ԴՆԵԼ ՄԻՇԵԼԻ ՍԵՂԱՆԻՆ
Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների գրեթե 90%-ն անընդունելի է համարում Արցախի բնակչությանը Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակ տրամադրելը: Այս մասին են վկայում «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի ներկայացրած հետազոտության արդյունքները, հաղորդում Է Newsarmenia.am-ը։
Այսպես, այն հարցին, թե ընդունելի է արդյոք Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում, «միանշանակ անընդունելի է» պատասխան է տվել հարցվողների 83,3%-ը, «ավելի շուտ անընդունելի է»՝ 6%-ը: Ընդ որում տվյալ տարբերակը միանշանակ ընդունելի է համարել 1,5%-ը, ավելի շուտ ընդունելի՝ 2,9%-ը, դժվարացել է պատասխանել 6,4%-ը: «Ճնշող մեծամասնությունը՝ գրեթե 90%, նշել են, որ այդ մոտեցումն իրենց համար անընդունելի է»,- ասաց Նավասարդյանը:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Հայաստանի ճնշող մեծամասնության համար անընդունելի մոտեցումը Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից բերեց դեռ ապրիլին։ Այն ժամանակ, վերադառնալով Երևան, նա հայտարարեց, թե միջազգային հանրությունը պնդում է «իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»։ Սկզբունքորեն այս հարցման արդյունքները կարելի է անվանել հայ հասարակայնության պատասխան նույն այդ «միջազգային հանրությանը»։ Այդ արդյունքները պետք է դրվեն բնավ ոչ Փաշինյանի կամ Ալիևի սեղանին։ Նրանց պարագայում ամեն ինչ պարզ է։ Փաշինյանը հասարակական կարծիքն իսպառ անտեսում է, իսկ Ալիևն այդ 90%-ին կհամարի ռևանշիստներ ու ֆաշիստներ։
Այդ արդյունքները պետք է դրվեն, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի սեղանին, որը բառացիորեն օրերս հրճվում էր Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումով, անվանելով դա «շոշափելի առաջընթաց» Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո։ Հրճվանքը, նկատենք, արտահայտվում էր Բաքվից հնչող հերթական ագրեսիվ հայտարարությունների, հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի հերթական սադրիչ գործողությունների խորապատկերին։ Իսկ Երևանում հազարավոր ոստիկաններ բարբարոսաբար ցրում էին նրանց բողոքի ակցիաները, ում համար անընդունելի է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումը։ Արժե, որ հայ-ադրբեջանական գործընթացում գլխավոր միջնորդի դերին հավակնող Եվրոպական խորհրդի նախագահը հրճվելուց առաջ ծանոթանա և՛ «շոշափելի առաջընթացի» խորապատկերին, և՛ Հայաստանում հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքներին։
Գործնականում այն ժամանակից ի վեր, ինչ ձևավորվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, այն պահից ի վեր, երբ դրա ձևաչափով սկսվել են բանակցությունները ղարաբաղյան կարգավորման շուրջ, անխտիր բոլոր միջնորդները նախանձելի հետևողականությամբ կողմերին կոչ են արել նախապատրաստել իրենց հասարակություններին խաղաղության: Դրա տրամաբանությունը պարզ էր։ Պետությունների ղեկավարներն արդյունքում կարող են գալ փոխզիջումներ ենթադրող համաձայնության։ Բայց անհրաժեշտ է, որ հասարակությունները պատրաստ լինեն ընդունել այդ փոխզիջումները՝ իրական խաղաղության հասնելու համար։ Մինչդեռ հիմա ամեն ինչ արմատապես փոխվել է։ Միջնորդ մայրաքաղաքներից արդեն չեն հնչում ժողովուրդներին խաղաղ գոյակցության նախապատրաստելու կոչեր։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում պաշտոնական Բաքվի ռազմատենչ ագրեսիվ հռետորաբանությանը։ Ոչ ոք չի դատապարտում Ալիևին այն բանի համար, որ նա պարբերաբար սպառնում է ներխուժել Հայաստանի մայրաքաղաք, իսկ իր համաքաղաքացիներին, խաղաղության նախապատրաստելու փոխարեն, համոզում, թե Երևանը նույնպես ադրբեջանական է։ Փաշինյանը՝ իր հերթին, հասարակության մեջ առաջ է մղում ոչ թե խաղաղություն, այլ հայոց պետականության կապիտուլյանտություն։ Բայց հասարակությանն այդպես չեն պատրաստում խաղաղության։ Այդպես ժողովուրդներին պարտադրում են խաղաղություն՝ փորձելով կոտրել նրանց կամքն ու ազգային արժանապատվության զգացումը: Դրա լավագույն հաստատումը «GALLUP International Association»-ի հարցման արդյունքն է, որը վկայում է այն մասին, որ Հայաստանի բնակչության 90%-ն այնուամենայնիվ պահպանում է այդ կամքն ու արժանապատվությունը։ Այդ մասին պետք է իմանա Շառլ Միշելը՝ նախքան հայ-ադրբեջանական մերձեցման ակտերը գնահատելը։
Թեպետ, պետք է ընդունել, որ իրականում 90%-ը շատ քիչ է։ Ուղղակի խայտառակություն է, որ հարցվողների 10%-ն այնուամենայնիվ տատանվում է Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակով Արցախի հեռանկարի առնչությամբ։ Ահավասիկ այդ արդյունքը պետք է դրվի ողջ հայ ժողովրդի սեղանին…