ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԵՄՔՈՎ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ

Սադրանքի պատվեր

Երբ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը հայտնվեց Թատերական հրապարակում, իսկ հետո նաև Ֆրանսիայի հրապարակում, շատերը հանգեցին այն եզրակացության, որ Փաշինյանն անհետևանք չի թողնի այդ փաստը, մանավանդ որ գեներալը Թատերական հրապարակ մի քանի անգամ այցելել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընկերակցությամբ։ Կարապետյանը ապրիլի 24-ի գիշերը մասնակցել է նաև ջահերով երթին…

1992թ. սեպտեմբերին Սեյրան Օհանյանի ծանր վիրավորումից հետո հյուսիսային ճակատի պատասխանատու նշանակվեց Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատար Սամվել Կարապետյանը: Նա երկու անգամ վիրավորվել է Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ։ Երկրորդ անգամ վիրավորվել էր, երբ ղեկավարում էր Ստեփանակերտի գունդը՝ «Քելբաջար-Օմար-Մարտակերտ» անվանումն ստացած գործողության օրերին: Այդ տարիներին Կարապետյանի մասին խոսում էին ոչ պակաս, քան Մոնթե Մելքոնյանի... Փողոցային պայքարի մասնակիցների շարքերում գեներալի հայտնվելու հետևանքներն իրենց սպասել չտվեցին։

Մայիսի 11-ին դատախազությունից հաղորդագրություն ստացվեց այն մասին, որ գեներալ-մայոր, Պշտպանության բանակի նախկին փոխհրամանատար, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը ձերբակալվել է մի խումբ երիտասարդների վրա կրակ բացելուց հետո: Գեներալի և երիտասարդների միջև հրաձգությունից առաջ վեճ է բռնկվել։ Ստեփանակերտում բոլորին ու յուրաքանչյուրին հայտնի է, որ Կարապետյանը գլխավորում է «Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպությունը։ Հայտնի է նաև նրա անձնական մեքենայի մշտական կայանատեղին։ Այդ օրը, կայանելով մեքենան, գեներալը խնդրել է երիտասարդներին հետ քաշել իրենց մեքենան, որպեսզի չփակեն շենքի մուտքը։ Եվ հենց այդ ժամանակ էլ սկսվել է ամենից անհավատալին. երիտասարդները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել այն մարդու նկատմամբ, որին ահել ու ջահել ճանաչում ու հարգում են Արցախում։

Այդ վեճի մեջ սադրանք ու կանխամտածված գործողություններ չկասկածելը դժվար է։ Մի խոսքով, երիտասարդներին հաջողվել է հավասարակշռությունից դուրս բերել գեներալին, և նա կրակել է, գնդակները կպել են ավտոմեքենային ու ասֆալտին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն՝ զենքի կիրառումով), ինչպես նաև 245-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է ապօրինի զենք պահելուն և կիրառելուն:

Կարապետյանի ձերբակալությունը որոշ ժամանակ գաղտնի էր պահվում։ Արցախի հերոսը մեծ դեր է խաղացել նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրության գործում, նա անձնական կապեր է պահպանում Արցախի բոլոր նախագահների հետ։ Ինքը՝ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, թե Կարապետյանը անսթափ վիճակում կրակել է ոստիկանների ուղղությամբ։

Սկզբում գործը ցանկացել են արգելակել, մանավանդ որ որ տուժողներ չկան, բայց այդժամ, մեր ունեցած տեղեկություններով, հրահանգ է ստացվել Երևանից։ Այդ հրահանգի առկայությունը հիմնավոր կասկածներ է ծնում, որ գեներալի հետ կապված միջադեպը նախապես է ծրագրված եղել։ Կարապետյանին սադրել են հակաիրավական գործողությունների, որպեսզի քրեական գործի պատանդ դարձնեն։ Եթե Կարապետյանը Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ չհայտնվեր Երևանի Թատերական հրապարակում, ապա, ամենայն հավանականությամբ, ոչ մի ձերբակալություն չէր լինի։ Ի դեպ, ուրբաթ օրը գեներալը ազատ է արձակվել երկրից չբացակայելու ստորագրությամբ։

Բոլորովին վերջերս ԱԺ լիագումար նիստերի դահլիճում Փաշինյանի «ուսապարկերը» միտումնավոր կերպով հունից հանեցին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին. նրա ձեռքի տակ հանքային ջրով շիշն էր, որն անմիջապես թռավ նախագահության ուղղությամբ

Կարապետյանը ձերբակալվել է ոչ թե այն պատճառով, որ կրակել է մեքենայի վրա, այլ որովհետև համարձակվել է իր ներկայությամբ աջակցել ընդդիմությանը։ Հենց որ լրատվամիջոցները սկսեցին խոսել Կարապետյանի ձերբակալման քաղաքական պատճառի մասին, նրան անմիջապես բաց թողեցին ստորագրությամբ։ Եվ վերջապես, ամենագլխավորը. «Արցախի ազատամարտիկների միությունը» Արցախի Հանրապետության պահպանված պատառիկի դեմ ռազմական սադրանքների դեպքում զորահավաքի հուսալի, պրոֆեսիոնալ և ամենաօպտիմալ ռեսուրսն է։ Կարծում եմ, այստեղ բխում է միայն մեկ եզրահանգում. գեներալը ինչ-որ մեկին խանգարում է…

Հունան Պողոսյանը հրապարակ չի գնում

Գեներալ Վալերի Օսիպյանին, որն ակտիվորեն մասնակցում է բողոքի փողոցային ակցիաներին, օրերս ոստիկանները քիչ էր մնում բերման ենթարկեին։ Ֆրանսիայի հրապարակ է գալիս նաև գեներալ Լևոն Երանոսյանը, որին Փաշինյանի անմիջական հրահանգով առևանգել էին ընդդիմադիր հայացքների համար։

«Գոլոս»-ի ուշադիր ընթերցողները հավանաբար հիշում են Արցախ տանող ճանապարհին ինքնաձիգներով զինված դիմակավոր մարդկանց կողմից հենց մեքենայից գեներալի առևանգման մասին մեր հրապարակումները: Գեներալը գնում էր միանալու 44-օրյա պատերազմում կռվող իր ընկերներին։ Նրան ուղեկցող և առևանգմանն ականատես դարձած մարդկանցից տեղեկանալով կատարվածի մասին, Երանոսյանի դուստրը աղմուկ բարձրացրեց ԶԼՄ-ներում, որից հետո գեներալին ազատ արձակեցին։

Իսկ այ Սյունիքի նախկին փոխոստիկանապետ և նախկին մարզպետ Հունան Պողոսյանը Թատերական հրապարակ է եկել միայն մեկ անգամ՝ Արթուր Վանեցյանին աջակցություն հայտնելու համար։ Պողոսյանն ասել է, որ համամիտ է ռեժիմի հասցեին ընդդիմության քննադատությանը, սակայն չի ցանկանում մասնակցել փողոցային ակցիաներին, քանի որ իրեն քաղաքական դեմք չի համարում:

Այդ առնչությամբ կա այլ վարկած. Պողոսյանին հրապարակում ճանաչեցին, սոցցանցերում միանգամից հիշատակումներ հայտնվեցին այն մասին, որ նա Փաշինյանի ձեռքից ընդունել է մարզպետի պորտֆելն ու առհասարակ ողջունել նոր իշխանությանը։ Կա լուսանկար, որտեղ Պողոսյանը պատկերված է Փաշինյանի կողմնակիցների ակցիաներից մեկի ժամանակ։ Լուսանկարից հետևում է, որ Պողոսյանն ակտիվորեն աջակցել է իշխանափոխությանը. այսօր նա պնդում է, թե լուսանկարի հեղինակը պարզապես բռնել է այն պահը, երբ ինքը կանգնած է եղել բարձրացրած ձեռքերով: «Դա մարզական ժեստ էր»,- ասում է Պողոսյանը, հավաստիացնելով, որ հրապարակ չի գնում, բայց յուրովի օգուտ է բերում Հայրենիքին…

Ֆրանսիայի հրապարակում շատերը դեմքով ճանաչում են միմյանց։ Այստեղ էին գալիս 44-օրյա պատերազմի օրեր առաջ ձերբակալված մասնակիցները, այստեղ հավաքվում են գիտնականներ ու արտիստներ, քաղաքագետներ և պատգամավորներ, նախկին պաշտոնյաներ և ուսանողներ, փախստականներ Հադրութից ու զոհված զինվորների ծնողներ։ Բողոքի փողոցային ակցիաների մասնակիցների համար Հայրենիքը չի սահմանափակվում սեփական տան պատերով։ Նրանք հավատում են, որ մի օր իրենց հայրենակիցները կդադարեն արդարացումներ փնտրել և կգան հրապարակ, որտեղ իրենց սպասում են, որտեղ յուրաքանչյուրի ներկայության կարիքն ունեն…

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն օրերս հավաստիացրեց բողոքի ակցիաների մասնակիցներին, որ Ազգային համերաշխության ժամանակավոր կառավարության կազմում չեն լինելու խորշելի կերպարներ։ Նրա խոսքերով, կառավարության կազմում կընդգրկվեն միայն նրանք, ովքեր կստանան ժողովրդի հավանությունը։

Սաղաթելյանն ասաց նաև, որ փողոցային պայքարի կազմակերպիչները չեն կարող որևէ մեկին արգելել մասնակցել բողոքի ակցիաներին: Ռեժիմի քարոզչամեքենան ակտիվորեն շահարկում է անցյալի խորշելի ներկայացուցիչների անունները, որոնք մասնակցում են շարժման ակցիաներին։ Հատուկ ուշադրության են արժանացել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկայի) որդիները՝ Տիգրանը և Տրդատը, որոնց նկատել են Ֆրանսիայի հրապարակում։ Նախկին մարզպետն այս պահին Ֆրանսիայում է։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին օրերս խոսակցության են կանչել ԱԱԾ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, գեներալ Արթուր Վանեցյանի բացակայությունը նախորդ ուրբաթ տեղի ունեցած ակցիաներին միանգամից առիթ տվեց մի ամբողջ կույտ ասեկոսեների։ Իրականում Վանեցյանը մրսել է և պառկել բարձր ջերմությամբ, բայց ակցիաներին մասնակցել են նրա կինն ու «Հայրենիք» կուսակցության ղեկավարության անդամները...

Փաշինյանը որոշում է կայացրել ԱԱԾ-ին տրամադրել լրացուցիչ 334 մլն դրամ՝ «անվտանգության ուժեղացման համար» ձևակերպումով: Խոսքը, պետք է հասկանալ, կապիտուլյանտի անձնական անվտանգության մասին է։ Լրացուցիչ հատկացումները ծախսվելու են բողոքի փողոցային ակցիաների մասնակիցների դեմ պայքարի վրա։ Հայ հարկատուներն այդ պայքարի համար վճարում են սեփական գրպանից…