ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ՀԱՄԸՆԿԱՎ ՌԵԺԻՄԻ ՀՈԳԵՎԱՐՔԻ ՀԵՏ
«Խոսքը պետական տեռորի մասին է»
2019թ. մայիսի 19-20-ին իրավիճակը Հայաստանում և Արցախում բավական լարված էր։ Փաշինյանը փորձում էր լիցքաթափել լարվածությունը անցումային շրջանի ժամանակավոր դժվարությունների թեմայի վերաբերյալ իր համախոհների խրոխտ ելույթներով։ Եթե ոմանք մոռացել են՝ հիշեցնեմ, որ խոսքը «բռնապետությունից» անցման մասին էր «ժողովրդավարության»։ Նույն այդ օրերին Հայաստանի մասին առասպելը՝ որպես «ժողովրդավարության բաստիոնի», փլուզվեց վերջնականապես և անդառնալիորեն. 3 տարի առաջ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանների բոլոր շենքերը Հայաստանի տարածքում։
Նրանք, ովքեր փորձում էին ինչ-որ կերպ մեղմել 2018 թվականի հոկտեմբերի 2-ին խորհրդարանի գրոհին տրվող գնահատականը, 2019 թվականի մայիսին վերջնականապես համոզվեցին, որ խորհրդարանի հակասահմանադրական զավթումից հետո Փաշինյանն անցել է դատարանների հակասահմանադրական զավթմանը: Գրոհի մանրամասները չեմ նկարագրի, դրանք հայտնի են բոլորին հեռուստառեպորտաժների կադրերից։ Այսօր ճիշտ ժամանակն է տրամաբանական թել անցկացնել խորհրդարանի զավթումից ու դատարանների շրջափակումից մինչև 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը ժողովրդի թիկունքում կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրում: Բոլոր այդ գործողությունները մեկ անձի դիկտատուրայի հետևանք են։ Նրանք, ովքեր չեն տեսնում ուղիղ կապն այդ իրադարձությունների միջև, կարող են ընդհատել ընթերցումը հենց այս տողից…
2019թ. մայիսին դատարանների շրջափակումից հեշտ է տրամաբանական թել անցկացնել դեպի Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար։ Օրինական նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ ռեժիմը, հիշեցնեմ, քրեական գործ սարքեց։ Դատարանների շրջափակումից կարելի է տրամաբանական թել անցկացնել նաև դեպի դատավոր Բորիս Բախշիյանի 3-ամսյա կալանավորում։ Նա 3 ամիս անցկացրեց ճաղերի հետևում միայն այն բանի համար, որ ազատ էր արձակել «Սիսական» լեգենդար ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, Քաջարանի քաղաքապետ, Արցախի երկրորդ և երրորդ ազատամարտերի մասնակից Մանվել Փարամազյանին, ինչպես նաև Գորիսի փոխքաղաքապետ, Արցախյան առաջին ազատամարտի մասնակից և հաշմանդամ Մենուա Հովսեփյանին: Այդպիսի «կամայականությունը» Փաշինյանը չի՛ ներում։
Նիկոլավարի ժողովրդավարության տիպիկ նմուշը Փաստաբանների պալատի նախկին նախագահ, այժմ «Զարթոնք» կուսակցության առաջնորդ Արա Զոհրաբյանի ձերբակալությունն էր օրեր առաջ։ Հայտնի իրավաբանը Հանրապետության հրապարակում հանգիստ զրուցում էր լրագրողների հետ, երբ ոստիկանները, միացրած տեսախցիկների առջև, առանց մի բառ ասելու և որևէ պահանջ ներկայացնելու, մտան Զոհրաբյանի թևերն ու քարշ տվեցին ոստիկանական ավտոբուս։ Այսօրվա Հայաստանում Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներին բերման են ենթարկում որևէ բացատրության և օրինական պահանջների շրջանցումով։
ՀՅԴ երկու անդամների ձերբակալությունը, Արմավիր և Էջմիածին քաղաքային համայնքներում, ինչպես նաև Բաղրամյան գյուղական համայնքում կուսակցության գրասենյակների խուզարկությունները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բնորոշեց որպես ռեժիմի տոտալ հարձակում ընդդիմության վրա: «Ռեժիմն անցել է տոտալ հարձակման, խոսքը պետական տեռորի մասին է»,- ընդգծեց Մինասյանը։
Զավեշտը շարունակվում է
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կոչն ԱԱԾ-ին՝ բողոքի ակցիաների մասնակիցների անձնական տվյալները զինկոմիսարիատներին փոխանցելու վերաբերյալ, զայրացրել է նույնիսկ Արթուր Սաքունցին, որը վերջին շրջանում ջուր էր առել բերանը՝ աչք փակելով ռեժիմի բոլոր անօրինությունների վրա...
Ավելի ուշ օմբուդսմենի ճնշման տակ Քոչարյանը ստիպված եղավ հանդես գալ պարզաբանումներով, թե իբր՝ նկատի է ունեցել բողոքի ակցիաների այն մասնակիցներին, որոնք խուսափում են մեկամսյա և 3-ամսյա զինավարժական հավաքներից։ Մի խոսքով, ռեժիմը հանրահավաքներից չի հավաքի և ուղիղ սահման չի ուղարկի ընդդիմության կողմնակիցներին, թեև ներկա իրավիճակում ոչ մի հակաիրավական գործողություն չի կարելի բացառել, դատարանների շրջափակման երրորդ տարելիցը համընկել է ռեժիմի հոգեվարքի հետ…
2021թ. մարտի վերջին ՍԴ որոշմամբ ավարտվեց երկրորդ նախագահի և մի խումբ անձանց կողմից 2008թ.մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով դատավարության զավեշտը։ Դրանից հետո (տեղեկատվությունը բազմիցս ստուգված է) Փաշինյանի շրջապատն առաջարկել է դատապարտել Ռոբերտ Քոչարյանին Քր.օր.-ի 309-րդ՝ «Պաշտոնեական լիազորությունները անցնելը» հոդվածով։ Այսօր երկրորդ նախագահին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նույն դատավոր Աննա Դանիբեկյանը փորձում է դատապարտել առանձնակի խոշոր չափերի կաշառք ստանալու համար: Գլխավոր վկայի դերում հանդես է գալիս նեղ շրջանակներում հայտնի ձեռներեց Սիլվա Համբարձումյանը. մի խոսքով՝ զավեշտը շարունակվում է։
Բացի պետական և ազգային շահերին դավաճանելու համար պատասխանատվություն նախատեսող հոդվածներից, Փաշինյանին կարելի է մեղադրանք առաջադրել նույն 309-րդ հոդվածով: Դատարանների շրջափակման կոչը կարելի է գնահատել միայն որպես պաշտոնական լիազորությունների չարաշահում։ Եթե 2018-ի հոկտեմբերի 2-ին Փաշինյանն իրականացրեց օրենսդիր մարմնի զավթումը, ապա 2019-ի մայիսին գործադիրի ղեկավարը կոչ արեց կաթվածահար անել դատական իշխանության գործունեությունը։ Հիշեցնեմ, որ ժողովրդավարության էությունը իշխանության բոլոր ճյուղերի տարանջատությունն ու հավասարակշռվածությունն է։ Այսօր Հայաստանում տիրում է մեկ անձի բացարձակ դիկտատուրա։
Ռեժիմը նախորդ տարվանից կալանքի տակ է պահում «Այլընտրանք» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Մանթաշյանին։ Նրա մեղքն այն է, որ 2020թ. նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենքում գլխավերևում բարձրացրել է Հայաստանի պետական դրոշը: Անցած տարվանից կալանավորված է Վանաձորի քաղաքապետի պաշտոնում փաստացի վերընտրված Մամիկոն Ասլանյանը: Նրան կեղծ մեղադրանք է առաջադրվել, որը վերաբերում է վաղուց տեղի ունեցած իրադարձությունների։ Իրականում Ասլանյանին ճաղերի հետևում փակեցին այն բանի համար, որ մերժել է մինչև դեկտեմբերի 5-ի ընտրությունները հրաժարական տալու Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հորդորները, որպեսզի քաղաքապետի աթոռը զիջի Նիկոլի դրածոյին՝ պաշտոնակատարի կարգավիճակով։
Ընդ որում ազատ է արձակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր՝ ԲՀԿ-ից Փաշինյանի թիմ չված Սերգեյ Բագրատյանի որդին։ Բագրատյան կրտսերը ձերբակալվել էր մարդ ծեծելու համար, հետո նրան ազատ արձակեցին, իսկ այսօր պատգամավորի որդին հետախուզման մեջ է։ Ազատ է արձակվել նաև մայորը, որը վերջերս մահացու ելքով վրաերթի ենթարկեց հղի կնոջը։ Ավելի վաղ ազատ էր արձակվել Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, որը հրաձգություն էր բացել Երևանի կենտրոնում։ Կարծում եմ, «Գոլոս»-ի տեղեկացված ընթերցողը վաղուց արդեն հասկացել է, թե որտեղից են աճում նիկոլավարի ընտրողական արդարադատության ոտքերը…
Եվս մեկ անգամ շեշտեմ, որ դատարանների շրջափակման երրորդ տարելիցը համընկել է ռեժիմի հոգեվարքի հետ։ Թե որքան կտևի այդ հոգեվարքը, կախված է մեզանից յուրաքանչյուրի կամքից։ Հայաստանը և Արցախի Հանրապետությունը կարոտել են նորմալ կյանքը, հայկական պետությունները 1994թ. սահմաններով պահպանող անվտանգությունը, համարժեք իշխանությունը, որը չի ստում, չի հանձնում տարածքները ժողովրդի թիկունքում, չի վաճառում ազգային արժեքները, չի ոտնձգում իր քաղաքացիների մարդկային արժանապատվության վրա: Ռեժիմի հոգեվարքը անշրջելի գործընթաց է, բայց այն կարող է տևական բնույթ կրել։ Որպեսզի դա տեղի չունենա, պետք է դուրս գալ փողոց և աջակցել ընդդիմության ցույցերին։