Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ՆԻԿՈԼԻ ՄՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱ՛Մ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ, ԿԱ՛Մ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի մնալու դեպքում Հայաստանում ու Արցախում կա՛մ նոր պատերազմ է լինելու, կա՛մ հայրենազրկում։ Ֆրանսիայի հրապարակում հրավիրած ասուլիսում այս հայտարարությունն արեց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա վերահաստատեց նախկինում արված այն հայտարարությունը, թե իրենց իշխանության գալու դեպքում Արցախի հարցում Ադրբեջանի հետ Նիկոլ Փաշինյանի ունեցած բոլոր պայմանավորվածություններն առ ոչինչ են հայտարարելու։
«Որովհետև այն պայմանավորվածությունները, որ ինքը փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, դա խաղաղության պայմանագիր չէ։ Դա հայրենազրկման, Հայաստանի պետականությունը կորցնելու պայմանագիր է, հետևաբար անընդունելի է մեզ համար։ Մենք չենք ասում, որ այս իշխանությանը հեռացնելուց հետո Ադրբեջանին կամ Թուրքիային պատերազմ ենք հայտարարելու կամ չենք բանակցելու։ Բանակցելու ենք և՛ Ադրբեջանի հետ, և՛ Թուրքիայի հետ։ Բայց այդ բանակցություններին մենք գնալու ենք մեր օրակարգով, մեր պետության շահերը պաշտպանելու։ Ոչ թե գնալու ենք գլուխներս կախ, տեսնենք` ինչ են ասում իրենք»,– ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ Փաշինյանն ունի պայմանավորվածություններ, որոնք կա՛մ պետք է կատարի ու գնա նոր զիջումների, կա՛մ գնա նոր պատերազմի։ Այս պարագայում միակ ելքը, ընդդիմադիր գործչի համոզմամբ, իշխանափոխությունն է։
Ովքե՞ր են լինելու հաջորդ կառավարությունում
Իշխան Սաղաթելյանը պարզաբանեց, թե իշխանափոխությունից հետո ովքեր են լինելու հաջորդ կառավարությունում։
Սաղաթելյանը շեշտեց, որ ժամանակավոր կառավարությունը չի ձևավորվելու բացառապես կուսակցական անհատներով։
«Դրանք լինելու են այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք և՛ այս հարթակում են, և՛ այս հարթակից դուրս են։ Բայց մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս պոտենցիալ փորձ, գիտելիք, ուժ ներկայացնող անձանց։ Այսինքն` դրանք ոչ միայն այն քաղաքական դեմքերն են, որոնց դուք ճանաչում եք, այլ բազմաթիվ անկուսակցական անձինք, որոնց պետք է դիմենք»,– ասաց Սաղաթելյանը` հավելելով, որ այս պահին դեռ իրենց պատկերացրած անձանց հետ չեն բանակցել, քանի որ դեռ այդ փուլում չեն։
Ընդդիմադիր գործչի խոսքով` երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու համար պետք է կազմվի հզոր հավաքական` բաղկացած այն մարդկանցից, որոնք պատրաստ կլինեն հավաքական պատասխանատվություն ստանձնելու։
Շարժումը կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը
«Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում նշաձող իջեցնելու հայկական կողմի գործընթացը,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և որ Նիկոլ Փաշինյանը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի»,– ասաց Սաղաթելյանը։
Նա նաև հայտնեց, որ շարժումը ստեղծել է միջազգային ճգնաժամ, այդ թվում` միջազգային գործընկերների համար։
Չկա նման բան. Սաղաթելյանը մեկնաբանեց լուրերը, թե շարժումը առաջնորդ է փնտրում
Իշխան Սաղաթելյանը չի հերքում` շարժումը պառակտելու փորձեր արվում են, բայց հերքում է այն խոսակցությունները, թե շարժման առաջնորդների ու քաղաքական ուժերի միջև պառակտում կա։
«Շատերը փորձում են պառակտել, բայց նման խնդիր ընդհանրապես չկա։ Սա քաղաքական շարժում է, բայց վերկուսակցական է։ Հաճախ կուսակցություններն ավելի են աչքի ընկնում, որովհետև ունեն կազմակերպված ռեսուրս։ Բայց պառակտում չկա։ Ընդհակառակը` կա լայն համախմբում, որովհետև մենք չենք համախմբվել մեկ կուսակցության, մեկ անհատի շուրջ։ Մենք համախմբվել ենք գաղափարի շուրջ»,– Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում ասաց Սաղաթելյանը։
Նա զուգահեռներ անցկացրեց այսօրվա ու 1988թ–ի Ղարաբաղյան շարժման միջև, երբ հանրությունը հավաքվել էր ոչ թե շարժման առաջնորդների, այլ Արցախի փրկության գաղափարի շուրջ։
«Շատ նման է 88-ի Ղարաբաղյան շարժման և՛ ձևաչափին, և՛ գաղափարախոսությանը, և՛ բնույթին։ Հետևաբար այդ բոլոր խոսակցությունները, թե պառակտված են, թեկնածու են փնտրում, առաջնորդ են ման գալիս, մեկը մյուսի հետ հանդիպեց, չկա նման բան»,– ասաց Սաղաթելյանը։
Sputnik Արմենիա-ի նյութերով