Թադևոս Ավետիսյան․ Ընդդիմությունը կասեցրել է Արցախի հանձնման

«Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում Հայաստանի համար կործանարար գործընթացները։ Նման հայտարարություն արեց շարժման անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով արդեն մի քանի շաբաթ Երևանում և մի շարք մարզերում շարունակվող անհնազանդության ակցիաներից։

Նրա խոսքով ` այդ գործընթացն ընդդիմության առաջին հաջողությունն է։ Պատգամավորը հայտարարեց, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանը երբեք չի թուրքացվի։

«Սա դեռ փոքր հաջողություն է, և պետք չէ հանգիստ լինել՝ մտածելով, որ խնդիրը վերջնականապես լուծված է։ Իշխանությունները հիմա վախից որոշ ժամանակով հետաձգել իրենց հակահայկական ծրագրերը։ Բայց մենք մինչև վերջ գնալու ենք և ապացուցելու, որ իշխանություններն այս հանցավոր ծրագրերն իրականացնելու մանդատ չունեն»,- ասաց նա։

Խոսելով այսօր առավոտյան մեկնարկած ավտոերթերի մասին՝ Ավետիսյանն ասաց, որ ոստիկանությունն ապօրինի գործողություններ է իրականացրել ցուցարարների նկատմամբ։ Նրա խոսքով` օրինակ, վարորդներից մեկին բերման են ենթարկել, քանի որ դանդաղ է վարել, թեև դանդաղ վարելն արգելող օրենք չկա։

«Մեր ընկերներից ոմանք շինծու գործերով բերման են ենթարկվել և ձերբակալվել։ Բայց չնայած դրան, մեր պայքարը շարունակվելու է, և մենք վստահ ենք, որ հաղթելու ենք»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ ոստիկանությունը հրահանգներ է ստացել իշխանություններից՝ ահաբեկել հանրահավաքի մասնակիցներին, ճնշում գործադրել նրանց վրա։ Ընդդիմությունը վստահ է, որ չնայած ոստիկանների գործողություններին, հաջորդ հանրահավաքն էլ ավելի մարդաշատ է լինելու։

Նշենք, այսօր վաղ առավոտից նախատեսված անհնազանդության ակցիաները ժամը 08։00-ից մեկնարկել են Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։

Sputnik Արմենիա