ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԼՐԱՑԱՎ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԵԿ ԱՄԻՍԸ

Եթե ընտրություններ անցկացվեին առաջիկա կիրակի օրը…

Մայիսի 1-ին Սուրբ Աննա եկեղեցու հարևանությամբ գտնվող բակերից մեկում մեկնարկեց «Ստոպ Նիկոլ» շարժումը, մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 16-ին մեկնարկեց բազմահազարանոց հանրահավաք՝ դիմադրության շարժման անդամների մասնակցությամբ, որոնք եկել էին Տիգրանաշենից, Ապարանից, Սարդարապատից, Իջևանից։

ՄԻ ԱՄԲՈՂՋ ԱՄԻՍ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ՓՈՂՈՑՈՒՄ։ Նրանք այսօր էլ գլխավորում են ռեժիմի դավաճանական ծրագրերին ցուցաբերվող փողոցային դիմադրությունը։

Ողջ ամսվա ընթացքում (նույնիսկ բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո, որը վերջնականապես մերկացրեց Փաշինյանի դավադիր ծրագրերը) «ուսապարկերը» վկայակոչում էին 680 հազար թիվը։ Փաշինյանի դավաճանական քաղաքականության կողմնակիցները շատ լավ հասկանում են, որ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեին առաջիկա կիրակի օրը, ապա Նիկոլի կուսակցությունը չէր ստանա այդ ձայների նույնիսկ մեկ երրորդը։ Այդ թիվը բնավ պատահաբար չէ դարձել շահարկումների առարկա. «ուսապարկերը» բացահայտ ակնարկում են, թե 680 հազար ընտրողներ իրենց ձայնը տվել են Փաշինյանին, որպեսզի նա ստորագրի փաստաթուղթը Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի իրավասությանը խաղաղ հանձնելու մասին, իբր՝ Փաշինյանը մեղավոր չէ, նա լոկ կատարում է ընտրողների կամքը։

Իրականում 680 հազար ընտրողները ոչ մի բանում մեղավոր չեն, քանզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում սևով սպիտակի վրա նշված է Արցախի դեօկուպացիային հասնելու խոստումը։ Ստացվում է, որ հունիսի 20-ին Նիկոլը խաբել է ժողովրդին։ Այս խաբեությունն առաջացրել է լեգիտիմության ճգնաժամ, որը խորանում է օրըստօրե, և արդյունքում կհանգեցնի ռեժիմի տապալմանը։ Անցած ամիսը ցույց տվեց, որ ընդդիմությանը հաջողվել է արթնացնել ժողովրդին, մոբիլիզացնել նրան պայքարի։ Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ակցիան ցույց տվեց դա առավել քան ակներևաբար. Հրապարակն ամբողջությամբ լույսերի ծով էր դարձել ներկաների հեռախոսների լապտերիկներից։ Այդ բազմահազարանոց ակցիան ամփոփեց անցած ամսվա պայքարի արդյունքը:

Այս պայքարն անհնար է կասեցնել ոստիկանական տեռորով ու բռնաճնշումներով, վաղ թե ուշ այն կհանգեցնի ռեժիմի տապալմանը։ Մայիս ամիսը ցույց տվեց դա միանգամայն հստակ։ Առաջին Հանրապետության հերթական տարեդարձին նվիրված ակցիաներից հետո ռեժիմի պարագլուխն ու նրա խունտան հիստերիայի մեջ են ընկել։ Այդ մասին տեղեկություններ սկսեցին ստացվել արդեն կիրակի օրը…

Ընդդիմությունը կվերադառնա՞ խորհրդարան

Խոսակցություններն այն մասին, որ ընդդիմությունը կարող է վերադառնալ խորհրդարան, ցուցադրական չարախնդանք առաջացրեցին «ուսապարկերի» միջավայրում. իբր՝ ոչ մի բանի չհասան, դրա համար էլ վերադառնում են։

Այդ հանրությանն ամենից շատ հուզում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի վերադառնալ-չվերադառնալու հարցը։ Նա, ինչպես հայտնի է, հայտարարել է, որ կհրաժարվի մանդատից, եթե փողոցային պայքարը չհասնի դրված նպատակին, այսինքն՝ չհանգեցնի Փաշինյանի հրաժարականին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն օրերս չբացառեց, որ ընդդիմությունը կվերադառնա խորհրդարան՝ սեփական օրակարգն իրականացնելու համար: Նա չբացառեց նաև, որ խորհրդարանի պատերի ներսում այդ օրակարգի իրականացմանը կմիանա նաև Վանեցյանը։

Գյումրիից նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կստանա մանդատը Վանեցյանի հրաժարման դեպքում, քանի որ զբաղեցնում է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ անցողիկ տողը: Այդ առնչությամբ պատասխանելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցերին՝ Գրիգորյանն ընդգծել է, որ աննպատակահարմար է համարում Վանեցյանի հրաժարումը մանդատից: «Այդ խոսակցություններն անտեղի եմ համարում, իմաստ չեմ տեսնում մանդատից Արթուր Վանեցյանի հրաժարման մեջ։ Այսօր պատգամավորական մանդատն ու անձեռնմխելիությունն անհրաժեշտ են Վանեցյանին։ Եթե ես իմաստ չեմ տեսնում մանդատից նրա հրաժարման մեջ, ուրեմն բոլոր խոսակցություններն այն մասին, որ ես կարող եմ վերցնել մանդատը, անիմաստ են», - հայտարարեց նա։

Ընդդեմ խաղաղապահների և ռուսական 102-րդ ռազմաբազայի

«Ուսապարկերը» սպառնում են մանդատազրկման ընթացակարգ անցկացնել՝ լիագումար նիստերից անհարգելի պատճառով բացակայելու համար: Նրանք փորձում են ընդդիմության հնարավոր վերադարձը խորհրդարան ներկայացնել իբրև սեփական անկարողության ընդունում։

Իրականում եզրակացություններ անելու համար դեռ վաղ է, մայիսի իրադարձությունները կարող են անսպասելի արձագանք ստանալ նոր ուժով և հանգեցնել ցանկալի արդյունքին հաշված օրերի, իսկ գուցեև ժամերի ընթացքում։ Ընդդիմությանը հաջողվեց մոբիլիզացնել զանգվածներին ազգային շահերի դավաճանության դեմ պայքարելու համար, և դա է անցած ամսվա գլխավոր արդյունքը։ Փողոցային պայքարը շարունակվելու է նաև ընդդիմության խորհրդարան վերադառնալուց հետո, դավաճանությանը դիմադրելու մեխանիզմը գործարկված է, այն անհնար է կասեցնել

2018-ի ապրիլին զավթելով իշխանությունը, Փաշինյանն անմիջապես սկսեց թուլացնել բանակն ու սպառնալիքի տակ դրեց համագործակցությունը ՌԴ-ի և Իրանի հետ։ Բանակը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքերով, քանդում էին կադրային քաղաքականության և ելակի ու ներքնազգեստի գերիշխող դերի մասին քարոզների միջոցով: Նրա խոսքերով, պետականության փլուզումը ենթադրում էր Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկում, ավանդական կրթության հիմքերի ոչնչացում և հայ ընտանիքի ավանդույթների փլուզում:

Մինասյանն ընդգծել է, որ ոչնչացման է ենթարկվել հայ հասարակության համար անչափ կարևոր «հարգանքի ինստիտուտը»։ Վարչապետի պաշտոնում որպես առաջին քայլ Փաշինյանը լուծարեց Սփյուռքի նախարարությունը, մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունները։ Փաշինյանի կադրային քաղաքականության մեջ գերիշխում է վաղեմի սկզբունքը. «Թեկուզ շվաբր լինի, միայն թե՝ ՀՀՇ-ից»։ Այդ սկզբունքը նախքան 44-օրյա պատերազմի սկսվելը փլուզեց պետկառավարման ողջ համակարգը։ «Պատերազմի ժամանակ ոչ մի պետական կառույց արդյունավետ չի աշխատել»,- փաստել է Մինասյանը:

Փաշինյանի գործողությունները պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում վկայում են այն մասին, որ Արցախի Հանրապետության դեմ պայմանավորված 44-օրյա ագրեսիայի և 2021թ.մայիսի 12-ից Հայաստանի տարածքի 45 քառ. կմ-ի պայմանավորված բռնազավթումից հետո եկել է պայմանավորված սահմանազատման հերթը։ Առջևում հրաժարումն է Արցախի պահպանված հատվածից։ Փաշինյանը չհասցրեց ամբողջությամբ հանձնել Արցախը պատերազմի ժամանակ. Ռուսաստանը, կռահելով նրա ծրագրերը, խաղաղապահներ մտցրեց։ Այսօր Փաշինյանն ու Ալիևը հավաքական Արևմուտքի միջնորդությամբ անում են ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը դուրս բերի զորքերն Արցախից։ Արևմուտքը թքած ունի, թե ինչ կլինի Արցախի և Հայաստանի հետ. կարևորը, որ Արցախում չլինեն ռուս խաղաղապահներ, իսկ Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմակայան։ Հավաքական Արևմուտքի միջնորդական ջանքերն ուղղված են խաղաղապահների և ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ:

Փողոցային պայքարը շարունակվում է, և արդեն այնքան էլ կարևոր չէ, թե ինչքան մարդ կա փողոցում. 50-100 հազար, թե ավելի քիչ. գլխավորն այն է, որ ժողովուրդը պայքարի է ելել գիտակցաբար։ Ազգային-ազատագրական պայքարը գնալով հզորանում է, իշխող ռեժիմը լեգիտիմության ճգնաժամ է ապրում, շատ շուտով Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս կգա ողջ ժողովուրդը։