Ավելի քան 100 երկրներ հավանություն են տվել ՄԱԿ-ի Անվտանգ միգրացիայի մասին հռչակագրին

Ավելի քան 100 երկրներ հավանություն են տվել հռչակագրին, որը կոչ է անում կառավարություններին ակտիվացնել ջանքերը՝ անվտանգ և կանոնավոր միգրացիա ապահովելու, մարդկանց անօրինական մուտքն ու առևտուրը կասեցնելու, հարգանքը միգրանտների հանդեպ ապահովելու և նրանց բժշկական օգնություն ու այլ ծառայություններ տրամադրելու համար, հաղորդում է AP-ն:

13 էջանոց հռչակագիրը կոնսենսուսով ընդունվել է ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից, որոնք մասնակցել են միգրացիայի վերաբերյալ առաջին միջազգային համաձայնագրի քննարկման քառօրյա հանդիպմանը։ Գլոբալ պայմանագիրը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2018 թվականի դեկտեմբերին, և այս շաբաթվա նիստում մասնակիցներն առաջարկել են, որ 193 անդամներից բաղկացած համաշխարհային մարմինը նույնպես հաստատի ուրբաթ օրվա հռչակագիրը առաջիկա ամիսներին:

Հռչակագրում մտահոգություն է արտահայտվում, որ «անվտանգ, կանոնավոր և պարբերական միգրացիայի առավելությունները խթանելու և դրանք օգտագործելու առաջընթացը շատ շրջաններում դանդաղ և անհամաչափ է եղել», և ընդգծվում է, որ «՝ Գլոբալ պայմանագրի իրականացման հավակնոտ ազգային միջոցների մշակման համար անդամ պետությունների կողմից ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ»:

Հռչակագրում ասվում է, որ 2020 թվականին աշխարհում եղել է մինչև 281 միլիոն միջազգային միգրանտ, որից 48 տոկոսը՝ կանայք և աղջիկներ, իսկ 15 տոկոսը՝ մինչև 20 տարեկան անձինք։ Հռչակագիրը ճանաչում է «բոլոր ոլորտներում աշխատող միգրանտների աշխատանքի արժեքը և արժանապատվությունը», և դրանում ասվում է, որ նրանք ավելի քան 751 միլիարդ դոլար են փոխանցել իրենց երկրներ, որոնք «ընտանիքների ու համայնքների աջակցության կարևորագույն աղբյուր են»:

Փաստաթղթում դիտարկվում են միգրացիայի բոլոր ասպեկտները՝ ինչու են մարդիկ լքում իրենց երկրները, ինչպես պաշտպանել նրանց, ինտեգրել և համագործակցել անվտանգ տուն վերադառնալու գործում: Դրա սկզբունքները ներառում են պետությունների ինքնիշխանության ճանաչումը և հաստատումն այն բանի, որ միգրանտներն ունեն մարդու նույն իրավունքները, ինչ բոլոր մյուս մարդիկ, որոնք «պետք է հարգվեն, պաշտպանվեն և կատարվեն ցանկացած ժամանակ»:

News.am