ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

Հայաստանում միջին աշխատավարձը 2018 թվականից աճել է 60 հազար դրամով կամ 34,4%-ով։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում 2021 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

«Միջին աշխատավարձը 2018 թվականին եղել է 173 հազար 996 դրամ, 2021 թվականին եղել է 233 հազար 965 դրամ, այսինքն՝ տեսնում ենք, որ 60 հազար դրամով միջին աշխատավարձն աճել է, աճը կազմել է 34,4 տոկոս»,- նշել է նա։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԻՆՉՊԵՍ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԶԱՐՄԱՑՐԵՑ։ Թող ավելի լավ է հիշեր, թե ինչպես էր նույն այդ 2018- ին ասում, թե իբր երկրի տնտեսությունը պատրաստվում է թռիչքի, իսկ «ուղևորների» գլուխը թլսորում էր աղքատությունն արմատախիլ անելու խոստումներով։ Ասենք, տվյալ հայտարարությամբ Փաշինյանը չի զարմացնում այն պատճառով, որ Հայաստանի պատմության վերջին երեք տասնամյակների ընթացքում եղել են քառամյա ժամանակահատվածում միջին աշխատավարձի ցուցանիշի աճի շատ ավելի շոշափելի տեմպեր։ Բայց այդ մասին՝ քիչ անց. Իսկ մինչ այդ ուշադրություն դարձնենք նախորդ տարվա ընթացքում աշխատավարձերի աճին վերաբերող մի շատ հետաքրքիր նրբության վրա։ Հավանաբար, հենց այդ նրբությունն է գաղտնազերծում աշխատավարձային «հաջողության» բանաձևը, որով հպարտանում է այս իշխանությունը։

Նախորդ տարվա հունվարին Հայաստանում միջին աշխատավարձը, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, կազմել է 192 հազար դրամ։ Հաջորդ 10 ամիսների ընթացքում այն աստիճանաբար, և ամենակարևորը՝ սահուն աճել է, նոյեմբերին հասնելով 202 հազար դրամի։ Սակայն դեկտեմբերին իսկական հրաշք կատարվեց. այդ ցուցանիշը միանգամից հասավ 255 հազար դրամի։ Դրան հարկ է ավելացնել ևս մի փոքր նրբագիծ. պետական մասնահատվածում աշխատավարձի դեկտեմբերյան աճն առավելևս «թռիչքային» էր՝ հունվարին 164 հազարից մինչև 178 հազար դրամ՝ նոյեմբերին, իսկ դեկտեմբերին՝ ցատկ մինչև 244 հազար դրամի։ Այսինքն մեկ ամսում (դեկտեմբերին) աշխատավարձերը պետական մասնահատվածում աճել են 37%-ով, մինչդեռ մնացած ողջ տարվա ընթացքում աճը կազմել է ընդամենը 8%։

Առաջին հայացքից ակնհայտ է աշխատավարձերի աճի անոմալ դինամիկան։ Իրականում դա անոմալ է այնքանով, որքանով անոմալ է այս կառավարության «պարգևավճարային» քաղաքականությունը։ Դեկտեմբերը պարգևավճարներ բաժանելու ամենաակտիվ ժամանակահատվածն է։ Ըստ էության, հենց դա է դեկտեմբերյան աշխատավարձային «հրաշքի» ողջ առեղծվածը։ Այլ հարց է, թե որտեղի՞ց այդքան փող՝ պարգևավճարներ բաժանելու համար։ Նամանավանդ հետպատերազմյան և հետկովիդային բյուջեում։ Այս հարցի պատասխանը հեշտ է գտնել ֆինանսների նախարարի խոսքերում, որոնք հնչեցին կրկին իսկ խորհրդարանում։ Տիգրան Խաչատրյանը, մասնավորապես, նշեց, որ նախորդ տարի Հայաստանի պետական պարտքն աճել է 6,4%-ով։ Թերևս սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ միջին աշխատավարձի աճի պատճառների և այդ աճն ապահովող ֆինանսական աղբյուրների մասին։

Իսկ հիմա Փաշինյանի պարծանքի առարկայի՝ 4 տարում աշխատավարձերի 34-տոկոսանոց աճի մասին։ Իրականում պարծենալու բան նա չունի։ Նախ, սպառողական գների ահռելի աճը նույն ժամանակահատվածում գործնականում «խժռեց» բարձրացած աշխատավարձերը։ Միայն անցած տարի, միայն պաշտոնական վիճակագրության համաձայն, գների աճը կազմել է 7%: Երկրորդ. համեմատության համար արժե մի փոքր անդրադարձ կատարել անցյալին՝ երկրորդ և երրորդ նախագահների կառավարման տարիներին։ Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման առաջին քառամյակի ընթացքում միջին անվանական աշխատավարձը Հայաստանում աճել է գրեթե կրկնակի (22 հազար 700 դրամից հասնելով 43 հազար 445 դրամի)։ Սերժ Սարգսյանի կառավարման առաջին չորս տարիներին աճը կազմել է 24%, նույնիսկ այն դեպքում, երբ դա գլոբալ ֆինանսատնտեսական աննախադեպ ճգնաժամի ժամանակաշրջանն էր։ Երրորդ. Փաշինյանի ներկայացրած թիվը տարբերվում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած թվից։ Այսպես, Փաշինյանական քառամյա թավշե ժամանակահատվածում միջին անվանական աշխատավարձը երկրում աճել է 18, այլ բնավ ոչ 34,4%-ով։

Ուրեմն ինչո՞վ կարող է հպարտանալ Փաշինյանը։ Թերևս միայն՝ թվերով մանիպուլյացիաներ անելու իր ունակությամբ։ Այդ հարցում նա իսկապես բացառիկ է և աննախադեպ։