ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Հայաստանում մեղմացվում են գործող կորոնավիրուսային սահմանափակումները՝ հաշվի առնելով համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

Մասնավորապես, մայիսի 12-ից չեղարկվում է կորոնավիրուսի տեստի բացասական արդյունք կամ պատվաստումների հավաստագիր ներկայացնելու պահանջը հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ ու թանգարաններ, թատրոններ, կինո և ժամանցի այլ վայրեր այցելելիս:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. լավ է, որ հանրային սննդի և ժամանցի այլ վայրերի օբյեկտներին առողջապահության նախարարությունը թույլ է տալու մի փոքր շունչ քաշել։ Իհարկե, լավ է, որ երկրում կորոնավիրուսային ընդհանուր իրավիճակը բարելավվել է, բնակչության գրեթե կեսը պատվաստված է, և կարելի է չեղարկել որոշակի սահմանափակումներ: Այդուհանդերձ հարկ է նշել, որ այդ նախաձեռնությունը երեք ամսից քիչ ավելի կյանք ունեցավ և այդ ընթացքում հսկայական վնաս հասցրեց այն ոլորտին, որին ուղղված էր: Եվ ընդ որում հաշվարկված չէ այդ գաղափարի ՕԳԳ-ն։ Այստեղ կարելի է առարկել, ասել, թե Հայաստանի բնակչության գրեթե կեսի ամբողջական պատվաստումը առողջապահության նախարարության ղեկավարության ձեռնարկած այդ քայլի արդյունավետության լավագույն վկայությունն է։

Սակայն, QR կոդերի ներկայացման պարտավորությանը զուգահեռ՝ հասարակական վայրերում սահմանվել է զանգվածային պատվաստումները «խթանող» այլ սահմանափակումների մի ամբողջ փունջ։ Օրինակ, աշխատող բոլոր անձանց պարտավորեցումը կա՛մ պատվաստվել, կա՛մ երկու շաբաթը մեկ ներկայացնել տեստի բացասական արդյունք։ Ահա ուրեմն, ոչ ոք չի կարող ասել, թե որ պահանջն է գործել. QR կոդերը ռեստորաններում, թե աշխատող անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները։ Փոխարենը՝ երկրի քաղաքացիներին տուգանքելու տեսանկյունից ամեն ինչ գործել է…

Թեպետ, խոսքն այս դեպքում այլ բանի մասին է։ Օրերս առողջապահության նախարարությունը սաստիկ «դատափետեց» ԱՀԿ-ին։ Եթե նկատի առնենք այն ակնածանքը, որ տածում է մեր նախարարությունը Առողջապահության միջազգային կազմակերպության նկատմամբ, ՀՀ ԱՆ պահվածքը, ուղիղն ասենք, շատ անսպասելի էր։ Դիմելով կազմակերպությանը՝ առողջապահության նախարարությունը քննադատել է նրա վերջին հաշվետվությունը՝ Հայաստանում կովիդից մահացության գնահատականների առնչությամբ։ «Պարզվել է, որ COVID-19-ի հետևանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներկայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշն ուռճացված է, քանի որ այն արտացոլում է ոչ միայն երկրում համավարակով պայմանավորված, այլև պատերազմի և դրա հետևանքով արձանագրված մահերը: Բացի դրանից՝ 2020 և 2021 թվականների համար փորձագետների կողմից օգտագործվել են հասանելի նախնական տվյալներ, որոնք տարբերվում են վերջնականից: Հաշվի առնելով վերոգրյալը` առողջապահության նախարարությունը կդիմի ԱՀԿ-ին` պահանջելով լրացուցիչ մեկնաբանություններ և հրապարակված վերլուծության վերանայում»։

Նույնիսկ անզեն աչքով երևում է, որ 100 հազար բնակչի հաշվով 650 մահն ակնհայտ չափազանցություն է։ Չէ՞ որ դա նշանակում է, որ համավարակի մոլեգնության ընթացքում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 19 հազար մարդ։ Իրականում, ըստ վիճակագրության, Հայաստանում COVID-19-ից մահացածների թիվը փոքր-ինչ գերազանցում է 8,5 հազարը։ Այստեղ ՀՀ առողջապահության նախարարությունը, իհարկե, իրավացի է, պնդելով, որ այդ թիվը սաստիկ ուռճացված է։ Սակայն կա մի փոքր նրբություն։ Եթե ուռճացումը տեղի է ունեցել պատերազմում զոհվածների հաշվին (ինչպես պնդում է առողջապահության նախարարությունը), ապա ստացվում է, որ պատերազմում զոհված ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է ավելի քան 10,5 հազար: Իսկ դա արդեն այլ խոսակցություն է՝ միանգամայն այլ թեմայով։

Իրականում ողջ այս պատմության մեջ կարևոր է այն, որ կասկածելի վիճակագրության հիման վրա կայացվում են կասկածելի որոշումներ։ Հակասական տվյալների հիման վրա ձեռնարկվում են հակասական քայլեր։ Այս ամենը կառավարման համակարգում տիրող բարդակի հերթական վկայությունն է։