ԺԵԽՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի կողմից, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին ՔՊ պատգամավորների հղած ծործորուն ճառեր, մյուս կողմից, ճնշման է՛լ ավելի սաստկացում խոսքի ազատության առումով՝ «մենք ավելի լավ գիտենք, թե ինչ է պետք անել» վերջասվածքով։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ շփումներում նման վարքագիծ է որդեգրել ամեն առիթով ու առանց առիթի իրեն «ժողովրդավարության բաստիոն» հորջորջող իշխանությունը։

Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սարգիս Խանդանյանի հանդիպումը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտի հետ։ «Freedom House-ի հետ համագործակցությունը շատ կարևոր է Հայաստանի համար», «վերջին տարիներին նկատելի է կազմակերպության աճող դերը ինչպես ՀՀ - ում, այնպես էլ տարածաշրջանում», «կազմակերպության զեկույցները, ինչպեսև միջազգային իրավապաշտպան այլ կազմակերպությունների հաշվետվությունները, ուղենիշային են Հայաստանի համար»,- ասում էին ՔՊ-ականները, իսկ իրականում՝ թլսորում Բեհրենդտի գլուխը: Երեսպաշտությունն ավելի լիակատար կլիներ, եթե հանդիպմանը մասնակցեին նաև Արթուր Հովհաննիսյանը, Արեն Մկրտչյանը, Ալեն Սիմոնյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Հովակիմյանը։ Քանզի նախկին լրագրողների հենց այդ ընկերախումբն է, որ այսօր լինելով օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ ՔՊ-ից, լծվել է ճնշումները սաստկացնելու, բերաններ փակելու և հասարակությանն ու ԶԼՄ-ներին զսպաշապիկներ հագցնելու գործին, գնալով ավելի ավելի ճարտարամիտ հոդվածներ հորինելով «ԶԼՄ-ների մասին» օրենքում, Քրեական և Քաղաքացիական օրենսգրքերում։

Այդ օրենքների մասին շատ է գրվել ու խոսվել։ Սակայն նկատենք, որ այսօր հաճոյացող ու քծնանքով Բեհրենդտի աչքերին նայող նույն ՔՊ-ականները մեկ շաբաթ առաջ շրջանառության մեջ դրեցին հերթական, ...-րդ և բնավ ոչ ժողովրդավարական լրացումները «ԶԼՄ-ների մասին» օրենքում։ Դրանցով մտադիր են լիովին արձակել պետմարմինների ձեռքերը՝ թույլ տալով նրանց զրկել լրագրողներին հավատարմագրումից։ Կհարցնեք՝ ի՞նչ հիմքով: Դե, ցանկացած։ Օրինակ, եթե ՔՊ-ականներին դուր չգա լրագրողի տված հարցը, և նրանք անվանեն դա «բնականոն աշխատանքային մթնոլորտի խախտում»։ Այդ մարդիկ, որոնք դեռևս չորս տարի առաջ բաժանեցին ԶԼՄ-ներին ու հասարակությանը «յուրայիններին» և «հակաների», բազմիցս հրաժարվել են պատասխանել «հակա» լրատվամիջոցների հարցերին՝ պարզապես այն պատճառով, որ այդպես են ցանկացել, իրենցից հեռու հրել խոսափողները, արգելել լրագրողներին կանգնել իրենց կողքին, կոպտել, խլել խոսափողը, հեռախոսը…

Ցուցանշական է, որ հինգ ամիս առաջ ՔՊ-ականները «ԶԼՄ-ների մասին» օրենքում արդեն մտցրել են նմանատիպ շտկումներ։ Բայց, ինչպես ասում են, ինչ-որ բան այնպես չգնաց, նրանց չի հաջողվում այդ փոփոխությունների հիման վրա զրկել լրագրողներին հավատարմագրումից այնքան ակտիվորեն, որքան կցանկանային։ Ահա և որոշել են լիովին ձերբազատվել օրենքի կապանքներից. կրկին լրացումներ մտցնել լրացումներում և պարզապես առանց նախազգուշացման զրկել հավատարմագրումից, ու վերջ։ Բայց ինչն է հետաքրքիր. այդ խայտառակությունը մշակելիս դրա հեղինակները միջազգային որևէ փորձ չեն օգտագործել։ Իբր՝ ինքներս ենք հորինել, ելնելով տեղի իրավիճակից։ Դե, հարկա՛վ։ Պետք է ենթադրել, որ նման տխմարություն նրանք պարզապես չեն գտել նույնիսկ կեղծ ժողովրդավարական որևէ երկրում։ Այլապես իսկույն ևեթ հղում կանեին միջազգային փորձին։

Ճիշտ նույն կերպ էլ, առանց միջազգային փորձին հղում կատարելու, ՔՊ-ականները քրեականացրեցին «ծանր վիրավորանքը», որի շրջանակներում տեղավորվում է գրեթե այն ամենը, ինչ իրենց սրտով չէ, և որի տակ այսօր ընկել է արդեն մոտ հազար քաղաքացի: Նրանց հորինած այդ քրեական հոդվածը նույն Freedom House-ը կոշտ քննադատել է երկու անգամ՝ կոչ անելով «չեղարկել նշյալ հոդվածը ՝ որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները և ԵԱՀԿ-ի ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում երկրի ստանձնած պարտավորությունները խախտող դրույթ»: Սակայն իշխող ուժը, որն այսօր հավաստիացնում է, թե «կազմակերպության զեկույցները ուղենիշային են Հայաստանի համար», անտեսեց Freedom House-ի քննադատությունն ու կոչերը, նշելով, թե «իրենք ավելի լավ գիտեն, թե ինչ է պետք Հայաստանին»:

Հիշո՞ւմ է արդյոք այդ մասին այցով Հայաստանում գտնվող Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը։ Նկատե՞լ է արդյոք նա, որ այսօր «Մարիոթ» հյուրանոցում անցկացվող «Ժողովրդավարության հայկական ֆորում» հնչեղ անվանումով միջոցառմանը թույլ չտվեցին շենք մտնել լրագրողներին և ընդդիմադիր պատգամավորներին: Ինչո՞ւ։ Հենց այն նկատառումով, որ ժողովրդավարության թեմայով քննարկման ժամանակ անհարմար հարցեր և այլընտրանքային կարծիքներ չհնչեն։ Հրավիրվածների ցուցակում, որով Պետպահպանության ծառայությունը թույլ էր տալիս մտնել միջոցառման դահլիճ, ընդդիմադիր պատգամավորների ոչ մի անուն չկար: Նկատե՞լ է արդյոք դա այնտեղ ներկա ԱՄՆ դեսպանը՝ աջուձախ ժողովրդավարության դասեր տվող Լին Թրեյսին, թե՞ նրան ձեռնտու է նման «ժեխովրդավարությունը»՝ ավտորիտարիզմի ձգտող «ժողովրդավարության բաստիոնում»։

Վերջում լոկ հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 21-ին, Freedom House-ն իր «Ազգերն անցումային շրջանում» տարեկան զեկույցում նշել էր, որ Հայաստանը չնչին առաջընթաց է գրանցել դատաիրավական ոլորտում, լրջորեն հետադիմել ԶԼՄ-ների անկախության ոլորտում, և բացի այդ, թեև ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկող երկիր է, այդուհանդերձ դեռևս շատ հեռու է ժողովրդավարական պետություն համարվելուց։

Դե, իսկ ժողովրդավարության առումով իրական վիճակի լավագույն ու ակներև ցուցադրումը դարձան «Մարիոթ» հյուրանոցի առջև մի քանի շարքով կանգնած ոստիկաններն ու կարմիր բերետավորները, որոնք պաշտպանում էին ... ժողովրդավարության մասին ճառերով ֆորումը…