Կարեն Քոչարյան․ Հայաստանում այլևս ոստիկանություն չկա, գործում է գեստապոն

Հայաստանում այլևս ոստիկանություն չկա, Հայաստանում գործում է գեստապոն: Նման տեսակետ է կիսում նաև քաղաքական ստրատեգ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով, այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, չի կարելի այլ կերպ համարել, քան գեստապոյի գործողությունները: «Ուժ է կիրառվում անգամ պատգամավորների նկատմամբ, անձեռնմխելիություն ունեցող պատգամավորները, նույնիսկ այն քաղաքացիները, ովքեր չեն մասնակցում անհնազանդության ակցիաներին, ձերբակալվում են», - ասաց նա։

Քոչարյանը խոստովանել է, որ երբեմն, դիտելով «կարմիր և սև բերետավորների» գործողությունները, կասկածներ է ունենում դրանց ադեկվատության վերաբերյալ։ «Ես չգիտեմ, թե ինչու հասարակական գործիչները կամ ընդդիմությունը չեն զբաղվում այս խնդրով, բայց ես կպահանջեի ստուգել այդ ստորաբաժանումների աշխատակիցների ադեկվատությունը»,- ասաց քաղաքական ստրատեգը։

Քոչարյանն ընդգծել է, որ այն երկրները, որոնք ֆինանսավորում են ոստիկանական համակարգի բարեփոխումները, մասնավորապես՝ ԵՄ-ն, պետք է նախաձեռնեն այս կատեգորիայի իրավապահների արյան ստուգումը։

«Վստահ եմ, որ այնտեղ ամեն ինչ մաքուր չէ: Դա ակնհայտ է դառնում, երբ նայում ես նրանց աչքերին»,- ասաց նա՝ ըստ երևույթին ակնարկելով «կարմիր և սև բերետավորների» կողմից թմրամիջոցների օգտագործումը։

Պետք է ստուգել նաև, թե ցուցարարներից փողոցների «մաքրմանը» մասնակցող բոլոր անձինք իրականում ծառայո՞ւմ են ոստիկանական համակարգում։ Քոչարյանը նշեց, որ որոշ տեղեկություններով՝ նրանցից ոմանք օլիգարխների թիկնապահներն են, որոնց միայն համազգեստ են տվել։

Verelq.am