում, Շոշի ուղղությամբ մտան քաղաք։

«Առաջինը ես էի, որ եկեղեցի մտա բոլորը հավաքվել էին եկեղեցու մոտ ու չէին թողնում մտնել, ենթադրում էին, որ թուրքերը նահանջելիս մտածել են, որ ժողովուրդը կմտնի եկեղեցի, դրա համար ականապատած կլինեն։ Ես կամերան միացրած դանդաղ քայլելով եկա, մտա, հետևիցս էլ գոռում էին՝ «մինապատած է, մի՛ մտի»։ Եկա մինչև եկեղեցու ուղիղ կենտրոնն ու կանգնեցի։ Շատ սիրուն բան ստացվեց, էդ տղեն պուլիմյոտի լենտերով կապկպված եկավ, կադրիս մեջ մտավ, խորանի վրա մոմ վառեց։ Իսկ մինչև էդ բոլորը մոմերը վառում էին դրսում՝ պատերի վրա, պաչում էին պատերը»։

Հիշում է, թե ինչպես էին քաղաքի ազատագրումից հետո շրջում քաղաքի փողոցներով: Հասան մի աղբյուրի. Զորի Բալայանը սկսեց պատմել աղբյուրի մասին` որ թվականին, ում կողմից է կառուցվել, նաև նշեց, որ աղբյուրի վրա հայերեն գրություններ են եղել, որոնք ադրբեջանցիները ջնջել են:

«Զորի Բալայանը Պարգև սրբազանին վառված մուր տվեց` խնդրելով աղբյուրի վրա գրել այն տողերը, որ ադրբեջանցիները ջնջել էին: Հետո ինքն էլ վերցրեց մուրը, նկարեց Մասիս ու խաչ»:

 

Շուշիից հետո Շահումյանն էր։ Հիշում է Շահեն Մեղրյանի խոսքը՝ «Հակո՛բ ջան, 90/10 են շանսերը. 90 տոկոսով մեռնելու ենք, 10 տոկոս՝ ողջ մնանք»։

Խելահեղություն էր, բայց համաձայնեց։ Մերոնք ուղղաթիռով գալիս ու վայրէջք էին կատարում «Եղնիկներում», որն այդ ժամանակ չորս կողմից թուրքերով էր շրջապատված 20-25 հոգով անտառներում պարտիզանական պատերազմ էին վարում։

«Երբ ուղղաթիռը թռչում էր, պետք է մառախուղ լիներ, բայց իջնելու տեղը՝ բաց։ Պատկերացնու՞մ եք, թե ամսվա մեջ նման եղանակ քանի անգամ կարա լինի։ Մենք էդ ընթացքում կորցրել ենք 2 ուղղաթիռ, 1 ուղղաթիռ էլ Շահեն Մեղրյանենցը խփեցին, բայց դա մի քիչ անհասկանալի էր, չխորանանք․․․ Մինչև 94 թվականը ոչ մեկը չէր հավատում, որ «Եղնիկներում» մարդ կա, գիտեին՝ միֆ է»։

Առաջին անգամ հենց 1993 թվականի ապրիլին Հակոբ Պողոսյանը վիրավորվեց «Եղնիկներում», երկրորդ անգամ՝ Ջրականում (Ջաբրայիլ)։ Ապաքինվում էր, ոտքի կանգնում ու նորից Արցախ մեկնում՝ իր բաժին կռիվը շարունակելու...

СНИМАЯ СОЛДАТ В КАРАБАХЕ, НЕ ДУМАЛ ОБ ИХ СКОРОЙ ГИБЕЛИ

«Խաղաղության» օրերն ու Հայրենականի վետերանները

Վավերագրությունը լուսանկարչական ուրիշ աշխարհ է նկարում ես պատմության համար, նկարածդ էլ պետք է խոսի, պատմի։ Հակոբ Պողոսյանը պատմելիս հաճախ է զուգահեռներ անցկացնում Արցախյան պատերազմի ու Մեծ հայրենականի միջև։ Որոշեց մեծ նախագիծ իրականացնել՝ լուսանկարել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին։ Հեշտ գործ չէր նրանցից շատերն արդեն վատառողջ էին, անկողնային հիվանդ։ Բայց պատերազմ տեսած մարդու համար անհնար բան չկար։ Արդյունքում, Հակոբ Պողոսյանը եղավ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում՝ լուսանկարելով շուրջ 2000 վետերանի։

2014-ին լուսանկարների փոքր մասը՝ 100 դիմանկար, ներկայացվեց ցուցահանդեսում 100 վետերաններից բացակա էին միայն 3-ը 1-ը ցուցահանդեսի օրն էր մահացել, մյուսը երկուսն էլ՝ դրանից մի քանի օր առաջ։ Ասում է՝ վետերանների հետ շփվելիս հասկացավ, թե ինչքան նմանություն կա նրանց ու Արցախյան ազատամարտի վետերանների միջև։ Տարբեր սոցիալական կարգավիճակով մարդիկ հայրենիքի համար էին կռվում։

«Ես որ նկարում էի Հայրենականի մասնակիցներին, պատմում էին, որ իրենց տարել են ֆրոնտ` զենք չեն ունեցել. պետք է նեմեցին խփեին, զենքը ձեռքից վերցնեին։ Էդ նույն բանը մենք ապրել ենք 88-90թթ»։

Չավարտված պատերազմը

90-ականներին պատերազմը չվերջացավ Ապրիլյանի ժամանակ Հակոբ Պողոսյանն ու լուսանկարիչ Գերման Ավագյանը միասին շարժվեցին դեպի Արցախ, հենց որ ռադիոյով լսեցին պատերազմի լուրը։ Ապրիլի 3-ին Թալիշում էին տներից մեկում Հակոբ Պողոսյանը լուսանկարեց ադրբեջանցիների կողմից վայրենաբար սպանված խաղաղ բնակիչներին։

СНИМАЯ СОЛДАТ В КАРАБАХЕ, НЕ ДУМАЛ ОБ ИХ СКОРОЙ ГИБЕЛИ

Հետագայում այդ լուսանկարները ՄԱԿ-ում ներկայացվեցին որպես ադրբեջանցի զինվորների վայրագությունների ապացույց։ Ապրիլյանի ժամանակ սկսեց նաև տղաների դիմանկարների շարքը։ Դա երկու պատճառ ուներ նախ անվտանգությունն էր, որ լուսանկարում, օրինակ, լեռներ չերևային, ինչը կարող էր տեղորոշիչ լինել, իսկ երկրորդ նպատակն այն էր, որ ծնողներն իրենց երեխաներին տեսնեն։

«Իմ նպատակն էր բոլորին նկարել։ Անգամ երբ զգում էի՝ էլ չեմ հասցնում, ասում էի՝ տղերք, մի հատ հավաքվեք, սաղիդ իրար հետ նկարեմ»։

44-օրյա պատերազմի մասին խոսելիս մռայլվում է ասում է՝ չի ուզում պատմել ու հիշել։

«Սա կարող էր հաղթանակ լիներլ բայց պարտություն դարձավ, որովհետև մեծ դավաճանություն կար․․․»։

Հակոբ Պողոսյանը շատ բան է տեսել ու վավերագրել. ջոկատների, որոնք «բունտ» արեցին ու հրաժարվեցին գործողությունների մասնակցել, բայց նաև 18-19 տարեկան տղաների՝ «երեխեքի», որ անհավանական հերոսություններ էին անում։ Հիմա բազմաթիվ տղաների հարազատներ գտնում են իրեն ու իրենց զոհված տղայի լուսանկարը խնդրում։

«Ես էդ տղաներին չեմ նկարել՝ մտածելով, որ իրենք զոհվելու են...»,- խոսքը կիսատ է մնում։ Ասելիք այլևս չկա։ Այս տարի երկրորդ մայիսի 8-ն է, որ ինքն Արցախում չի լինելու։ Թեպետ հաճախ է գնում, բայց ծանր է. նախկինում ազատ էր իր երկիր մտնում, իսկ հիմա անցակետեր է հատում․․․ Այն հարցիս, թե, եթե, Աստված մի արասցե, էլի պատերազմ․․․

«Անպայման գնալու եմ, անխոս գնալու եմ»,- միանգամից ասում է նա։

Հույս ունի, որ այս անգամ վերջին պատերազմն է նկարելու ու վերջին լուսանկարները լինելու են հաղթանակի մասին...

Մարիաննա ՓԱՅՏՅԱՆ, Sputnik Արմենիա