Շահին Մուստաֆաևը ծնվել ու դպրոց է գնացել Հայաստանում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը գլխավորող Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ծնվել ու դպրոց է գնացել Հայաստանում։ Գրում է «Հրապարակ» թերթը։

Նշենք, որ հայկական կողմից հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մուստաֆաևները Նոյեմբերյանի Ջուջևան գյուղի միակ ադրբեջանական ընտանիքն են եղել: Շահինի հայրը Ջուջևան է տեղափոխվել Ադրբեջանի գյուղերից մեկից, անասուն է պահել: Շահինը (ծննդականով՝ Շահեն) ծնվել է 1965-ին Հայաստանում, մինչև 8-րդ դասարանը սովորել է գյուղի դպրոցում, 9-10-րդը՝ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում: Նա գերազանց տիրապետում է հայերենին, լավ գիտի հայոց պատմությունն ու հայերի նիստուկացը»,– գրում է թերթը։

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ չնայած որոշ կանխատեսումներին, թե սահմանազատման գործընթացները շատ երկար են տևելու, Բրյուսելում եռակողմ հանդիպումից ընդամենը 2 օր անց՝ մայիսի 24-ին, հապճեպ կազմակերպվեց հանձնաժողովների նախագահների հանդիպումը սահմանին։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը շտապում է, իսկ հայկական կողմը պրոցեսը կանգնեցնելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ հնարավորություն»,–նշում է թերթը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: