Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաև խմբակային տեղաշարժերի միջոցով:
«Վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբակային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ՃԵԿ կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք: Այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն», – նշել են ոստիկանությունից:
Գերատեսչությունից կոչ են անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ:
Նշենք, որ այսօր առավոտից Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը։
Մեքենաները, որոնց վրա ամրացված են Հայաստանի և Արցախի դրոշները,բարձր ազդանշանները միացրած շարժվում են Երևանի փողոցներով։ Երթևեկությունը դժվարացած է, որոշ շրջաններում ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը։ Կան բերման ենթարկվածներ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։