2022-Ի ԹԵԺ ԱՄԱՌ

Բրյուսելում Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտնի հայտարարության մեջ եվրոպական առաջնորդը խոսում է այն մասին, որ հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսվում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Դատելով ամենից, մինչ այդ Միշելը որոշակի շարժեր է ակնկալում Բրյուսելում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների ուղղությամբ։

Հաշվի առնելով, որ միջպետական սահմանի սահմանագծումն ու սահմանազատումը, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակումը բավական երկարատև, կարելի է նույնիսկ ասել՝ անվերջանալի գործընթացներ են, պետք է ենթադրել, որ գլխավոր շարժը Շառլ Միշելն ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում: Ըստ էության, չէինք ասի, թե դա անտրամաբանական է. խաղաղության պայմանագրի ստորագրումը սկզբունքորեն պետք է նախորդի և հեշտացնի սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի լուծումը։

Երևանը հայտարարել է, որ ընդունում է Բաքվի առաջարկած ապագա խաղաղ պայմանագրի հինգ սկզբունքները։ Եվ ներկայացրել իր վեց առաջարկ-դիտողությունները։ Իրականում Երևանի մոտեցումներում կա միայն մեկ բան, որը հակասում է Բաքվի մոտեցումներին. Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին կետը։

Բաքուն չի ցանկանում ընդհանրապես խոսել այդ մասին Երևանի հետ՝ համարելով դա Ադրբեջանի ներքին գործը։ Բայց, կարծում ենք, նույնիսկ Բաքվում հասկանում են, որ այդ մաքսիմալիստական մոտեցումն անիրատեսական է։ Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո չի ենթարկվում Բաքվին արդեն ավելի քան 30 տարի, և այն հանգամանքից, որ Ալիևը հրամանագիր է ստորագրել ինչ-որ «ղարաբաղյան տնտեսական տարածաշրջան» ստեղծելու մասին, որպեսզի օրակարգից հանի Հադրութի, Շուշիի և Արցախի այլ տարածքների բռնազավթման հարցը, խնդիրը չի դադարել գոյություն ունենալ։

Դա արտացոլված է նաև Շառլ Միշելի հայտարարության մեջ, որտեղ նա խոսում է այն մասին, որ կոչ է արել Ալիևին ու Փաշինյանին զբաղվել «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության» հարցով։ Այլ կերպ ասած, եվրոպացի դիվանագետն ակնկալում է կոնկրետ առաջարկներ ստանալ Բաքվից ու Երևանից այդ հարցի վերաբերյալ, և ընդհանուր մոտեցման մշակման դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումը կարելի է համարել լուծված: Չի բացառվում, որ Շառլ Միշելը հույս ունի, թե պայմանագրի ստորագրումը կդառնա հուլիս-օգոստոսյան հանդիպման բարձրակետը։

Միշելի հայտարարությունից հետևում է նաև, որ ԵՄ-ն այդ հարցում զիջումների գնացող կողմ է նշանակել Հայաստանին։ Դե, որպես «ժողովրդավարության բաստիոն», որպես ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա» մտած երկիր, մեծահոգաբար պետք է ազգային շահերի հանձնման օրինակ ծառայի՝ հանուն գլոբալացման բարձրագույն շահերի։ Հենց այդ պատճառով էլ Միշելի հայտարարության մեջ ոչինչ չի ասվում ո՛չ արցախցիների ինքնորոշման իրավունքի, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում լուծում փնտրելու անհրաժեշտության մասին, և առհասարակ չկա Լեռնային Ղարաբաղի հիշատակում՝ որպես քաղաքական միավորի։ Մի խոսքով, ամեն ինչ Ալիևի ոգով է։

Շառլ Միշելն, ըստ երևույթին, հույս ունի, որ Բաքուն կներկայացնի ինչ-որ առաջարկներ, որոնք գոնե երևութականություն կստեղծեն, թե Ադրբեջանը պատրաստ է ապահովել արցախցիների նվազագույն իրավունքները, ինչպես նաև նրանց անվտանգությունը: Երևանը կփորձի սակարակելով կորզել քիչ ավելին, բայց հիմնականում կհամաձայնի, քանի որ Փաշինյանը «խաղաղ օրակարգն առաջ տանելու մանդատ» ունի, և այդժամ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Պայմանագիր, որի համաձայն Երևանը կճանաչի Արցախն Ադրբեջանի մաս, իսկ վերջինս պարտավորություն հանձն կառնի չսպանել արցախահայությանը առանձնակի դաժանությամբ ու տեղահանել ոչ այնքան բռնի։ Դե, մոտավորապես նման մի բան։

Բայց այդօրինակ պայմանագրի ստորագրումը կնշանակի ոչ միայն այն, որ Երևանը Բաքվի նկատմամբ դժգոհություններ չունի՝ կապված 2020-ի պատերազմի հետ, ի խախտումն Մինսկի խմբի հետ համաձայնեցված խաղաղ կարգավորման սկզբունքի, և ոչ միայն այն, որ Արցախը կդադարի քաղաքական միավոր լինել։ Տրամաբանորեն կդրվի նաև տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության հարցը, որն այստեղ է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն։

Հիշեցնենք, որ ըստ հայտարարության՝ խաղաղապահ զորախումբը տարածաշրջանում տեղակայված է հինգ տարի ժամկետով, որից հետո նրա լիազորություններն ինքնաբերաբար երկարաձգվում են ևս հինգ տարով, եթե ստորագրող կողմերից մեկը ժամկետի ավարտից կես տարի առաջ չառաջադրի զորակազմի դուրսբերման հարցը:

Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի, այսինքն կողմերը փոխադարձ պահանջներ չունենան, Բաքուն պարտավորվի հետևել, որ արցախցիների իրավունքները չոտնահարվեն, իսկ Երևանը ձևացնի, թե հավատում է դրան, ապա հասկանալի է, որ երկու տարի անց ռուսական խաղաղապահ զորախումբը կհեռանա տարածաշրջանից։

Դրան կհաջորդի նաև Հայաստանում ռուսական ռազմակայանի հարցը, Ռուսաստանի ազդեցությունն տարածաշրջանում ընդհանուր առմամբ կթուլանա, և հենց դա է այսօր, եկեք ճիշտը խոսենք, եվրոպական դիվանագիտության գլխավոր նպատակը տարածաշրջանում, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցը։

Այդ խնդիրն արևմտյան (ավելի կոնկրետ՝ անգլիական) դիվանագիտության կողմից հետամտվել է միշտ, իսկ կյանքի կոչվելու հնարավորություն ստացել 2018-ին. այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկին հայտնվեցին Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը, և հիմա բոլոր հիմքերը կան ակնկալելու, որ այդ քաղաքական գիծը մոտ է վերջնուղի ելնելուն։

Ի՞նչ խոչընդոտներ կան իրականացման ճանապարհին։ Ինքը՝ Արցախը և Փաշինյանին դիմակայող ընդդիմությունը։ Արցախի հարցերը կարելի է լուծել վերջին փուլում։ Գլխավորը՝ հաշվեհարդար տեսնել ընդդիմության հետ։

Նկատենք, ի դեպ, որ հուլիս-օգոստոս ամիսները շատ հաջող են խորշելի համաձայնագրեր ստորագրելու համար։ Ամառ, շոգ, արձակուրդների սեզոն ու ֆուտբոլի աշխարհի առաջնություն.... Ամենահարմար ժամանակն է զազրելի գործեր գլուխ բերելու համար։

Եթե մինչ այդ հաշվեհարդար տեսնեն ընդդիմության հետ և ստիպեն նրան դադարեցնել քաղաքացիական անհնազանդության իր ակցիաները, երթերն ու հանրահավաքները, ապա ամեն ինչ կգնա հալած յուղի պես։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում մենք ականատես կլինենք ընդդիմության դեմ իշխանությունների սաստիկ գրոհին։ Նրան վարկաբեկելու համար գործի կդրվի ամեն ինչ. մանիպուլյացիաներ, կոմպրոմատներ, շինծու քրեական գործեր, սադրանքներ... Ըստ էության, արդեն իսկ տեսանելի է, որ բրյուսելյան հանդիպումից հետո գործընթացը թափ է հավաքում։