ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՈՒՐՔԱՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Երբ օրերս ոստիկաններն իրենց թույլ տվեցին դաժան վերաբերմունք ցուցաբերել անհնազանդության ակցիայի տարեց մասնակցի նկատմամբ, Ֆեյսբուք սոցցանցում միանգամից մեմ հայտնվեց՝ երկու լուսանկարի համադրումով: Դրանցից մեկը 44-օրյա պատերազմի ժամանակ լայնորեն տարածված տեսանյութի կադրերից է՝ արդեն բռնազավթված Շուշիում հայ ծերունու հանդեպ ադրբեջանցի ճիվաղների անմարդկային վերաբերմունքի մասին, երկրորդը՝ ոստիկանների կողմից Երևանում ալեհեր քաղաքացու ձերբակալման կադրերից։ «Ասում էի, չէ՞, որ հաստավիզ կարմրագլուխները Յաշմայի ֆիլիալն են Երևանում…Խնդրեմ... գտեք մեկ տարբերություն»,- գրել է արցախցի բլոգեր Ալեն Ղուլյանը՝ տեղադրելով լուսանկարներն իր ֆեյսբուքյան էջում։

Իսկապես դժվար է գեթ մեկ տարբերություն գտնել Շուշիում անպաշտպան հայ ծերունունուն (ինչպես ավելի ուշ պարզվեց՝ Սումգայիթից փախստականին) տանջող ու նվաստացնող ադրբեջանցի ասկյարների և իբրև թե հայ ոստիկանների գործողությունների միջև. նույն գազանությունն է, նույն կատաղությունը, անմարդկայնությունն ու ֆիզիկական ցավ պատճառելու ձգտումը։ Փաշինյանի գլխավորած դավաճանների թիմին պաշտպան կանգնող և օրինականության ու բարոյականության բոլոր սահմաններն օրեցօր ավելի ակնհայտ հատող հայ ոստիկանները քաղաքացիների ընկալմամբ վաղուց նույնանում են թուրքերի հետ։

Եվ գնալով ավելի է ամրապնդվում այն զգացողությունը, որ Հայաստանի թուրքացումն իրականացնում է հենց ոստիկանությունը, հատուկ ջոկատայինները և ողջ այն խուժադուժը, որին իրավակարգի պահապանի համազգեստ են հագցրել ու հրամայել չխնայել ոչ մեկին ու ոչ մի բան՝ Փաշինյանի իշխանությունը պահելու և, հետևաբար, ողջ Հայաստանի անխուսափելի թուրքացման համար պայքարում։ Բնավ պատահական չէ, որ Նիկոլի կամակատարները գնալով ավելի հաճախ են խոսում այդ մասին բաց տեքստով։

Այսպես, երեկ տարածված տեսանյութում ոստիկաններից մեկը գռեհիկ նկատողություն է անում ակցիայի մասնակիցների դեմ անհամաչափ բռնության կիրառման հերթական դեպքը նկարահանող սփյուռքահայ կնոջը, թե իբր՝ մաքուր հայերեն չես խոսում։ Կինը սկսում է համբերատար բացատրել այդ բռիին, որ կան մեր լեզվի արևելահայերեն և արևմտահայերեն տարատեսակները։ Ի պատասխան՝ դա հրամայում է նրան հեռանալ և ամրապնդում իր պահանջը թուրքերեն «յալլա՛» բառով։ Պատահականությո՞ւն է։ Դժվար թե։

Փաշինյանի ու իր տերերի ծրագրերը վաղուց արդեն գաղտնիք չեն ոչ մեկի համար, և իրենք՝ ՔՊ-ականներն էլ չեն թաքցնում դրանք, աստիճանաբար սովորական դարձնելով այն, ինչը դեռևս մեկ տարի առաջ անհավանական կթվար։ Ամենազազրելի և ցինիկ նպատակների փուլային հնչեցման մարտավարությունը ենթադրում է անհասկանալի ծագումով զոմբիացված քաղաքացիների նախնական օգտագործում՝ խոսողի կարգավիճակի հետագա աստիճանական բարձրացմամբ։ Ահավասիկ այս անգամ էլ համացանցում տարածվում է արդեն երկրորդ տեսանյութը, որտեղ փնթի տեսքով տխմարավուն կանայք բացականչում են բովանդակությամբ նույն արտահայտությունը:

Այդօրինակ առաջին դեպքը Գյումրիում էր՝ մայրուղու վրա տեղի ունեցած ընդհարման և իշխանության կազմակերպած շոուի ժամանակ՝ գերիների մի քանի ծնողների օգտագործմամբ։ Մի ոմն կին կոչեցյալ, գովաբանելով Նիկոլին, գոչում է հենց տեսախցիկի առջև. «Նիկոլը պըտի հայերի հախից գա»։ Երկրորդը՝ նույն «ծագումով», արդեն Երևանի փողոցում է բարձրաձայն գոռում նույնը. «Հայ ազգը պիտի կոտորվի»։ Պատահականությո՞ւն է։ Զուգադիպությո՞ւն։ Դուք դեռ հավատո՞ւմ եք նման զուգադիպությունների։

Իրականում փորձարկվում է Փաշինյանի թիմի հերթական «քամինգաութը». նրանց իսկապես անհրաժեշտ է հաշվեհարդար տեսնել բոլոր իսկական հայերի հետ, վերացնել նրանց ցանկացած միջոցներով, որոնցից ամենահարմարն ու «քաղաքակիրթը» թուրքի ծառա դառնալ չցանկացող բոլորին արտաքսելն է։ Թուրքերին պետք է Հայաստանն առանց այդպիսի՝ իսկական հայերի, և Փաշինյանը ձեռնամուխ է եղել իր առջև դրված խնդիրների նաև այդ մասի կատարմանը։ Իր զոմբիների բերանով նա ասում է հենց դա, առանց թաքցնելու, առանց ամաչելու, առանց քողարկվելու և նույնիսկ չփորձելով սքողել իր նպատակները: Ինչո՞ւ, երբ ամեն ինչ առանց այդ էլ ծայրաստիճան պարզ է։

Ըստ էության, մենք այսօր գործ ունենք Հայաստանի կրկնակի բռնազավթման հետ։ Բռնազավթիչ առաջին ուժը 2018-ի գարնանը իշխանությունը զավթած թուրքական գործակալներն են՝ «յան» ազգանուններով, և 30 արծաթ վճարող ցանկացածին ծախվելու պատրաստ նրանց ցերբերները: Երկրորդը՝ Ադրբեջանի օկուպացիոն զորքերը, որոնց թիկունքում Թուրքիան է, պաշտպանեց նրանց նախ 2020թ. աշնանը՝ զավթելով Արցախի գերակշիռ մասը, իսկ կես տարի անց՝ 2021թ. մայիսին, նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասը։

Երկու ուժերի ընդհանուր նպատակն է՝ արդեն լիակատար և վերջնական դարձնել մեր երկրի բռնազավթումը թուրքերի կողմից։ Դրան հասնելու ընդհանուր միջոցներն են հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը։ Այդ գործընթացի նոր փուլի սկիզբը մենք տեսնում ենք այսօր, և սփյուռքահայ կնոջը թուրքական բառով քշող ոստիկանը դրա վառ ապացույցն է ։ Բայց այ դիմակայության ելքը հստակ արտահայտում է մեկ այլ բառ, որը դարձել է «սիկոլ» հեշթեգ։ Այլ տարբերակն ուղղակի բացառվում է ։