ՓՈՂՈՑԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Դիմադրության շարժման առաջնորդներից մեկը՝ Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում իր վերջին ճեպազրույցի ընթացքում ներողություն խնդրեց վերջին 4 տարիների ընթացքում ընդդիմության գործողությունների բացթողումների համար, ինչպես նաև վստահեցրեց, որ հաջորդ շաբաթ ընդդիմադիրների գործողություններում կլինեն մարտավարական փոփոխություններ:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ գործող իշխանության դեմ պայքարը շարունակվելու է, իսկ կախարդական փայտիկ, որի թափահարումով կլուծվեն բոլոր խնդիրները, ոչ ոք չի խոստացել: Միաժամանակ նա ընդգծեց, որ Շարժումը կանխել է Արցախի կարգավիճակի հարցում հայկական դիրքորոշման նշաձողն իջեցնելու Նիկոլ Փաշինյանի կառավարության փորձը։
Այստեղ պետք է խոստովանել, որ, իրոք, վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն ու նույնիսկ Նիկոլ Վովայևիչը սկսել են թեթևակի ծպտուն հանել, և իշխանությունը կցկտուր, կիսաձայն կմկմում է Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի և Արցախի առանձին շահերի մասին. ջայլամի պես միանգամից չի թաղում գլուխն ավազի մեջ՝ Բաքվից հնչած առաջին իսկ շշպռանքը լսելով։ Իսկ «նշաձողն իջեցնելու» մասին վարչապետի սկանդալային հայտարարությունը տեղական լսարանի համար փորձում են հնարավորինս մեղմել. իբր՝ նրան կրկին սխալ եք հասկացել, Փաշինյանը նկատի է ունեցել բնավ ոչ դա, այլ բոլորովին այլ բան…
Ընդդիմության, իսկ ավելի ճիշտ՝ Դիմադրության շարժման դիրքորոշումն աշխարհաքաղաքական մեծ դիմակայության այս օրերին առանձնակի կարևոր է։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի վեհաժողովում խոսել է այն մասին, որ նույնիսկ սառը պատերազմի ամենամռայլ տարիներին Ռուսաստանը չի մտաբերում դիվանագետների այսպիսի «սինքրոն» վտարում, որ Արևմուտքը հակառուսական միջոցների շարքում կիրառում է «իսկական կողոպուտ» և պատրաստ է հակազդել Ռուսաստանին մինչև «վերջին ուկրաինացին»: Լավրովի խոսքերով, այսօր ԱՄՆ-ի հարվածի տակ են բոլոր նրանք, ովքեր պատրաստ են ինքնուրույն քաղաքականություն վարել, ոչ ոք ապահովագրված չէ Արևմուտքի պետական ելուզակությունից, իսկ ԵՄ-ն վերջնականապես կորցնում է ինքնուրույնության նշանները՝ ի հաճույս Միացյալ Նահանգների: «Կոլեկտիվ Արևմուտքը տոտալ հիբրիդային պատերազմ է հայտարարել մեզ։ Պարզ չէ, թե որքան կձգվի դա, բայց հետևանքները կզգան անխտիր բոլորը»,- ամփոփել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Այս բարդ իրավիճակում կրկին նշենք, որ ընդդիմության ակցիաները կարևոր են Հայաստանի համար՝ առավել քան երբևէ մեր հանրապետության նորագույն պատմության մեջ։ Եվ Դիմադրության շարժումը թուլության իրավունք չունի, քանի որ միայն համաժողովրդական հզոր շարժումը կարող է օգնել Հայաստանի և Արցախի պետականությանը՝ պահպանելու կայունությունն ու կանգուն մնալու այս դժվարին ժամանակներում։
Վստահ ենք. շարժման առաջնորդները հստակ գիտակցում են, որ այն պայմաններում, երբ Թուրքիան փորձում է նստել միաժամանակ երկու աթոռի՝ սիրաշահելով մերթ Մոսկվային, մերթ արևմտյան աշխարհին (և դա հաջողվում է, ուստի նա ակնկալում է կոնկրետ շահաբաժիններ ստանալ իր դիրքորոշումից), այն պայմաններում, երբ Բաքուն շարունակում է զենք ճոճել, թեկուզև շատ ավելի զգուշավոր, քան նախկինում, այս պայմաններում, եթե Դիմադրության շարժումն իրեն թույլ տա թուլություն ցուցաբերել, Փաշինյանի կառավարությունը տեղնուտեղը կուրանա Հայաստանի և Արցախի շահերը՝ հանուն իր հանգիստ իշխանավարման։
Եվ, համապատասխանաբար, որքան ավելի ընդգրկուն լինի Դիմադրության շարժումը, այնքան ավելի մեծ կլինեն հնարավորությունները, որ Հայաստանն ու Արցախը կանգուն կմնան այս իսկապես շատ բարդ ու պայթյունավտանգ ժամանակներում։