ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ-ԷՐԴՈՂԱՆ ԵՌՅԱԿԻ ՌԵԺԻՄԸ
Հեքիաթներ «ռևանշիստների» մասին և ռուսատյացության ահագնացող հիստերիա
Փողոցային պայքարի սրմանը զուգընթաց՝ դրա մասնակիցները գնալով ավելի հստակ են գիտակցում, որ համատարած բերման ենթարկումը, ձերբակալություններն ու ֆիզիկական հաշվեհարդարները ղեկավարվում են Փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակի կողմից։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն զենք են ծառայում ռազմական հանցագործների ձեռքում։
Ուժայիններին որպես պատժարարներ օգտագործում են 13-ամյա դեռահասների, կանանց ու տարեցների դեմ: Թե՞ կա մեկը, ով պատահականություն է համարում ծանակումն ու բռնությունը Արցախյան երեք ազատամարտերի 65-ամյա վետերան Գեորգի Արիստակեսյանի նկատմամբ։ Նա հեծանիվով միացել է բողոքի ակցիային և բնավ ոչ պատահականորեն հայտնվել ոստիկանության տեսադաշտում....
Այն, ինչ այսօր տեղի է ունենում մայրաքաղաքում ու մարզերում, հայ ժողովրդի Ազգային-ազատագրական պայքարն է։ Հայ հասարակության գիտակից մասը հանձին Նիկոլի ցանկանում է ազատվել թուրք-ադրբեջանական բռնապետությունից, որի իրականացնողը իշխող ռեժիմի պարագլուխն է և նրա «ուսապարկերը»։ Կապիտուլյանտն ու իր ավազակախումբը սպանդի են տանում հայ ժողովրդին՝ «խաղաղության դարաշրջանի» և անկախ պետության Արցախի կարգավիճակի փոխարեն նրա «անվտանգության» գերադասելիության մասին զգոնություն քնեցնող խոսակցություններով։
Այս պայքարի ողնաշարը կոտրելու համար, քանի դեռ այն իսկապես համազգային մասշտաբներ չի ստացել, զանգվածային գիտակցությունը բթացնում են հեքիաթներով, թե իբր՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդիկ մտահոգված են միայն երկրորդ և երրորդ նախագահներին իշխանության բերելով։ «Ռևանշիստների» ծրագրերի մասին հորինվածքներն ուղեկցվում են ռուսատյացության ահագնացող հիստերիայով։ Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը հանրահայտ հեռուստաալիքի եթերում օրերս հայտարարեց, թե Թուրքիան 44-օրյա պատերազմի մեջ է մտել ոչ այլ կերպ, քան Կրեմլի թույլտվությամբ։
Նրա խոսքերով, պատերազմի ժամանակ ռեժիմը Արծրուն Հովհաննիսյանի շուրթերով ժողովրդին խաբում է, թե ամեն ինչ կարգին է և բանը գնում է հաղթանակի լոկ այն պատճառով, որ այդ սուտը ՊՆ-ին և Արծրունին մատուցել են ՌԴ գլխավոր շտաբի հրահանգներին ենթարկվող գեներալները: Եթե նման մեղադրանք հնչեցներ լուրջ քաղաքական գործիչների կոհորտային պատկանող որևէ մեկը, ապա գեներալներն անպայման կպահանջեին նրանից անուններ նշել։ Խզմալյանը չնչին կերպար է, և այդպիսի աննշմար «անվակների» ու «պտուտակների» միջոցով ռեժիմի քարոզչամեքենան մշտապես գրոհում է քաղաքացիների ուղեղի վրա։
Հիշեցնեմ, ի դեպ, որ Փաշինյանի ռեժիմին նախկին իշխանությունից ժառանգություն հասած գեներալները դիտավորյալ հեռացվել են մարտական գործողություններին մասնակցությունից։ Հետևաբար՝ մեղադրանքը հասցեագրված է սահմանափակ թվով անձանց. թող Խզմալյանը նշի այն գեներալների անունները, որոնք, ըստ իրեն, 44-օրյա պատերազմի ժամանակ կատարել են ռուսաստանյան Գլխավոր շտաբի հրամանները։ Թեպետ, համոզված եմ, որ ոչ մի անուն այդ պարոնը չի հնչեցնի, իսկ մենք հիշատակեցինք նրան, որպեսզի ընթերցողն ավելի ստույգ պատկերացնի քարոզչական գրոհների ուղղությունը՝ Փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակի կողմից Հայաստանը ղեկավարման փաստից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով։
Իսկ Խզմալյանն ու իր նման ավտոբուսային կուսակցապետերը խոսափող են ծառայում ռազմական հանցագործների քարոզչամեքենայի համար։ Եվրոպական կուսակցության առաջնորդը միտումնավոր նպաստում է ռուսատյաց հիստերիայի ահագնացմանը, որպեսզի ապահովի Հայաստանի անցումը Կրեմլի «դիկտատուրայից» թուրք-ադրբեջանական «Ժողովրդավարական» տանդեմի ենթակայության տակ։ Գեներալակազմի վարկաբեկումը կապված է 2021թ. փետրվարյան իրադարձությունների հետ, երբ Էրդողանը զգաց Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայաստանի գլխավոր շտաբի 44 գեներալների ստորագրությամբ հայտարարությունից բխող սպառնալիքը։ Այդ հայտարարությունը կարող էր խառնել թուրք առաջնորդի բոլոր խաղաքարտերը, ուստի նա անմիջապես հանդես եկավ հայտնի հայտարարությամբ, թե ռազմական հեղաշրջումը լավ բան չէ: Բրիտանական ՄԻ-6-ի գործակալ Արմեն Սարգսյանը գործադրեց ամեն ջանք, որպեսզի ռազմական հեղաշրջում տեղի չունենա...
Երբեմն արժե լսել Փաշինյանի կողմից հովանավորվող արտախորհրդարանական ոչ ֆորմալ կոալիցիայի կուսակցությունների առաջնորդներին, որպեսզի իմանաս, թե որտեղից և որ ուղղությամբ են աճում քարոզչամեքենայի ոտքերը։
Գլխավոր հրահանգը
Նիկոլը ջանադրաբար իրագործում է Բաքվից և Անկարայից ստացած հրահանգները։ Ամենաթարմ հրահանգը թելադրում է փողոցային բողոքի ակցիաների բռնի ճնշում, խուզարկություններ, ձերբակալություններ, բերման ենթարկումներ, խոշտանգումներ, կտտանքներ և ահաբեկման այլ մեթոդներ:
Փաստաբան Ամրամ Մակինյանը հրապարակել է մի լուսանկար, որտեղ պատկերված է, թե ինչպես է ոստիկանը իր աչքի առաջ կոտրում քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը, իսկ իրավապաշտպան Գոհար Մելոյանը վետերան Արիստակեսյանին ոստիկանություն բերման ենթարկելը բնորոշել է որպես առևանգում:
Նրա խոսքերով, ոստիկանները ֆիզիկական և հոգեբանական բռնություն են կիրառում բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ՝ շրջանցելով օրինական պահանջ ներկայացնելը, որից հետո ոստիկանները, ինչպես ընդգծել է Մելոյանը, պարտավոր են ժամանակ տալ ենթադրյալ խախտումը դադարեցնելու համար: Երեքշաբթի և չորեքշաբթի մայրաքաղաքի առանձին շրջաններում ոստիկանությունը դժվարությամբ է վերահսկել իրավիճակը։ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի այն կանխատեսումները, որ ռեժիմին ցուցաբերվող դիմադրությունը մտնելու է որակապես նոր փուլ, իրականություն են դարձել։ Ազգային-ազատագրական պայքարն այլևս հնարավոր չէ կասեցնել…
Ո՞վ է հրամաններ տալիս ոստիկանությանը
Այս պայքարի մասնակիցներն ու կազմակերպիչները լիովին գիտակցում են, որ ցանկացած պահի Բաքվից և Անկարայից կարող է հրահանգ ստացվել կրակ բացել բողոքի ակցիաների մասնակիցների վրա, որպեսզի վերջնականապես ջախջախեն ազգային ուժերին:
ՆԻԿՈԼԸ ԿԵՆԹԱՐԿՎԻ ԱՅԴ ՀՐԱՀԱՆԳԻՆ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ԱՐԵԼ Է ԴԱ ԱՌ ԱՅՍՕՐ։ Ալիևն ու Էրդողանը արդեն հասկացել են, որ փողոցային պայքարը հնարավոր չէ կասեցնել երիտասարդների և տարեցների հրապարակային խոշտանգումներով…
Այն, ինչ կատարվում է այս օրերին Երևանի փողոցներում, դա բռնություն է, խոշտանգում, կտտանքներ, քաղաքացիների իրավունքների և ազատությունների հրապարակային և ցուցադրական ոտնահարում։ Բավական է համեմատել այս բռնությունները 2018-ին իշխանության զավթման ժամանակ ոստիկանության փափուկ ուժի հետ, որպեսզի հասկանաս տարբերությունը. այն ոստիկանությունը ազգային էր, իսկ սա կատարում է Ալիևի և Էրդողանի հրամանները, որոնց փոխանցողը Նիկոլն է։
Ժողովրդի հետ հաշվեհարդար են տեսնում Արցախն ու Հայաստանը պահպանելու ձգտման համար, այն բանի համար, որ մեր մեջ դեռևս պահպանվել է ազգային արժանապատվության զգացում, պարզապես այն բանի համար, որ մենք հայ ենք։ Մեզ հետ հաշվեհարդար են տեսնում փոխանորդի ձեռքերով, իսկ հաշվեհարդարների մասին մանրամասն հաշվետվությունները կանոնավորապես դրվում են Արմեն Աբազյանի ադրբեջանցի և թուրք գործընկերների սեղանին։ Դրանցից մեկի հետ ԱԱԾ ղեկավարը անձնական հանդիպումներ է ունեցել բազմիցս…