ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ Ն.Պ.-ի ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓԱՍՏ է

Ահա արդեն մեկ ամիս է, ինչ Դիմադրության շարժման մեջ միավորված ընդդիմությունը և տասնյակ հազարավոր քաղաքացիներ իրենց բողոքի ամենօրյա խաղաղ ակցիաներով փորձում են կասեցնել մեր Հայրենիքը թշնամուն վաճառող դավաճան իշխանությանը։ Իսկ Փաշինյանը շարունակում է, ասես ոչինչ չի պատահել, նպատակաուղղված իրականացնել դիվական մտադրությունը։ Բրյուսելյան պայմանավորվածությունները և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծումը դրա փայլուն ապացույցն են։

Դժվար է չհամաձայնել Դիմադրության շարժման հետ, որն իր վերջին հայտարարության մեջ արձանագրել է, որ Փաշինյանը աթոռը պահպանելու համար աշխարհաքաղաքական աճուրդի է հանել Հայաստանն ու Արցախը: Այդ աճուրդում թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է իր համար ֆանտաստիկ շահավետ և հայ ժողովրդի համար աղետալի գործարք կնքել Փաշինյանի հետ։

Այսօր բոլորը քննարկում ու մեկնաբանում են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի միջև ձեռք բերված բրյուսելյան պայմանավորվածությունները։ Դրանք լիովին համապատասխանում են Ադրբեջանի օրակարգին։ Եթե սկսենք ծալել մատները՝ նշելով բրյուսելյան պայմանավորվածությունների դրական և մեզ համար շահավետ կետերը, կսահմանափակվենք լոկ ճկույթով, քանզի այնտեղ ամեն ինչ հակասում է Հայաստանի և Արցախի շահերին, սպառնում մեր պետության գոյությանն ու նպաստում հայերի վտարմանը Լեռնային Ղարաբաղից։

Այդ մասին նախազգուշացնում են մեր գրեթե բոլոր առաջատար փորձագետները։ Բայց փորձագետների բոլոր եզրակացություններն ու վերլուծությունները Փաշինյանի մի ականջից մտնում, մյուսից դուրս են թռչում։ Թեև, համաձայն ֆիզիկայի օրենքների՝ նման բան լինել չի կարող, քանզի ձայնը վակուումի մեջ չի տարածվում։ Ասենք, այս ամենն արվում է բնավ ոչ չիմացության կամ հիմարության բերումով, այլ միտումնավոր, ինչի մասին ակներևաբար վկայում է նաև Փաշինյանի ստեղծած սահմանային անվտանգության և հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի կազմը։

Այո, պանծալի հանձնաժողով է ձևավորել Նիկոլը։ Այժմ ամեն ինչ հալած յուղի պես է գնալու։ Շտապեք տեսնել, համաքաղաքացինե՛ր։ Հիմա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կցատկի վառվող օղակի միջով, ապա պաշտպանության փոխնախարար, նախկին գլխավոր պոլիցայ Սարգսյանը կապած աչքերով կանցնի ճոպանի վրայով։ Կարճ ասած՝ ուրախացե՛ք, ադրբեջանցիներ, զվարճացնելու ենք ձեզ։

Հանձնաժողովի 12 անդամների մեջ չկա ոչ մի բարձրակարգ պրոֆիլային մասնագետ։ Բանիմացության առումով դրանք իսկական հաշմանդամներ են: Սահմանազատման գործում Հայաստանին որևէ օգուտ բերել անկարող են, բացի արդեն նշված Մ.Գրիգորյանից ու Ա.Սարգսյանից, նաև արդարադատության փոխնախարար Գ.Մինասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հ.Հարությունյանը, արտաքին գործերի փոխնախարար Մ.Սաֆարյանը, կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալներ Ն.Ավագյանն ու Ա.Գուգարացը և հանձնաժողովի մնացյալ բոլոր անդամները:

Այդ մարդիկ, ինչպեսեվ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներն ընդհանրապես, պարզապես նետվեցին անսանձ ու անօգուտ շատախոսելու։ Եվ բոլորն էլ ձգտում են խոսամոլության մեջ խեղդել իրենց թերամտությունը, խճճել խնդրի էությունը, փոխհատուցել գործելու անկարողությունը դատարկախոսությամբ, քողարկել վախկոտությունը, ծախվածությունն ու այդ կարգի մնացյալ ամենը բառային աղբով։ Եվ Հայաստանի համար ինչ-որ օգտակար գործունեություն նրանցից ակնկալելը միամտություն կլինի։

Բայց Փաշինյանի հանձնաժողովի առաքելությունը ոչ թե Հայաստանին օգուտ բերելն է, այլ Ալիևի բոլոր պահանջները բավարարելը։ Հակառակ դեպքում դա միանգամայն այլ կազմ կունենար։ Տեսեք, ադրբեջանական համանման հանձնաժողովում, բացի ամեն տեսակի փոխնախարարներից ու ծառայությունների պետերից, ընդգրկված են նաև ինը շրջանների գործադիր իշխանության ղեկավարները (Ղազախի, Կուբաթլուի, Զանգելանի, Քելբաջարի, Լաչինի և այլն)։ Դա վկայում է այն մասին, որ ադրբեջանցիները մտադիր են սակարկել տարածքի յուրաքանչյուր մետրի համար։

Ինչո՞ւ Փաշինյանի հանձնաժողովում չկա Արցախի ոչ մի ներկայացուցիչ։ Ինչու այնտեղ չկա Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Արարատի որևէ համայնքապետ: Ինչի՞ մասին է դա վկայում։ Իսկ դա, համաքաղաքացիներ, վկայում է միայն մեկ բանի մասին. Փաշինյանը մտադիր է լոկ հանձնել։ Թշնամուն տալ մեր ամենքիս Հայրենիքը։

Դիմադրության շարժման վերջին հայտարարության մեջ ասվում է, որ «Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի մանդատը՝ մեր երկիրը նոր զիջումների տանելու, թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու համար: Իր հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը և առ ոչինչ են»։ Բայց ախր նա շարունակում է զիջել ու սպասարկել։ Չնայած լեգիտիմ չլինելուն և մանդատի բացակայությանը։

Ուրեմն ժամանակն է, որ ընդդիմությունն ու քաղաքացիներն անցնեն վճռական գործողությունների։ Այլ ելք պարզապես չկա։