ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆՈՒՄ ՊՏՂԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾՈՒՀՈՒ ՀՆԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Կարմիր ծովի ափերից ոչ հեռու հայտնաբերվել է գերեզմանոց, որն օգտագործվել է մոտ հինգ հազար տարի առաջ։ Հնագետները որոշ նշաններով պարզել են, որ գերեզմանոցը նաև սրբավայր է եղել, որտեղ մարդիկ եկել են աստվածներին երկրպագելու։ Սա տեղի է ունեցել առնվազն հազարավոր տարիներ, հետազոտողները սրա մասին իմացել են ածխածնային անալիզի շնորհիվ:

Այդ ժամանակաշրջանի թաղման սովորույթները բավական էկզոտիկ են եղել՝ նախ մարմինը թաղել են գերեզմանում, իսկ հետո, երբ այն քայքայվել է, ոսկորները հավաքել ու տեղափոխել են թաղման խուց՝ հանգուցյալին ուղեկցող իրերի հետ միասին։ Այդպես են վարվել բոլորի մարմինների հետ՝ սկսած հինգ տարեկանից։

«Ամենայն հավանականությամբ, յուրաքանչյուր խուց օգտագործվել է նույն ընտանիքի անդամների համար՝ որպես մի տեսակ դամբարան»,- ասում են հնագետները, ովքեր ուսումնասիրել են գերեզմանոցը:

Հայտնաբերվել են բնական նյութերից պատրաստված բազմաթիվ արտեֆակտներ և զարդեր՝ խեցիներ, կիսաթանկարժեք քարեր և կերամիկա: Մասնագետների առանձնահատուկ ուշադրությունն են գրավել քարե հարթակները՝ այնտեղ տեղադրված փայտե կուռքերի մնացորդներով։

Դրանց համար օգտագործվել է այդ տարածքին ոչ բնորոշ գիհու ծառ, որը ակնհայտորեն հատուկ է դրվել այնտեղ։ Սա կարող է լինել պտղաբերության աստվածուհու՝ Աշերայի կերպարը, որին այն ժամանակ երկրպագել են։ Այլ վայրերում նույնպես հայտնաբերվել են զոհասեղանի նմանատիպ կառույցներ, ինչպես նաև գիհիից իրեր։

News.am