ՏՈՄՍ՝ ՄԵԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը, 2011թ. մարդահամարի հիման վրա ընթացիկ հաշվարկի տվյալներով, 2022-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 961,6 հազար մարդ՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված 2 միլիոն 963,9 հազար մարդու համեմատ, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

Այդ մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։ Հայաստանի քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 891,4 հազար բնակիչ, ընդ որում Երևանում ապրում է 1 միլիոն 93,2 հազար մարդ: Գյուղական համայնքների բնակչության թիվը կազմում է 1 միլիոն 70,2 հազար մարդ:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. չնայած երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների անհամարժեք-լավատեսական գնահատականներին, այդ վիճակի այնպիսի բնութագրիչը, ինչպիսին ժողովրդագրական իրավիճակն է, շարունակում է տագնապալի միտումներ ցուցաբերել: Հայաստանի քաղաքացիների թիվը Հայաստանում նվազում է ամսեամիս։ Եվ այդ մասին վկայում են ոչ միայն վերոնշյալ ցուցանիշները, որոնց համաձայն մեկ տարվա ընթացքում մշտական բնակչության թիվը կրճատվել է 2300-ով։ Կան նաև այլ, ոչ պակաս պերճախոս թվեր։

Հենց նույն վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին ծնվածների թիվն ավելի քիչ է եղել, քան մահացածներինը։ Այսպես, ծնվել է 10665 մարդ, իսկ մահացել՝ 10700։ Տարբերությունը, իհարկե, մեծ չէ։ Իսկ այ խնդիրն ահռելի է։ Այն ամփոփված է նրանում, որ բնակչության բնական աճ չկա։ Ավելին, այդ ցուցանիշը նույնիսկ բացասական է։ Եվ սա հերթական անգամ ահազանգում է այն մասին, որ մեր թվաքանակը նվազում է։ Ի դեպ, անցած տարի նույնպես պատկերը համանման էր։ 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին մահացությունը գերազանցել է ծնելիության մակարդակը։ Ըստ էության, գործ ունենք բնակչության բնական աճի առումով բացասական միտման հետ։

Կրկին իսկ՝ ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին մաքսակետերով Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվն ավելի մեծ է, քան ժամանածներինը։ Այսպես, երկրից դուրս է եկել 281 հազար մարդ, իսկ մտել՝ 260 հազար։ Ըստ էության, 21 հազարը չեն վերադարձել։ Այս ցուցանիշը զարմանալի է նրանով, որ նախկինում մարդիկ Հայաստանից հեռանում էին հիմնականում արտասահմանում ավելի լավ կյանքի որոնումներով։ Սակայն այժմ, Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկսվելուց և ողջ աշխարհում ծավալված դրա սոցիալ-տնտեսական գլոբալ հետևանքներից հետո, արտասահմանում, մեղմ ասած, այնքան էլ լավ չէ, որքան նախկինում։ Բայց ինչ աստիճան ծանր է այսօր մարդկանց կյանքը Հայաստանում, եթե այդ գործոնի առկայությամբ հանդերձ՝ նրանք նախընտրում են մեկնել երկրներ, որտեղ պատերազմ է, տնտեսական ճգնաժամ, տոտալ թանկություն, պարենային խնդիրներ և այլն։ Այդ ինչ աստիճան են մարդիկ ցանկանում դուրս պրծնել այստեղից, որ չեն էլ մտածում, թե ուր են մեկնում։

Մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը չագուճը ձեռքին վազվզում էր երկրով մեկ ու լուսավոր ապագա խոստանում իր ընտրազանգվածին։ Մեկ տարուց էլ պակաս ժամանակ պահանջվեց նրան, որպեսզի հերթական անգամ ապացուցի. իր և իր կառավարության օրոք Հայաստանին ու նրա քաղաքացիներին սպասվում է միայն մեկ ապագա՝ դժոխային։ Սոցիալ-տնտեսական դժոխային վիճակ, հայկական կենսատարածքի դժոխային կրճատում՝ այս իշխանության կողմից թշնամուն ընծայվող տարածքային շռայլ նվերների հաշվին, բնակչության անվտանգության դժոխային սպառնալիքներ, օրենքների և մարդու իրավունքների դժոխային ոտնահարում... Թվարկել այն ամենը, ինչի պատճառով մարդիկ գերադասում են հեռանալ Հայաստանից, իմաստ չունի։ Այդ գործոններն ակնհայտ են երկրի կյանքի բոլոր ոլորտներում ու բնագավառներում, որը (կյանքը) Փաշինյանն ու իր թիմը անտանելի են դարձնում տասնյակ հազարավոր քաղաքացիների համար։ Այն Փաշինյանը, որը երկու տարի առաջ հեքիաթներ էր պատմում այն մասին, թե 30 տարի անց Հայաստանի բնակչության թիվը հասնելու է 5 միլիոնի։