ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

Հյուսիսային Կորեան ծովում ենթադրյալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի և փոքր հեռահարության երկու հրթիռի փորձնական արձակում է կատարել Ասիա նախագահ Ջո Բայդենի կատարած ուղևորությունից ժամեր անց, պնդում է Սեուլը, հայտնում է AP-ն։

Հաստատվելու դեպքում դա կլինի Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին արձակումը մոտ երկու ամսվա ընթացքում՝ ԱՄՆ-ի հետ միջուկային դիվանագիտության փակուղու ֆոնին:

Հյուսիսային Կորեան մարտին հայտարարել է, որ իր ամենաերկար հեռահարության հրթիռի փորձնական արձակում է իրականացրել՝ միջուկային մարտագլխիկներով գործող հրթիռների մշակման շրջանակներում, որոնք կարող են հասնել Ամերիկայի տարածք:

Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստից հետո Հարավային Կորեայի կառավարությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան արձակել է ենթադրյալ միջմայրցամաքային բալիստիկ և փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ։

«Հյուսիսային Կորեայի մշտական սադրանքները կարող են հանգեցնել միայն Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի կողմից համատեղ ավելի ուժեղ և արագ զսպման և կարող են միայն խորացնել Հյուսիսային Կորեայի միջազգային մեկուսացումը»,- ասվում է Հարավային Կորեայի կառավարության հայտարարության մեջ: «(Մեր) կառավարությունը միշտ պատրաստ է վճռականորեն և արդյունավետ կերպով պատասխանել Հյուսիսային Կորեայի ցանկացած սադրանքի»:

Հարավային Կորեայի զինվորականները հայտնել են, որ ենթադրյալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը 360 կմ թռիչքի ընթացքում հասել է 540 կմ առավելագույն բարձրության: Շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել է, որ Հյուսիսը, ըստ երևույթին, կորցրել է երկրորդ հրթիռը 20 կմ թռիչքի ընթացքում, իսկ երրորդ հրթիռն անցել է 760 կմ:

News.am