«Դիմադրություն» շարժում․ Ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք
Ըստ պաշտոնական տվյալների` մինչ օրս «Դիմադրություն» շարժման ավելի քան 2100 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ։ Այս տեղեկությունը ֆեսբուքյան իր էջում գրել է «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նա, սակայն, նշել է, որ ոչ բոլոր բերման ենթարկվածներն են փաստաթղթավորվել ոստիկանության կողմից։ Իրականում բերման ենթարկվածների թիվը մոտ 2500 հոգի է:
«Ապրիլի 25-ից սկսած՝ ձերբակալվել են 48 արժանապատիվ քաղաքացիներ։ Նրանցից 24-ը կալանավորվել են։ Հենց այս պահին էլ դատարանները քննում են կալանքի միջնորդություններ։ Փաստ է, որ «ժողովրդավարության բաստիոնում» կան մոտ 5 տասնյակ քաղբանտարկյալներ (ներառյալ մինչև շարժումը կալանավորվածները)։ Ձերբակալված և կալանավորված քաղաքացիների մեղադրանքները անհիմն են կամ ոչ իրավաչափ»,–գրել է Սաղաթելյանը:
Նա ընդգծել է, որ թեև ամբողջ համացանցն ու մամուլը ողողված են «ոստիկանների ապօրինությունների, վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի փաստերը հաստատող կադրերով», բայց ոչ մի ոստիկան մինչ այս պահը պատասխանատվություն չի կրել իր արարքների համար։
«Եվ սա էլ է խոսուն փաստ «նիկոլական ժողովրդավարության» մասին»,–գրել է Սաղաթելյանը։
Նա նաև հայտնել է, որ վաղը ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
«Մենք պետք է ցույց տանք, թե ով է Հայաստանի իրական տերը։ Մենք պետք է ցույց տանք, թե որոնք են Հայաստանի իրական արժեքները։ Մենք պետք է ցույց տանք, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ»,–գրել է«Դիմադրություն» շարժման անդամը։
Sputnik Արմենիա