ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԵՎԱՆՆԵՐՈՎ

«Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը համեմատել է Փաշինյանի քաղաքականությունը Տեր-Պետրոսյանի քաղաքականության հետ։

Վարդանյանը հիշեցրեց Դաշնակցության անդամների դեմ Լեվոնի հալածանքների մասին. նույն գիծը շարունակում է Նիկոլը։ Տեր-Պետրոսյանը համաձայնություն էր հայտնում Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում, նույն գիծը շարունակում է Նիկոլը։ Տեր-Պետրոսյանի օրոք ընթանում էր տնտեսության փլուզում ու քիրվայություն, նույնն էլ տեսնում ենք Նիկոլից, որի եղբայրը, Ռուսաստանից Հայաստան վերադառնալով 2019-ին, այսօր «անսպասելիորեն» դարձել է տնտեսվարող 4 շահութաբեր սուբյեկտների տնօրեն, ընդ որում՝ վաղուց ու բնավ ոչ իր կողմից հիմնադրված։ Պետք է ենթադրել, որ բաժնեմաս է պոկել 50-50 սկզբունքով...

Ասվածին կարելի է հավելել, որ Տեր-Պետրոսյանի մոտ չստացվեց, Նիկոլի մոտ էլ ոչինչ չի ստացվելու, թեև, այո, ժառանգորդությունն ակնհայտ է։ Գեղամ Մանուկյանը Տեր-Պետրոսյանի օրոք նստած էր ճաղերի հետևում, այսօր ձերբակալված է նրա որդին՝ Տարոնը։ Տեր-Պետրոսյանի օրոք հետապնդվում էին ՀՅԴ անդամների հետ կապված ԶԼՄ-ները, այսօր շարունակական հարձակումներ են ընթանում ընդդեմ «Երկիր մեդիայի»։ Տեր-Պետրոսյանի օրոք ձերբակալվում էին Արցախում կռված ՀՅԴ-ականները։ Նիկոլի օրոք միտումը շարունակվում է, վերջերս անարգանքներով ձերբակալվեց արցախյան երեք պատերազմների մասնակից Գեորգի Արիստակեսյանը։ Նա արդեն ազատության մեջ է, բայց իր ընկերներից շատերը դեռևս բանտախցում են՝ անհեթեթ մեղադրանքներով: Վերջապես, Լևոնը 1996-ի ընտրություններից հետո մնաց իշխանության ղեկին՝ շնորհիվ իր կողմից վերահսկվող վարչական ռեսուրսի և ոստիկանության ու ԱԱԾ-ի իրեն հավատարիմ ղեկավարների աջակցության, Նիկոլն էլ առայժմ մնում է նույն ռեսուրսների շնորհիվ։

Տարբերությունն այն է, որ ի վերջո Լևոնը չվախեցավ հեռանալ։ Եվ հեռանալով՝ չփորձեց տարբեր հնարքներ հորինել. իբր՝ եկ հրաժարական տամ, բայց մնամ նախագահի պաշտոնակատար, որպեսզի վերահսկեմ ընտրությունները, օգտագործեմ վարչական ռեսուրսը և այլն... Տեր-Պետրոսյանը չվախեցավ կորցնել իշխանությունը, մինչդեռ Նիկոլը վախենում է ու երևի ճիշտ է անում, որ վախենում է։ Քանզի Հայաստանի բնավ ոչ մեղսազուրկ նախկին ղեկավարներից նրա տարբերությունն այն է, որ այնպիսի մասշտաբի դժբախտություններ է բերել Հայաստանի ու Արցախի գլխին, որ դատական հետապնդումից խուսափել անհնար է։

90-ականներին ՀՅԴ-ն էր Լևոնի դեմ ակցիաների շարժիչ ուժը. այսօր նույն պատկերն է։ Ընդդիմության քննադատները սիրում են վրդովվել, թե ահա, Նիկոլը մինչև հիմա չի հեռացել, թեև ընդդիմությունն արդեն այսքան ժամանակ փողոցում է... Այսքան՝ ինչքա՞ն։ Իհարկե, Նիկոլը չի ուզում հեռանալ արդեն նշված պատճառներով։ Բայց երբ հեռանա, բոլորը կմոռանան ընդդիմության ակցիաների «անարդյունավետության» մասին խոսակցությունները, ինչպես որ այսօր ոչ ոք չի հանդիմանում Տեր-Պետրոսյանի ժամանակների ընդդիմությանը այն բանի համար, որ վերջինս հեռացավ 1998-ի փետրվարին, այլ ոչ թե, ասենք, 1997-ի նոյեմբերին

ԳԼԽԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ: Այն ժամանակ՝ 90-ականների սկզբին, Երևանի հրապարակներում ու փողոցներում տեղի ունեցող հանրահավաքները, չնայած ձերբակալություններին և այլ հալածանքներին, թույլ չտվեցին Լևոնին հանձնել Արցախն ու չափազանց մեծ ճնշում գործադրել ԼՂՀ ղեկավարների վրա՝ իր պարտվողական ուղեգծի պարտադրումով։ Այսօր էլ թույլ չեն տա։ Մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես է իշխող վերնախավը, իր իշխանությունը երկարաձգելու ձգտումով, հանկարծ սկսել փոքր-ինչ այլ ձայնով խոսել, քան ընդամենը մեկ-երկու ամիս առաջ։ Նիկոլը հանկարծ որոշեց պարզաբանել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարներին, որ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում առանցքային է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը», իսկ Արարատ Միրզոյանի աչքերն այնպես բացվեցին, որ հայտարարեց Լավրովին. Անկարան, հակառակ իր իսկ հայտարարությունների, շարունակում է նախապայմանների մարտավարությունը երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում, կապակցելով դա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման հարցի հետ

Այդ ինչո՞ւ հանկարծ ի հայտ եկան նման գիտակցումն ու նույնիսկ այնպիսի անհավանական խիզախությունը, ինչպիսին Հայաստանի գլխավոր դատախազին Արցախ ուղարկելն է։ Այս թիմի համար իշխանությունն ամեն ինչ է։ Միայն իշխանական լծակներ ունենալն է երաշխավորում նրանց խուսափումն ազատազրկումից։ Եթե իշխանությունը պահելու համար նրանց պետք լինի հանձնել Արցախը՝ կհանձնեն։ Եթե իշխանությունը պահելու համար պետք լինի ողջ ուժով պայքարել Արցախի իրավունքների համար, կպայքարեն։ Այսօր Նիկոլն ու իր թիմը հանգել են այն եզրակացության, որ իշխանությունը պահելու համար պետք է «հայրենասիրություն» ավելացնել իրենց վարած քաղաքականությանը, քանի որ «Դիմադրությունը» թափ է հավաքում։

Իսկ դուք ասում եք, թե ընդդիմության ակցիաներն արդյունք չեն տալիս... Տալիս են, և առաջին հերթին՝ շնորհիվ անկոտրում երիտասարդության և նրանց, ովքեր իրենց դիմադրությունը ցուցաբերում են նույնիսկ բանտախցերից։